Էկոնոմկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը փետրվարի 18-ի ասուլիսին հայտարարեց, որ եթե նույնիսկ Հայաստանի համար Մաքսային միությանն անդամակցելուց հետո մի շարք ապրանքատեսակների գծով արտոնյալ մաքսատուրքեր սահմանվեն, երրորդ երկրներից ներկրված ապրանքերի վերաարտահանումը կարգելվի, սակայն վերաարտահանման արգելքով ժամկետները ենթակա են ճշգրտման Մաքսային միության հետ բանակցությունների արդյունքում։
Հայաստանը Մաքսային միության կարգավորող մարմնին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, ներկայացրել է շուրջ 900 անվանում զգայուն ապրանքների ցանկ, որում ներառված են ավտոմեքենաները, շաքարավազը, դեղորայքն ու առաջին անհրաժեշտության այն ապրանքները, որոնց միասնական մաքսատուրքերն ավելի բարձր են, քան Հայաստանում գործողները։
Շատ քիչ հավանական է, որ ավտոմեքենաների մասով Հայաստանը բացառություններ կստանա, քանի որ Մաքսային միությունում ներքին ավտոարտադրությունը պաշտպանելու նպատակով սահմանված են բարձր մաքսատուրքեր։ Եթե նույնիսկ Հայաստանը երրորդ երկրից՝ Վրաստանից ներկրվող ավտոմեքենաների նկատմամբ կիրառի ներկայիս 10% մաքսատուրքը, և որոշակի ժամանակ արգելվի այդ մեքենաների արտահանումը, օրինակ՝ Ռուսաստան, միևնույն է, կա լուրջ բաց։ Հայաստանում այսօր կա մոտ 410 հազ. ավտոմեքենա, որոնց մի մասն անարգել կարող է արտահանվել Ռուսաստան, և որևէ սահմանափակում հնարավոր չէ կիրառել, քանի որ դրանք ներկրվել են մինչև Մաքսային միությանն անդամակցելու ժամկետը։
Ներկայում Ռուսաստանի երկրորդային շուկայում ավտոմեքենաների գները 25-50%-ով բարձր են հայաստանյան գներից: Սա ավտոմեքենաների երկրորդային շուկայում կարող է նոր սխեմայի հանգեցնել. ՀՀ քաղաքացիները Հայաստանից իրենց ավտոմեքենաները կտեղափոխեն Ռուսաստան և այնտեղ կվաճառվեն, ապա ստացված գումարով Վրաստանից կներկրեն տարեթվով ավելի նոր ավտոմեքենաներ՝ մաքսազերծման համար վճարելով ավելի քիչ գումար, քան Մաքսային միության երկրների մյուս քաղաքացիները։
Բնական է, որ տեղական շուկան պաշտպանելու խնդրից ելնելով՝ Ռուսաստանը Հայաստանին ավտոմեքենաների մասով բացառություն չի անի, ինչի արդյունքում Հայաստանի ներքին շուկայում տեղի կունենա ավտոմեքենաների մինչև 50% թանկացում։
Քաղցր բացառություն
Ուշագրավ է նաև շաքարավազի գծով բացառություններ ստանալու հայկական կողմի ցանկությունը։ Խնդիրն այն է, որ Հայաստանում կա շաքարի արտադրություն՝ Ախուրյանի շաքարի գործարանը, բայց տեղական արտադրողին պաշտպանելու փոխարեն, ինչպես անում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, Հայաստանը պաշտպանում է ներկրողին։ Իհարկե, Հայաստանում շաքար ներկրող «Ալեքս Գրիգ» և շաքար արտադրող՝ «Լուս Աստղ Շուգր» ընկերությունները պատկանում են մեկ մարդու՝ Սամվել Ալեքսանյանին, և տրամաբանական կլինի, որ աշխատատեղերի խթանման տեսանկյունից կառավարությունը պաշտպանի արտադրությունը, քան ներկրումը։
Հայաստանում շաքարի մաքսատուրքը 10% է (1 տոննայի հաշվով 50-70 դոլար), այն դեպքում, երբ միասնական մաքսատուրքը 1 տոննայի հաշվով տատանվում է 140-260 դոլարի սահմաններում՝ կախված համաշխարհային շուկայում շաքարի գնից։
Հասկանալի է, որ նման մաքսատուրքերի կիրառումը հնարավորություն կտար Մաքսային միության տարածքից ներկրել շաքարի հումք և տեղում կազմակերպել արտադրություն։ Ներկայում շաքարավազը պարզապես ներկրվում է «շաքարավազի հումք» անվան տակ, և Ախուրյանի շաքարի գործարանում ընդամենը տեղի է ունենում փաթեթավորում, և այն ներկայացվում է որպես տեղական արտադրանք։
Civilnet











