Գլխավոր Լրահոս

Տարին սկսվել է դանդաղ աճով

Տարին սկսվել է դանդաղ աճով

Տարին հայաստանի տնտեսությունը սկսել է երեք հիմնական ոլորտներում (արդյունաբերություն, շինարարություն, էլեկտրաէներգիայի արտադրություն) անկումով։

Հայաստանի տնտեսությունը տարին սկսել է կտրուկ արգելակումով։ Հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 1,8%. 2013թ. հունվարին այն 9,4% էր, տարվա կտրվածքով՝ 3,5%։

Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, 2014թ. հունվար» հրապարակման համաձայն՝ հունվարին անկում է արձանագրվել տնտեսության երեք հիմնական ոլորտներում։ Արդյունաբերության ոլորտում 2013թ. հունվարի համեմատ անկումը կազմել է 3,3%, շինարարության ոլորտում՝ 0,4%, էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 0,3%-ով։ Արդյունաբերության ոլորտում անկումը մտահոգիչ է, եթե հաշվի առնենք, որ 2013թ. հունվարին արձանագրվել էր 18,8% աճ։

Էլեկտրաէներգիայի արտադրության նվազումը կարող է պայմանավորված լինել հիմնական սպառման ոլորտում՝ արդյունաբերությունում արտադրության կրճատումով։ Մյուս կողմից, ցուրտ եղանակային պայմանների հետևանքով ավելացել է բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառումը (բաժին է ընկնում սպառված էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը)։

Շինարարության ոլորտում անկման տեմպը դանդաղել է, ինչը հասկանալի է, եթե հաշվի առնենք, որ 2009-ից ոլորտը գտնվում է անկման փուլում և այն ինչ-որ պահի դադարելու է։

Հունվարին արտաքին առևտրի ծավալը կրճատվել է 3,3%-ով՝ կազմելով $392 մլն։ Արտաքին առևտրի ծավալների նվազումը պայմանավորված է հիմնականում ներկրման 4,4% կրճատումով (ներկրումը կազմել է $295 մլն)։ Հունվարին արտահանումն աճել է ընդամենը 0,1%-ով՝ կազմելով $97 մլն։

Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 1,7% աճ, ծառայության ոլորտում՝ 2,7%՝ պայմանավորված էլեկտրաէներգիայի և գազի սպառման ծավալների ավելացումով։

Ուշագրավ է առևտրի ոլորտում հունվարին արձանագրված 4,6% աճը։ Առաջին հայացքից սա կարելի է բացատրել հունվարին 5,5% գնաճի պայմաններում միջին անվանական աշխատավարձի (161 հազ. դրամ) 10,5% աճով, սակայն անվանական աշխատավարձերի աճը դեռ չի նշանակում գնողունակության ավելացում։

Պետական համակարգում աշխատավարձերի 10,1%-ով (միջին աշխատավարձը կազմել է 141 հազ. դրամ), իսկ մասնավոր հատվածում՝ 10,4%-ով (կազմել է 189,7 հազ, դրամ) աճը որոշակիորեն պայմանավորված է նրանով, որ աշխատակիցների կենսաթոշակային պարտադիր 5% վճարները գործատուների մի մասը փոխհատուցել է՝ բարձրացնելով անվանական աշխատավարձերը։

Եթե համեմատենք հունվարի միջին անվանական աշխատավարձերը 2013թ. միջին աշխատավարձի հետ, ապա պարզ երևում է, որ գնողունակության ավելացում տեղի չի ունեցել։ Հունվարին անվանական միջին աշխատավարձը 2013թ. միջին աշխատավարձի համեմատ ավելացել է 4000 դրամով կամ 2,5%-ով. պետական համակարգում 1000 դրամով կամ 0,7%-ով, մասնավոր հատվածում՝ 4400 դրամով կամ 2,3%-ով։

Եթե հաշվի առնենք այս տարվա հունվարի 5,5% գնաճը և 2013թ. արձանագրված 5,6% գնաճը, ապա գնողունակության մակարդակի ավելացում տեղի չի ունեցել։ Նման պայմաններում առևտրի ծավալների ավելացումն առավելևս անհասկանալի է, հատկապես երբ էներգակիրների բարձր գների պայմաններում տեղի է ունեցել նաև սպառման ծավալների ավելացում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում