Գլխավոր Լրահոս

Աշխատակիցների կուտակային գումարները չպետք է պահվեն գործատուների մոտ. Դավիթ Սարգսյան

Աշխատակիցների կուտակային գումարները չպետք է պահվեն գործատուների մոտ. Դավիթ Սարգսյան

Այսօրվա դրությամբ գործատուների ճնշող մեծամասնությունը` գրեթե 99 տոկոսը, արդեն հաշվարկել է գումարները և պարտադիր կուտակային կենսաթոշակային պահումներ կատարել իր աշխատակիցներից. այս մասին փետրվարի 19-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

«Ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի համատեղ հայտարարությունում հղում է արված համապատասխան՝ «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի կոնկրետ հոդվածի վրա. այդ հոդվածը, ինչպես նաև մի շարք այլ հոդվածներ, կասեցված չեն և գործում են: Կոնկրետ այդ հոդվածը սահմանում է գործատուների պարտավորությունը՝ վճարել իրենց աշխատակիցների պարտադիր կուտակային վճարները»,- ասել է նախարարը` հավելելով, որ համաձայն օրենսդրության՝ պահումներ կատարելուց հետո գործատուները պարտավոր են գումարը փոխանցել գանձապետարանում բացված միասնական հաշվին:

«Հակառակ պարագայում հետևյալ հարցն է ծագելու, եթե իրենք պահել են իրենց աշխատակիցների գումարները և չեն վճարել կամ վճարելու այդ հաշվին, ապա ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ գործատուն պահել է աշխատակցից գումար, և, կոպիտ ասած, այդ գումարներից տոկոս է աշխատել: Այն դեպքում, որ եթե փոխանցած լիներ, այդ նույն եկամուտներն ու տոկոսները կստանային արդեն աշխատակիցները: Այս առումով գործատուները կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության: Մի կողմից` աշխատակիցները կարող են համապատասխան պահանջ ներկայացնել կորցրած տոկոսները, կորցրած եկամուտները ստանալու մասին: Մյուս կողմից՝ պետությունը նույնպես լծակներ ունի, և այն դեպքերում, երբ աշխատակիցների գումարներն արդեն  պահվել են, և  գործատուն, չնայած  պահել է, չի վճարել դրանք աշխատակցի հաշվին, ապա համապատասխան պատասխանատվության միջոց կա օրենքում: Եվ այդ  պատասխանատվության միջոցը կիրառելուց հետո նշված գումարները ոչ թե մուտք են լինում պետական բյուջե, այլ կոնկրետ աշխատակիցների հաշիվներին, որովհետև դա իրենց կորցրած գումարներն են»,- ասել է նախարարը:

Հարցին, թե ինչու է ֆինանսների նախարարությունը պարտավորեցնում կատարել վճարումները, այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանն ազատել է այդ պատասխանատվությունից մինչև մարտի 28-ը որոշումը, Դավիթ Սարգսյանը ասել է, որ չի ցանկանում և իրավասու չէ մեկնաբանել ՍԴ  որոշումները:

«Բայց իմ տարրական գիտելիքները իրավունքի մասին ասում են, որ պատասխանատվությունը տարբեր տեսակի է լինում: Եթե գործատուն գանձել է, ըստ էության, ձեզնից, ինձնից, այլ աշխատողից գումարը և պահել է իր հաշվին, իրավունք ո՞ւնի աշխատակիցը պահանջել իր կորցրած եկամուտները, թե՞ ոչ: Եվ արդյոք կրո՞ւմ է պատասխանատվություն գործատուն իր աշխատակիցների առջև: Պատասխանն այստեղ միանշանակ  է՝ այո, կրում է նա պատասխանատվություն, և պետությունը, նաև որպես աշխատողների իրավունքները պաշտպանող, հետևողական է լինելու, որպեսզի գործատուները չպահեն աշխատողների գումարները, և իրենք չստանան դրանց տոկոսներն ու եկամուտները»,- ասել է ֆինանսների նախարարը:

Սահմանադրական դատարանը մինչև մարտի 28-ը կասեցրել է 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շահառուներն են 1974թ. հետո ծնված քաղաքացիները: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կուտակվելու են կենսաթոշակաին ֆոնդում, որը կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:

Այն քաղաքացիները, որոնց աշխատավարձը չի գերազանցում 500 հազ. դրամը, կենսաթոշակ են կուտակում իրենց աշխատավարձի 5%-ի չափով. պետությունը, իր հերթին, փոխանցում է կատարում 5%-ի չափով: Այն քաղաքացիներին, որոնց աշխատավարձը գերազանցում է 500 հազ-ը, պետությունը փոխանցում է 25 հազ. դրամ, իսկ քաղաքացին յուրաքանչյուր ամիս կուտակում է այնքան, որ իր և պետության կուտակումը կազմի աշխատավարձի 10%-ը:  

Աշխատավարձերից կատարված պարտադիր կենսաթոշակային պահումների դեմ փետրվարի 10-ին բողոքի ակցիաներ էին կազմակերպել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները, փետրվարի 12-ին` Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի, փետրվարի 13-ին` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության, իսկ փետրվարի 19-ին` Հայաստանի ատոմային էլեկտրակայանի աշխատակիցները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում