Գլխավոր Լրահոս

Հեֆերնը կարևորում է կենսաթոշակային բարեփոխումը

Հեֆերնը կարևորում է կենսաթոշակային բարեփոխումը

«Ցանկացած երկրի առջև ծառացած առավել դժվարին բարեփոխումներից մեկը կենսաթոշակային բարեփոխումն է: Սա է պատճառը, որ Հայաստանը ներգրավել է միջազգային փորձագետների և ծախսել է ավելի քան տասը տարի՝ մանրակրկիտ կերպով ընտրելով և ձևավորելով նոր կենսաթոշակային համակարգ, որը հարմարեցված է Հայաստանի ժողովրդագրական և տնտեսական կարիքներին». փետրվարի 21-ին Երևանում կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված համաժողովին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

ԱՄՆ դեսպանությունը տարածել է դեսպանի ելույթի տեքստը: Պարոն Հեֆերնը հարցադրում է արել, թե ինչու է  կարևոր կենսաթոշակային բարեփոխումը և պատասխանել.

«Կարևոր է, քանի որ այն ազդեցություն ունի յուրաքանչյուր քաղաքացու վրա:

Կարևոր է, քանի որ Հայաստանը պետք է գտնի մի ճանապարհ կենսաթոշակառուների բարեկեցությունն ավելի լավ ապահովելու համար:

Կենսաթոշակային բարեփոխումը կարևորէ, քանի որ փոխվել են զբաղվածության կառուցվածքը և Հայաստանի ժողովրդագրությունը, և կենսաթոշակային համակարգը պետք է նույնպես փոխվի:

Վերջապես, դա կարևոր է, քանի որ նոր կենսաթոշակային համակարգը հնարավորություն կտա աշխատողներին ձևավորելու իրենց կենսաթոշակը և անձամբ կուտակել կենսաթոշակային խնայողություններ»:

Դեսպանն ընդգծել է, որ կենսաթոշակային բարեփոխումները վիճահարույց են, դրանք ներառում են երկարաժամկետ պլանավորում կառավարությունների, գործատուների և աշխատողների կողմից, որոնք արդեն իսկ գտնվում են բազմաթիվ կարճաժամկետ ճնշումների տակ:

Հեֆերնը թվարկել է, թե ինչ կտակենսաթոշակային նոր համակարգը.

1)    կապահովի երաշխավորված և համարժեք կենսաթոշակ թոշակառուներին,

2)    ստվերից դուրս կբերի աշխատողների աշխատավարձերը,

3)    կբարելավի հարկային վարչարարությունը և կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը,

4)    կխթանի տնտեսական զարգացումը՝ արդյունավետ կերպով ներդնելով կենսաթոշակային վճարները:

Դեսպանը կարևոր է համարել բարեփոխումների համար լայն հանրային իրազեկումը, մարդկանց ֆինանսական գրագիտության բարձրացումը: «Աշխատողներն ու ապագա կենսաթոշակառուները պետք է հասկանան, թե ինչպես է ձևավորվում իրենց ապագա կենսաթոշակը: Միայն այդ պարագայում կարող են իրազեկ որոշումներ կայացնել և ընտրել իրենց հատկացումների համար համապատասխան ներդրումային տարբերակը»,- ասել է նա:

«Մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության ջանքերն այս նոր համակարգի հիմքերը ձևավորելու համար»,- հայտարարել է Հեֆերնը: Նա ընդգծել է նաև նոր համակարգի շրջանակում գործատուների պատասխանատվության բարձրացման անհրաժեշտությունը․ «Գործատուները պետք է որդեգրեն կորպորատիվ կառավարման լավագույն սկզբունքները, որպեսզի կրճատվի ստվերային տնտեսությունը: Այլևս անցյալում պետք է մնան այն ժամանակները, երբ եկամուտների, շահույթի, աշխատավարձերի ու սոցիալական վճարումների տվյալները ամբողջովին չէին ներկայացվում հաշվետվություններում՝ հարկերից խուսափելու նպատակով»:

«Ոչ ոք չի հերքում, որ թոշակային բարեփոխումը խնդրահարույց է: Ամեն շաբաթ մարդկանց տարբեր խմբեր իրենց մտահոգությունն են հայտնում այս նոր օրենքի վերաբերյալ: Սահմանադրական դատարանը նույնպես ուսումնասիրում է օրենքի որոշակի հատվածներ: Բարեփոխմանը վերաբերող այս անհանգստությունները պետք է զարմանք չառաջացնեն՝ հաշվի առնելով, որ սա տարիներ շարունակ գոյություն ունեցող համակարգի հիմնավոր փոփոխություն է:

Հիշենք նաև, որ Խորհրդային Միության փլուզման հետևանքով շատ հայաստանցիներ կորցրեցին երկար սպասված թոշակները: Հիշողությունները դեռ թարմ են: Դեռ ավելին` գոյություն ունի վստահության պակաս, կառավարության, հայաստանյան հաստատությունների և քաղաքացիների միջև: Կառավարությունը պետք է աշխատի այս բացը լրացնելու ուղղությամբ՝ լրջորեն ներգրավելով քաղաքացիներին, շտկելով բոլոր թյուրըմբռնումներն ու լսելով և արձագանքելով վերջիններս մտահոգություններին»,- ասել է դեսպանը՝ ընդգծելով, որ Հայաստանում գործող ներկա համակարգը երկար գոյատևել չի կարող, և փոփոխությունը, թեկուզ բարդ, սակայն անհրաժեշտ է:

Կոնֆերանսին մասնակցել են նաև Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Համաժողովը մի քանի ժամ ընթանալուց հետո ընդհատվել է «Դեմ եմ» նախաձեռնության անդամների կողմից:

Լուսանկարը` Ֆոտոլուրի: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում