Գլխավոր Լրահոս

Մաքսային միությանը միանալուց հետո կտրուկ գնաճը բացառվում է. Սերժ Սարգսյան

Մաքսային միությանը միանալուց հետո կտրուկ գնաճը բացառվում է. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 14-ին այցելել է քաղաքաշինության նախարարություն, որտեղ շրջայցից հետո խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ: Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, խորհրդակցությանը Սերժ Սարգսյանը մասնակիցների խնդրանքով անդրադարձել է նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին:

Հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում Մաքսային միությանը Հայաստանի միանալուց հետո անխուսափելի կտրուկ գնաճի մասին տարածվող տեղեկությունները, որոնք հասարակության շրջանում անհանգստություն են առաջացնում, նախագահը վստահեցրել է, որ կտրուկ գնաճ լինել չի կարող՝ անկախ նրանից Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, թե ոչ: Սերժ Սարգսյանի խոսքով` որոշակի ապրանքներ կարող են էժանանալ, որոշները՝ թանկանալ, «բայց կտրուկ գնաճը բացառվում է»:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Մաքսային միությանն անդամակցությունը «բխում է հայ ժողովրդի շահերից, և խոսքը չի վերաբերում միայն տնտեսությանը»: «Կտրուկ գնաճի մասին և նմանատիպ ոչ հավաստի տարբեր տեղեկությունների տարածումը հանրապետության նախագահը անթույլատրելի է համարել և նշել, որ պատկան մարմիններն ակտիվորեն պետք է հրապարակային մեկնաբանություններ տան ցանկացած նմանօրինակ ապատեղեկատվության տարածման դեպքում և հանրությանն առավելագույնս ներկայացնեն իրականությունն ու ճշմարտությունը»,- ասված է նախագահականի տարածած հաղորդագրությունում:

«Մենք միշտ պետք է հիշենք, որ Հայաստանում արդեն ունենք մամուլի ազատության շատ բարձր աստիճան: «Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը» օրերս հրապարակեց աշխարհում մամուլի ազատության ցուցիչի վերաբերյալ 2014թ. զեկույցը, ըստ որի` Հայաստանի Հանրապետությունն առաջատար է մեր տարածաշրջանում` առաջ է իր բոլոր հարևաններից: Ըստ այդ զեկույցի` մենք մամուլի ազատությամբ գերազանցում ենք անգամ Եվրամիության որոշ երկրների՝ օրինակ, Հունաստանին, Բուլղարիային, էլ չեմ խոսում Վրաստանի, Ուկրաինայի և այլ երկրների մասին, որոնք համարվում էին ազատության, ժողովրդավարության կղզյակներ: Սա, իրոք, շատ լուրջ ձեռքբերում է: Եվ սա պատահական չի ստացվել: Մե՛ր ձեռքբերումն է»,- ասել է նախագահը` կարևորելով այս ուղղությամբ հետագա աշխատանքների կատարումը:

Ըստ Սերժ Սարգսյանի` մամուլի ազատությունը նաև նշանակում է, որ «մարդկանց որոշակի խմբեր՝ ելնելով իրենց նեղ անձնական կամ նեղ կուսակցական շահերից, ցանկացած լավ գործ կարող են հանրությանը ներկայացնել որպես վատ»:

«Նայեք՝ ի՞նչ է կատարվում մեր երկրում. որոշ հեռուստաընկերություններ, տպագիր օրաթերթեր, տասնյակ կայքեր, չորս խորհրդարանական կուսակցություններ, խմբակցություններ, բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցություններ, տասնյակ քաղաքական գործիչներ, որոնք նաև մասամբ նեղացածներ են իշխանություններից, առավոտից մինչև կեսգիշեր ցեխ են շպրտում, սևացնում են և՛ երկրում տեղի ունեցող իրադարձությունները, և՛ մեր աշխատանքը: Այս պարագայում, մենք, իհարկե, շատ ակտիվ պետք է լինենք, որպեսզի կարողանանք մեր ընդունած որոշումները հասցնել մեր հանրությանը, որպեսզի ունենանք նաև հասարակական աջակցություն, որպեսզի ունենանք հետադարձ կապ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում