Երևանի փայլաթիթեղագլանման «Արմենալ» գործարանը, որն ընդգրկված է ալյումինի աշխարհում խոշորագույն արտադրող «Ռուսալ» ընկերության կազմում, 2013-ին թողարկել է 27 719 տ արտադրանք, ինչը 5,5%-ով գերազանցում է 2012-ի ցուցանիշը (26 264 տ):
Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն` սպառողներին առաքվել է 27 609 տ ալյումինի փայլաթիթեղ (աճը` 4,9%): Ձեռնարկությունը բեռնել է ավելի քան 1,6 հազ. արտահանման պատվերներ գրեթե 20 երկրներ: Հաշվետու տարվա արդյունքներով` մեկ աշխատողին բաժին ընկնող արտադրանքն աճել է 6,2%-ով, պատրաստի արտադրանքի թողարկման գործակիցը` 6,8%-ով, իսկ արտաքին խոտանը կրկնակի կրճատվել է:
Ինչպես վկայում է Հայաստանի խոշորագույն ընկերությունների հաշվետվությունների վերլուծությունը, որը կատարվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից, «Արմենալը» կայուն դասվում է առավել բարեխիղճ հարկատուների և արդյունավետ արտահանողների թվին: 2013թ. գործարանը պետբյուջե է մուծել 1,8 մլրդ դրամ` հարկային մուծումներն ավելացնելով գրեթե 10%-ով:
Արտադրական ցուցանիշների աճն ուղեկցվում է աշխատավարձի աճով: Ներկայում «Արմենալում» աշխատում է շուրջ 700 մարդ, որոնց ամսական միջին աշխատավարձը 2013թ. կազմում էր 335 հազ. դրամից ավելի, ինչը 2,2 անգամ գերազանցում է հայաստանյան միջին աշխատավարձը:
Civilnet











