Չարտագաղթելու այլընտրանքը «նվնվալն» է

Մեր եկեղեցին բոլոր առումներով տապալվել է: «Ոչ միայն հացիվ»-ը փաստորեն արդեն նվնվոց է: Երբ ազատամարտիկները կռվում էին առանց հացի պահանջի, առանց «նվնվոցի», առանց Սերժ Սարգսյանից պահանջներ ունենալու, ամեն ինչ «ոչ միայն հացիվ»-ի շրջանակներում էր:
Այդ մարդիկ իրենց կռիվը տվել են և ի հեճուկս ոմանց, մնացել կենդանի: Այդ մարդիկ այլ կռիվ չունեն, քանի որ ուղղակիորեն որևէ պատերազմական գործողության մեջ չներքաշված երկրի մարդն ուզում է ապրել: Եվ էթիկապես էլ հանցավոր է հնչում ազատամարտիկին, իր առողջությունը երկրին զոհաբերած մարդուն, հացի կարոտ մնացածին «նվնվոցի» մեջ մեղադրելը: Նշանակում է, որ քո և նրա կռիվը նույնը չեն եղել: Նշանակում է, նրանք կռվել են, երբ չգիտեին, թե ինչ բան էր նվնվալը, իսկ դու տեսել ես միայն նվնվոցներ:
Ըստ իս, այս արտահայտությամբ կամ Սերժ Սարգսյանը խաչ քաշեց Ղարաբաղի վրա, կամ հեղափոխության մեկնարկը տվեց: Նա արդեն ընտրության հնարավորություն չունի, նա պարզ ասաց, թե ինչ է «սպասում» այս ժողովրդից: Պարզ ասաց, որ «նվնվացողներն» այլևս անելիք չունեն ապագա կռվում, որ հաջորդ կռվողները նույնպես նվնվացողների շարքերն են համալրելու, նաև հասկացրեց, որ իրեն հետաքրքիր չեն բոլոր նվնվացողները: Ինքը չի ուզում, որ երկրում որևէ մեկը նվնվա: Չի ուզում որևէ լավ բան անի, բայց նաև, որ նվնվացողներ չլինեն: Իմ կարծիքով այս ամբողջ պատմության մեջ միակ մխիթարականն այն է, որ ինքը գիտի, թե ինչ է ասում: Ըստ իս, որոշ իմաստով ճիշտ է: Երբ ԵԿՄ-ականները բերանները ջուր առած նստում և լսում են, թե ինչպես է Սերժ Սարգսյանը վիրավորում իրենց ճակատակիցներին, երբ նրան կողքից ոչ մեկը չի ասում, թե դու՝ երկրի ղեկավարդ, ինչպե՞ս ես վիրավորում քո ողորմածության դաշտում գտնվող ՀՀ քաղաքացուն, նա կարող է ավելի վատ բաներ էլ ասել:
Հեղափոխությունը մեկնարկում է, երբ երկրի ղեկավարն արդեն չգիտի, թե ինչ է ասում: Նշանակում է՝ երկրի առաջին դեմքն իրեն դուրս է դրել պետությունից: Որովհետև բոլորը կարող են խոսել նվնվոցից, բացի նրանից, ավելի ճիշտ, հարկատուի փողերով աշխատավարձ ստացող ոչ մեկն իրավունք չունի իր ազատամարտիկին և մուրացկանին անվանել նվնվացող: Այդքանից հետո շատ խորհրդանշական է հնչում երկրի ղեկավարի «Մենք հո ախմախ չենք» արտահայտությունը: Ասողն ասել է՝ դու ասացիր: Որովհետև պետության մեջ բոլոր հասկացությունների մեկնարկային հերոսը քաղաքացին է: Դու չես կարող նրան անվանել նվնվացող ու դժգոհել, որ երկրում արտագաղթ կա, որ մթնոլորտը գաղջ է: Դու փաստում ես, որ էդ գաղջությունը չես կանգնեցնելու, որ իրականում բանաձևում ես արտագաղթը: Բոլորը հասկանում են, որ չարտագաղթելու այլընտրանքը «նվնվալն» է:
Այս մարդը բանաձևեց բոլոր ձախորդությունները, որ տեղի են ունեցել իր օրոք, բանաձևեց քաղաքացուն ուղղված «ոչխարը», լրագրողին ուղղված «անասունը»: Ամեն ինչ բանաձևված է: Առանց այսպիսի բանաձևերի քաղաքացին չի կարող «հագեցնել» հեղափոխությունը, որին արդեն Հայաստանի Հանրապետության սահմաններն էլ չեն հերիքում: Եվ ինչպե՞ս է այսպիսի բառապաշարով մարդը երդվել ոչ միայն Սահմանադրության, այլև՝ Աստվածաշնչի վրա: Դրանցից ոչ մեկում խոսք չկա այն մասին, որ առաջնորդ լինելուց հետո դու ավելի ազատ ես ուրիշին մեղադրելու, քան մեղադրվելու մեջ:
Մհեր Արշակյան










