2013թ. Հայաստանից Բելիզ արտահանվել է, ընդհանուր առմամբ, $4 մլն-ի ալյումին։
Հայաստանից Կենտրոնական Ամերիկա արտահանվել է ջարդոն պղինձ, անմշակ ալյումին և ջարդոն։ Արտահանված մետաղների մաքսային արժեքը խոսում է հարկերից խուսափելու և պետությունից փող կորզելու սխեմաների մասին:
Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի արտադրության համար հումքը՝ մաքուր ալյումինը, ներկրվում է Ռուսաստանից (2013թ. ներկրվել է 25,3 հազ. տոննա)։ Բայց պարզվում է, Հայաստանում առկա է ալյումին, որն արտահանվում է։ Պետական եկամուտների կոմիտեի՝ «ներմուծման երկիր-ապրանք կտրվածքով» վիճակագրության համաձայն, 2013թ. առաջին անգամ Հայաստանից Բելիզ արտահանվել է մոտ 1,5 հազ տոննա անմշակ ալյումին։ Կենտրոնական Ամերիկայի այս երկիր արտահանվել է նաև 1,8 հազ տոննա ալյումինի թափոն և ջարդոն։ Սա 2012թ. համեմատ պակաս է 38%-ով։
Հայաստանից Բելիզ ալյումինի արտահանումը, մեղմ ասած, կասկածելի է, հաշվի առնելով մի շարք գործոններ. նախ Հայաստանում անմշակ ալյումին չի արտադրվում, ապա՝ օֆշորային Բելիզի աշխարհագրական դիրքն ու արտահանված ալյումինի մաքսային արժեքը։
Այսպես, 2013թ. Հայաստան ներկրված անմշակ ալյումինի 1 տոննայի մաքսային արժեքը կազմել է $2 հազ., Բելիզ արտահանված ալյումինինը՝ $1,3 հազ.։ Եթե իսկապես Հայաստանում առկա է անմշակ ալյումին, ինչու այն չի վաճառվում ավելի բարձր գնով հումք ներկրող «ԱրմենԱլ» ընկերությանը, այլ արտահանվում է։
Չի բացառվում, որ օֆշորային Բելիզ ալյումին միայն փաստաթղթերով է արտահանվում։ Համաձայն Հայաստանի օրենսդրության, արտահանումն ազատված է 20% ԱԱՀ-ից, գումարը պետության կողմից ենթակա է վերադարձման։ Բելիզ արտահանվել է մոտ $2 մլն մաքսային արժեքով ալյումին, այսինքն՝ պետության կողմից ենթակա է վերադարձման $400 հազ.։
Օֆշորային Բելիզում ընկերություն գրանցելը բավական դյուրին է. բացակայում է նվազագույն հիմնադիր կապիտալի, հաշվապահական և աուդիտորական հաշվետվություններ ներկայացնելու պահանջները, օրենսդրությունը երաշխավորում է բաժնետիրոջ և տնօրենի մասին տվյալների գաղտնիություն։
Բելիզը հիշատակվում է ոչ միայն ալյումինի արտահանման սխեմաներում։ Անկախությունից ի վեր, Բելիզից Հայաստանում կատարվել է ընդամենը $30 հազ-ի ներդրում։ 2012-2013 թթ. Բելիզից Հայաստան ներկրումներ չեն իրականացվել, սակայն միայն 2013թ. Հայաստանից օֆշորային այդ երկիր արտահանվել է $8,7 մլն-ի արտադրանք։ Բելիզ, բացի ալյումինից, արտահանվել է $4,3 մլն-ի՝ 2,4 հազ տոննա թափոն պղինձ (ընդհանուր արտահանման 92%-ը)։ Ջարդոն պղինձ Բելիզ արտահանվել է նաև նախորդ տարիներին։ Փաստացի 1 տոննա ջարդոն պղինձի մաքսային արժեքը 2013թ. կազմել է $1,8 հազ., այն դեպքում, երբ անցած տարի մաքուր պղնձի 1 տոննայի գինը համաշխարհային շուկայում գտնվել է $7,5 հազ-ի շրջանակում։ Բելիզում չկան պղնձի կամ էլ ալյումինի ձուլարաններ, և հասկանալի է, որ հայկական ջարդոն պղինձն ու ալյումինը վերավաճառվում են, իսկ ստացված եկամուտները մնում օֆշորային ընկերությանը։
Civilnet











