Էդ ախմախը մենք ենք
«Մենք հո ախմա՞խ չենք, որ քաղաքական ռեսուրս ծախսենք էս ռեֆորմների վրա»,- պարտադիր կուտակային թաքնված բարեմասնությունները չնկատողների վրա շպրտում է Սերժ Սարգսյանը։
«Քաղաքական ռեսուրսը»-ը հանգիստ թողնենք, մենք պետք է «ախմախ»-ի պոչից բռնենք։ Թեպետ առանց «քաղաքական ռեսուրս»-ի, ախմախությունը մեռած բովանդակություն է, որովհետև 40 տարի քաղաքացու համար անձեռնմխելի մնացող փողը դիակի վրա գտած փող է։ 40 տարի հետո քանդում ես Կոնդը, կոշը մտցնում ես հողի մեջ, և այ քեզ հրաշք, գտնում ես ասենք, 340 հազար դրամ։ Կամ չես գտնում, որովհետև դրա համար պիտի քանդել, նվազագույնը, ավստրիական C-QUADRAT Investment AG-ի շենքը, որը մեր պարտադիր կուտակայինի ակտիվների կառավարիչներից մեկն է։ Քանդել ու էլի վստահ չլինել, որ այնտեղ կգտնես քո պարտադիր կուտակայինը։ Այն էլ, հիշեցնեմ, 40 տարի հետո։ Վարչապետի օֆշորային խաղերից դատելով, դժվար է ասել՝ դու փո՞ղ ես կուտակում, թե՞ բարեգործություն անում։
Բոլոր դեպքերում ախմախությունը կոշի վրա հույս դնելն է, կոշի կանխավարկածը։ Եվ Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարում հենց այդ պատգամը թողեց մեզ՝ ձեր փողերն ուղարկում ենք կոշի բերան, ով գտավ՝ գտավ։ Հիմա ինձ ո՞վ կասի՝ էս ախմախության հետ ի՞նչ կապ ունի «քաղաքական ռեսուրս»-ը, որն ի տարբերություն կոշի, առձեռն բան չէ։ Եվ ի տարբերություն պարտադիր կուտակային կենսաթոշակի, իսկապես հնարավոր է կուտակել։ Պարտադիր կուտակայինը ախմախության հայտարարագրումն է, որովհետև այդ օրենքի մեջ միակ կանխիկ ու շոշափելի բանը քեզանից անվերադարձ և նույնիսկ առանց հետ նայելու հեռացող փողն է։
Որովհետև դու որպես երկիր ունես քաղաքացուն անհասանելի առողջապահական համակարգ, որը չի երաշխավորում, որ 23 տարեկան երիտասարդը կապրի մինչև 63 տարեկանը, դու որպես երկիր ունես երկրորդ կարծիք ունեցողին հարկ եղած պահին կալանավայր «գործուղելու» բացառիկ բնազդ, գրեթե զրոյական արդյունաբերություն և պինդ առողջությամբ կոռուպցիա, որի ոչ մի բջիջը կոսմետիկ հեռացման ենթակա չէ։ Դու այս մետաստազներն արդեն կուտակել ես, էլ չես կարող քաղաքացուն ստիպել, որ ինքն էլ սրանց գործունեության դաշտում կենսաթոշակ կուտակի։ Սրանցից որո՞ւմ է տեղավորվում քո «քաղաքական ռեսուրս»-ը։ Քաղաքական ռեսուրս ունենում են իշխանություններն այն երկրների, որտեղ թեկուզ նախապատմական ժամանակներում գոնե մեկ անգամ, ընդդիմությունը գոնե մեկ օրով իշխանությունն ընտրություններով վերցրել է։ Քաղաքական ռեսուրս կարող է ունենալ նույնիսկ հիտլերյան իշխանության բերած երկրի հաջորդ կանցլերը։ Ձեր քաղաքական ռեսուրսը ճանճին էլ չի հերիքի իմ ուտելիք հացի վրա նստելու համար։
Հետևաբար, հանձին «ախմախ»-ի, մեզ մի հուշեք այն բառերը, որոնք մենք մի կերպ ենք մեզ զսպում ձեր անպատժելիության աստիճանահարթակի ամենացածր աստիճանի վրա կանգնածին բնորոշելու համար։ Ձեր խոստովանություններն էս ժողովրդի սոցիալական դիմադրողականությանը կօգնեն երկու դեպքում՝ երբ արդեն հեռացած կլինեք կամ դրանք կասեք դատարանում։ Իսկ այսօր «մենք հո ախմա՞խ չենք» արտահայտության հեղինակին հակադրվելը ճիշտ էլ չէ։ Ճիշտն այն է, որ դուք ձեր աշխատավարձն ստանում եք մեր փողերով, և երբ ասում եք «մենք հո ախմա՞խ չենք», ստացվում է, որ էդ ախմախը մենք ենք։ Ոչ թե, նվազագույնը, ԱԺ «կոճակները» կամ ԵԿՄ համագումարում ձեզ ծափահարողները։
Թեմա
Մհեր Արշակյան










