Հայ-թուրքական փակ սահմանի, վրաց-ռուսական տարաձայնությունների պայմաններում Հայաստան-Իրան երկաթգիծը չի ծառայելու բուն՝ տարանցման նպատակին։
Հայաստան-Իրան երկաթուղին շարունակում է մնալ օֆշորում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերության հետաքրքրությունների շրջանակում։ Երկաթուղու նախագծային փաստաթղթերը մշակումը տրվել է Չինաստանի հաղորդակցության և շինարարության միջազգային պետական ընկերությանը (CCCC International), որի պաշտոնական կայքում, սակայն, հայկական նախագծում ներգրավված լինելու մասին որևէ տեղեկություն չկա։
Կառավարությունը Հայաստան-Իրան երկաթուղային նախագիծը կրկին օրակարգ է վերադարձրել, թեև այն ներառված չէ գործադրի այս տարվա գերակա խնդիրների ցանկում։ Փետրվարի 19-ին կառավարության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի վարչապետ Տիգրան Սարգսյանի և «Ռասիա ՖԶԷ»-ի նախագահ Ջոզեֆ Բորկովսկու հանդիպման ժամանակ ներկայացվել է «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը, նշվել է, որ դրա իրականացման համար անհրաժեշտ է $3,2 մլրդ-ի ներդրում. շուրջ 300 կմ երկաթուղու կառուցման համար կպահանջվի շուրջ 6 տարի։
Վարչապետի հետ հանդիպմանը նշվել է, որ չինական բանկերը հետաքրքություն են ցուցաբերել նախագծի նկատմամբ և պատրաստակամություն հայտնել ֆինանսավորել ծրագրի 60%-ը։ Պարզ չէ մնացած 40%-ի կամ մոտ $1,3 մլրդ-ի ֆինանսավորման աղբյուրը։ Հաղորդագրության համաձայն՝ երկաթգծի նախագիծը մշակվել է Չինաստանի հաղորդակցության և շինարարության միջազգային ընկերության (CCCC International) կողմից։
Կառավարության 2012թ. որոշմամբ, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքն ընդգրկված է օֆշորային գոտիների ցանկում, և ըստ էության «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերությունը օֆշորային է (գրանցված է Դուբայում)։ Այդուհանդերձ, գործադիրն այս ընկերությանը վստահել է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող մի նախագծի իրականացում։ Ավելին, 2013թ. հունվարին Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության և «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև ստորագրվել է «Հայաստանի հարավային երկաթուղու» կոնցեսիոն պայմանագիր՝ շինարարության ավարտից հետո 30 տարի գործունեության ժամկետով։ Պարզ ասած, երկաթուղին շահագործման հանձնվելուց հետո այն փաստացի տնօրինելու է օֆշորային այս ընկերությունը, ներդրումները վերադարձվելու են կոնցեսիոն կառավարման ժամանակահատվածում։
«Ռասիա ՖԶԷ»-ի նկատմամբ նման վստահությունը առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս. համացանցում ընկերությունը հիշատակվում է միայն Հայաստանում երկաթուղային նախագծի հետ կապված։ Ընկերության պաշտոնական կայքում (http://www.rasiagroup.com/Services.html) նշված է, որ այն տրամադրում է ուղղակի և անուղակի ներդրումներ իրականացնելու հնարավորություններ և ապահովում ներդրողների, ֆոնդերի և ընտանիքների մասին տեղեկատվության գաղտնիությունը։
Չի բացառվում, որ Հայաստան-Իրան նախագծում «Ռասիա ՖԶԷ»-ի ներգրավումը կոչված է ապահովելու նախագծի իրականացման իմիտացիոն բնույթը։ Բացառված չէ նաև, որ օֆշորային այս ընկերությունը հայկական նախագծով փորձի փողեր «լվալ», հատկապես, երբ ընկերության միջոցների ծագումը գաղտնի է պահվում։
Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Հայաստան-Իրան երկաթգծի նախագծային փաստաթղթերը մշակվել են Չինաստանի հաղորդակցության և շինարարության միջազգային պետական ընկերության (CCCC International) կողմից։
Պարզ չէ նոր նախագծի անհրաժեշտությունը, եթե հաշվի առնենք, որ 2008թ. արդեն իսկ մշակվել էր դեպի Մեղրի երկաթուղու կառուցման երեք նախնական նախագիծ։ 2009թ. գերմանա-ավստրիական iLF խորհրդատվական ընկերությունը, ռուսական «Կոնցեռն ՄՈՆ-ԱՐԽ»-ի ֆինանսավորմամբ, ևս պատրաստել էր Հայաստան-Իրան երկաթուղու հայեցակարգ, որոշվել էր անգամ երկաթգծի ուղղությունը՝ Մեղրի-Սիսիան-Ջերմուկ-Մարտունի-Գավառ-Գագարին (երկարությունը՝ 313 կմ)։
Բաց է նաև Հայաստան-Իրան երկաթուղու տնտեսական արդյունավետության մասը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը 2008թ. հոկտեմբերին հայտարարում էր, որ նախագծի տեխնիկատնտեսական փաստաթղթերի պատրաստման համար Ասիական զարգացման բանկը պետք է հատկացնի $1,5 մլն։ Այս ընթացքում ոչ մի գումար չի հատկացվել։
Նախագծի տնտեսական արդյունավետությունը կասկածի տակ էր դրել նաև «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը (ներկայում՝ «Ռոսիյսկիե Ժելեզնիե Դորոգի» ընկերության փոխնախագահ)։ Ըստ նրա՝ ամեն ինչ կարելի է կառուցել, այլ հարց է, կվերադարձվեն արդյոք կատարված ներդրումները, թե ոչ։ Երկաթգիծն անցնելու է բավական բարդ տեղանքով, ինչի արդյունքում երկաթուղում կլինեն ցածր արագություններ, բեռնափոխադրման ծավալների սահմանափակումներ։ Սա նշանակում է մեծ ծախսեր և բարձր ինքնարժեք, ինչը նախագծի փաստացի գրավչությունը դնում է հարցականի տակ, նշել էր Շայդուլինը։
Ի դեպ, հայ-թուրքական փակ սահմանի և վրաց-ռուսական տարաձայնությունների պայմաններում Հայաստան-Իրան երկաթգիծը չի ծառայի բուն՝ տարանցման նպատակին, իսկ միայն ներհանրապետական փոխադրումները հազիվ թե ապահովեն ներդրումների վերադարձելիությունը։
Civilnet











