1600 խսմ շարժիչով 2004թ. արտադրության Opel Astra ավտոմեքենայի մաքսատուրքը Մաքսային միությանն անդամակցելուց հետո կկազմի մոտ 3600 դոլար՝ ներկայիս 350-500 դոլարի փոխարեն։
Հայաստան ներկրվող ավտոմեքենաների կառուցվածքում 60%-ի մաքսային արժեքը չի գերազանցում 5000 դոլարը: Դա նշանակում է, որ ներկրված ավտոմեքենաների արտադրության տարեթիվը գերազանցում է տասը տարին։ Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանի ներքին շուկայում մեքենաների գները կարող են ավելի քան 50%-ով բարձրանալ։
Մաքսային միության տարածքում մաքսատուրքերն զգալիորեն տարբերվում են Հայաստանում գործող տուրքերից, և ներկայում Հայաստանը բանակցում է մի շարք ապրանքատեսակների գծով արտոնություններ ստանալու ուղղությամբ՝ ներքին շուկայում կտրուկ գնաճը կանխելու ուղղությամբ։ Ավտոմեքենաները նույնպես այն ապրանքների շարքում են, որոնց գները կարող են կտրուկ աճել: Սակայն հաշվի առնելով, որ ավտոմեքենաներն առաջին անհրաժեշտության ապրանք չեն, դրանց մաքսատուրքերի գծով արտոնություններ ստանալը հայկական կողմը չի դիտարկում առաջնային։
Թեև Հայաստանում ներկրված ավտոմեքենաներից գանձվող գումարները զգալի են, դրանք ավելի քիչ են, քան Մաքսային միության տարածքում։ Այսպես, Հայաստանում ներկայում ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքը 10% է, սահմանին վճարվում է 20% ԱԱՀ, ինչպես նաև բնապահպանական վճարներ՝ կախված մեքենայի արտադրության տարեթվից։ Արդյունքում մինչև 5 տարեկան մեքենաների մաքսազերծման գումարը կազմում է մեքենայի արժեքի 32%-ը, մինչև 10 տարվա մեքենաներինը՝ 34%-ը, 11-15 տարվա մեքենաներինը՝ 42%-ը, 15 տարուց հին մեքենաներինը՝ 52%-ը։
Մաքսային միությունում մաքսատուրքը 25% է, բայց կախված տարեթվից և շարժիչի հզորությունից՝ 1 խսմ-ի հաշվով գանձվում է 1-2.35 եվրո։ Ընդ որում, յոթ տարուց հին ավտոմեքենաների դեպքում մաքսատուրքը ավելանում է և հաշվվում է 1 խսմ-ի հաշվով:
Հաշվի առնելով Հայաստան ներկրվող ավտոմեքենաների ծագման երկիրը և դրանց տարեթվերը՝ կարելի է մոտավոր հաշվարկել, թե որքանով կթանկանան մեքենաները։ Այսպես, վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստան ներկրվող ավտոմեքենաների կեսից ավելին գերմանական արտադրության է (2013թ. ներկրված մոտ 42 հազ. ավտոմեքենաներից 22 հազ-ը եկել է Գերմանիայից), դրանց գերակշիռ մասի շարժիչի հզորությունը 1500-1800 խսմ է։ Մաքսային միության միասնական մաքսատուրքը 1500-1800 խսմ շարժիչի ծավալի և 7 տարուց ավելի տարիքի դեպքում 1 խսմ-ի համար 1,6 եվրո է։
Օրինակ, Հայաստանում շատ տարածված 1600 խսմ շարժիչով 2004թ. արտադրության Opel Astra ավտոմեքենայի մաքսատուրքը Մաքսային միությանը անդամակցելուց հետո կկազմի 2560 եվրո (մոտ 3600 դոլար), մինչդեռ ներկայում այն կազմում է մաքսային արժեքի 10%-ը՝ 350-500 դոլար։
Իսկ 10 տարվա Opel Astra-ի համար, որի մաքսային արժեքը 5100 դոլար է, վճարվում է 34% ընդհանուր մաքսային տուրքեր (1740 դոլար), այդ թվում 20% ԱԱՀ, և արդյունքում այդ ավտոմեքենայի գինը Հայաստանում կազմում է 6800 դոլար։
Մաքսային միություն մտնելուց հետո 5100 դոլար մաքսային արժեք ունեցող Opel Astra-ի համար անհրաժեշտ է լինելու վճարել 3600 դոլար մաքսատուրք, 1740 դոլար ԱԱՀ: Եթե նույնիսկ հաշվի առնենք, որ կվերացվեն բնապահպանական վճարները, ավտոմեքենաների վերամշակման տուրքերը, ապա Մաքսային միությանն անդամակցելուց հետո 2004թ. արտադրության Opel Astra-ի գինը ներքին շուկայում կկազմի 10500 դոլար: Պարզ ասած, տեղի է ունենալու ավտոմեքենաների առնվազն 50%-ով թանկացում։
Իհարկե, անդամակցելուց հետո հնարավոր է՝ տեղի ունենա ներկրվող մեքենաների ծագման երկրի փոփոխություն, ինչպես նաև ավտոպարկի թարմացում. Ռուսաստանում արտադրվում են ճանաչված ավտոարտադրողների (Toyota, Hyundai, BMW, Ford, Peugeot, Fiat, Volkswagen, Renault, Nissan, General Motors) մեքենաները, սակայն այդ երկրից Հայաստան ներկրված մեքենաների մասնաբաժինը ներկայում ընդամենը մոտ 5% է։ Գերմանիայից հետո ամենաշատ ավտոմեքենաները Հայաստան ներկրվում են Ճապոնիայից՝ ընդհանուրի մոտ 20%-ը:
Civilnet











