Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը չի բացառում, որ որոշ ապրանքատեսակներ կարող են վերանալ հայկական շուկայից:
Հայաստանում ներկայիս ապրանքային կառուցվածքի և ներկրման ծավալների պայմաններում Մաքսային միության միասնական մաքսադրույքների կիրառումը կապահովի լրացուցիչ մոտ 140 մլն դոլարի մաքսատուրքերի հավաքագրում։ Այս մասին փետրվարի 18-ին հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը՝ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին:
2013թ. Մաքսային ծառայություններն ապահով են 44,3 մլրդ դրամի (110 մլն դոլար) մաքսային մուտքեր: Չնայած մաքսատուրքերի հավաքագրումը կրկնակի կավելանա, էկոնոմիկայի փոխնախարար, Մաքսային միության հետ սակագնային կանոնակարգման աշխատանքային խմբի ղեկավար Գարեգին Մելքոնյանի խոսքով՝ մաքսատուրքերի կիրառումը կարող է բերել 1,4% գնաճի։ Նա նշեց, որ ներկայում դեռ վաղ է խոսել գների աճի մասին, քանի որ հայկական կողմը Մաքսային միությանը ներկայացրել է շուրջ 900 անվանում զգայուն ապրանքների ցանկ, որոնց մաքսատուրքերի մասով բանակցություններ են վարվելու՝ կիրառելու կա՛մ բացառություններ, կա՛մ ստանալու սակագնային քվոտաներ։ 900 անվանում զգայուն ապրանքների ցանկում ներառված են ավտոմեքենաները, շաքարավազը, դեղորայքը և առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնց միասնական մաքսատուրքերն ավելի բարձր են, քան Հայաստանում գործողները։
Փոխնախարարի խոսքով՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո մի շարք ապրանքատեսակների գծով նույնիսկ արտոնյալ մաքսատուրքերի բացառություն ստանալու դեպքում երրորդ երկրներից ներկրված ապրանքերի վերարտահանումը կարգելվի, բայց վերաարտահանման արգելքով ժամկետները ենթակա են ճշգրտման Մաքսային միության հետ բանակցությունների արդյունքում:
Ըստ նրա՝ բանակցություններից և հստակ հաշվարկներից հետո միայն հնարավոր կլինի որևէ գնահատական հնչեցնել, քանի որ Հայաստանը որոշ ապրանքների գծով ստանալու է բացառություններ։
Հարցին, թե արդյոք արժե՞ ընդամենը 1,4% հնարավոր գնաճի համար բանակցություններ վարել, Մելքոնյանը պատասխանեց՝ «արժե, քանի որ այդ թիվը ստացվել է պարզ հաշվարկների արդյունքում, և չի հաշվարկվել դրա մուլտիպլիկատիվ ազդեցությունը, ապրանքների կառուցվածքի փոփոխությունը»: Փոխնախարարի խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է լինելու իրականացնել բարդ հաշվարկներ։
Ուշագրավ է, որ նախարարի նշած 1,4% թիվն արտացոլում է, թե միասնական մաքսատուրքերի կիրառման հետևանքով մաքսատուրքերի լրացուցիչ ծավալն ինչ չափով է մեծ ներկայում հավաքագրվող ցուցանիշից։ Պարզ ասած՝ 140 մլն դոլարը չի կարելի տեղափոխել սպառողական դաշտ և ասել, որ այն կբերի 1,4% գնաճի, քանի որ այդ տրամաբանությամբ ստացվում է, որ Հայաստանում մաքսատուրքերի վերացումը կբերի 1% գնանկման։ Անհավանական է, որ Հայաստանը 900 ապրանքատեսակների գծով արտոնություններ ստանա, ինչը նշանակում է, որ արտոնություններ չստացած ապրանքների մասով ստեղծվելու են գնաճային ռիսկեր:
Փոխնախարարը հնարավոր է համարում, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո տեղի ունենա ապրանքների աշխարհագրության փոփոխություն։ «Մեկ բան է, երբ դու աշխատում ես մի մաքսային ռիժիմում, մեկ այլ բան, երբ տեղի է ունենում ռիժիմի և պայմանների փոփոխություն»,- ասաց նա՝ չբացառելով, որ հնարավոր է՝ որոշ ապրանքատեսակների վերացում հայկական շուկայից, բայց եթե նման զարգացում լինի, կրճատումն էական չի լինի։
Civilnet











