Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) այս տարի ուժեղացնելու է շուկաների համակենտրոնացումների վերահսկողությունը. այս մասին փետրվարի 21-ին հանձնաժողովին կից Հասարակական խորհրդի ընդլայնված նիստին հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Նույն ապրանքային շուկայում համակենտրոնացում է համարվում տնտեսվարող սուբյեկտների միաձուլումը; տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի միջոցների առնվազն 35 տոկոսի ձեռքբերումը; մեկ կամ մի քանի տնտեսվարող սուբյեկտների կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ վերահսկողության ձեռքբերումը:
Արտակ Շաբոյանի խոսքով` հանձնաժողովը կիրառելու է նոր գործիքակազմ, որն ուղղված է լինելու շուկաների կենտրոնացվածության աստիճանի թուլացմանը: Համաձայն ՏՄՊՊՀ նախագահի` շուկաների կենտրոնացվածությունը նաև օբյեկտիվ պատճառների հետևանք է, քանի որ խոշոր ընկերությունները մասշտաբի էֆեկտի արդյունքում կարողանում են ավելացնել իրենց մասնաբաժինը շուկաներում: Ըստ նրա` հանձնաժողովն ավելի մեծ ուշադրություն է դարձնում նրան, որ խոշորների կողմից գների չարաշահումներ չլինեն, և այդ ճանապարհով այլ տնտեսվարողներ դուրս չմղվեն շուկայից:
ՍիվիլՆեթի թղթակցի հարցին, թե ինչպես է հանձնաժողովը թուլացնելու շուկաների կենտրոնացվածությունը, եթե դրա համար չունի օրենսդրական լծակներ, Շաբոյանը պատասխանեց, որ այսուհետ ավելի մեծ ուշադրություն են դարձնելու համակենտրոնացումներին, և եթե հայտնաբերվի, որ երկու ընկերությունների կլանման կամ ձեռքբերման արդյունքում խախտվելու է մրցակցությունը, և շուկան կենտրոնանալու է մեկի ձեռքում, ապա կարգելի նման գործարքները:
Հարցին, թե ինչու հանձնաժողովը նախորդ տարիներին որևէ գործարք չի արգելել` մշտապես ունենալով միևնույն լիազորությունները, Շաբոյանը պատասխանեց, որ նախկինում հանձնաժողովն ավելի թույլ կարողություններ ուներ: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովի անձնակազմը ԵՄ «Թվինինգ» ծրագրի շրջանակում վերապատրաստումներ է անցել, «ինչի շնորհիվ բարելավվել է հանձնաժողովի կարողությունների որակը, և համակենտրոնացումների խնդիրը վերադարձվել է օրակարգ»:
Civilnet











