Գլխավոր Լրահոս

Կենսաթոշակային ճգնաժամը պահանջում է հրատապ բարեփոխումներ. ՀԲ

Կենսաթոշակային ճգնաժամը պահանջում է հրատապ բարեփոխումներ. ՀԲ

«Գերբեռնված պետական կենսաթոշակային համակարգերի վրա ծերացող ազգաբնակչության և նվազող աշխատուժի ծանրակշիռ ազդեցության հետևանքով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հրատապ բարեփոխումների կարիք է զգացվում»,- ասված է Համաշխարհային բանկի նոր` «Հակադարձվող բուրգը. կենսաթոշակային համակարգերի ժողովրդագրական մարտահրավերները Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զեկույցում:

«Եթե համարձակ կենսաթոշակային բարեփոխումներ չլինեն, ապա պետական կենսաթոշակային համակարգերի կողմից ծերության բազային սոցիալական ապահովություն երաշխավորելու անկարողությունից առավելապես կտուժեն այսօրվա  երիտասարդները և աղքատ տարեցները: Եթե այսօր քայլեր չձեռնարկվեն, սոցիալական արդարության հետ կապված մտահոգություններ առաջ կգան ապագա սերունդների համար, քանի որ դա ամենայն հավանականությամբ կհանգեցնի կենսաթոշակների կրճատմանը, ինչը ավելի շատ կանդրադառնա աղքատների, քան հարուստների վրա»,- նշվում է զեկույցում:

Համաձայն Համաշխարհային բանկի` կենսաթոշակային համակարգերի մեծ մասն արդեն «սպառել է իրեն` հաշվի առնելով հատկացումներ կատարողների թվի ավելացման ոչ մեծ հնարավորությունները՝ պայմանավորված աշխատանքային տարիքի ազգաբնակչության լճացմամբ ու նվազեցմամբ»:

«Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները աշխարհում ամենաակտիվ բարեփոխումներ իրականացնողներից են եղել և ընդունել են մի շարք նոր կենսաթոշակային մոդելներ, ինչպիսիք են, օրինակ, Սերբիայի և Խորվաթիայի ընդունած միավորների մոդելը, Լատվիայի ու Լեհաստանի պայմանական հաշիվների մոդելը, Վրաստանի, Ղազախստանի և Կոսովոյի ընդհանրական կենսաթոշակների մոդելը, Էստոնիայի, Ռումինիայի, Մակեդոնիայի և Ռուսաստանի անհատական խնայողական հաշիվների մոդելը»,- զեկույցը ներկայացնելիս նշել է Եվրոպայի ու կենտրոնական Ասիայի հարցերով Համաշխարհային բանկի փոխնախագահ Լորա Թաքը` հավելելով, որ այդ բարեփոխումների մի մասը կարճաժամկետ հարկաբյուջետային ճնշումների ներքո հակադարձվել է:

Զեկույցի համաձայն` անցումային տնտեսությամբ երկրները վերջին քսան տարիների ընթացքում մեծ ջանքեր են գործադրել կենսաթոշակային համակարգերի բարեփոխման ուղղությամբ:

«Կենսաթոշակային համակարգերն այլևս չեն կարող առատաձեռն կենսաթոշակներ խոստանալ հետզհետե ավելացող կենսաթոշակառուներին: Կյանքի սպասվելիք տևողության ավելացումը, ծնելիության կտրուկ անկումը, արտագաղթի ծավալների ավելացումը վտանգել են շատ ու շատ կենսաթոշակային համակարգերի ֆինանսական դրությունը»,- նշել է Աղքատության նվազեցման ու տնտեսական կառավարման հարցերով Համաշխարհային բանկի փոխնախագահ Անա Ռեվենգան:

Համաշխարհային բանկի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով առաջատար տնտեսագետ, զեկույցի համահեղինակ Անիտա Շվարցի կարծիքով`  բարեփոխումները պետք է նվազագույն կենսաթոշակի միջոցով երաշխավորեն, որ տարեցները չհայտնվեն աղքատության մեջ:

Զեկույցը կենսաթոշակային համակարգերի առաջ ծառացած ժողովրդագրական մարտահրավերներին դիմակայելու երկու հնարավոր լուծում է նախանշում` հավելյալ հարկաբյուջետային եկամուտների ձևավորում կենսաթոշակային պակասուրդը փակելու համար և համակարգին հատկացումներ կատարողների թվի ավելացում:

«Տարածաշրջանի երկրներում արդեն իսկ հարկային բեռը մեծ է, հատկապես աշխատանքի մասով, ուստի այստեղ կենսաթոշակային պակասուրդը լրացնելու համար հավելյալ եկամուտներ ձևավորելու փոքր տիրույթ է մնում: Եթե տարիքային կենսաթոշակների ֆինանսավորման աղբյուրը չսահմանափակվի միայն աշխատանքային հարկերով, ապա այդ նպատակի համար սպառողական ու գույքային հարկերից ստացվող եկամուտների գործածմամբ կարող են լրացուցիչ միջոցներ ձևավորվել, սակայն այս առումով էլ շատ երկրներ սահմանափակ հնարավորություններ ունեն: Հատկացումներ կատարողների թվի ավելացումը նույնպես չի կարող լուծել բոլոր խնդիրները: Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների մեծ մասում ակտիվ աշխատանքային տարիքի չափահասները, 35-44 տարեկանները փաստացի աշխատում են: Աշխատուժի թիվը մեծացնելու տարբերակը առավել բարձր տարիք ուղեցող անձանց հաշվին կարող է լինել, քանի որ աշխարհի այլ տարածաշրջանների համեմատ այդ խմբի աշխատողներն ավելի քիչ են: Ավելին, հատկացումներ կատարողների թվի ավելացումը կարող է միայն հեշտացնել կամ հետաձգել կենսաթոշակային համակարգերի բարեփոխումները, եթե հատկացումների ու հաշվեգրվող կենսաթոշակների հարաբերակցությունը շարունակում է մնալ հիմնարար կերպով խզված»,- նշվում է զեկույցում:

Զեկույցի համաձայն` կենսաթոշակային տարիքի բարձրացումը և խրախուսումը, որ մարդիկ ավելի երկար աշխատեն, թույլ կտան, որ կենսաթոշակային համակարգերը ֆինանսապես առավել կայուն լինեն և ապահովեն բազային կենսաթոշակային եկամուտներ: Միջոցները, որոնցով կխրախուսվեն տարիքային բարձր խմբերի աշխատողների հետագա աշխատանքը ներառում են. 

  • կենսաթոշակի աստիճանական անցման հնարավորություն, օրինակ` ոչ լրիվ դրույքով աշխատելու հնարավորություն, որի ժամանակ մասնակի կենսաթոշակ կվճարվի,
  • աշխատավայրի որոշ հարմարեցումներ, օրինակ՝ խոշորացույցի տեղադրում համակարգչի էկրանին կամ էրգոնոմիկ աթոռների ապահովում՝ տարիքով աշխատողների արտադրողականությունը բարձրացնելու և նրանց հարմարավետությունը ապահովելու համար,
  • առավել նպատակային ներդրումներ տարիքով անձանց ուսուցման ու վերապատրաստման  ուղղությամբ՝ չափահասների կրթության, վերապատրաստման ու ողջ կյանի ընթացքում սովորելու համակարգերը առավել հարմարեցնելով ծերացող մարդկանց պահանջներին:

«Ի վերջո, հարկաբյուջետային ճնշումները հանգեցնում են նրան, որ երկրներն ավելի ու ավելի են սահմանափակում իրենց արդեն իսկ գերբեռնված կենսաթոշակային ծախսումները՝ խրախուսելով մասնավոր կենսաթոշակային ծրագրերն  ու անհատական երկարաժամկետ խնայողություններով ծրագրերը: Խնայողությունները աշխատողներին հնարավորություն են տալիս ունենալ կենսաթոշակային լրացուցիչ ռեսուրսներ: Այնպիսի միջոցները, ինչպիսիք են աշխատողների ավտոմատ գրանցումը խնայողական ծրագրերում, կօգնեն, որ սեփական խնայողությունների հաշվին աշխատողները կարողանան լրացնել կենսաթոշակային եկամուտների բացը»,- ասված է զեկույցում:

Համաշխարհային բանկը նշում է, որ այդուհանդերձ, բոլորի համար կիրառելի լուծումներ չկան: «Անկախ այն հանգամանքից, թե ինչ ուղի է ընտրվում, երկրները պետք է սկսեն սոցիալական երկխոսություն այն մոտեցումների շուրջ, որոնք, ի հեճուկս ժողովրդագրական մարտահրավերների, տվյալ երկրի համատեքստում թույլ կտան լավագույնս պահպանել կենսաթոշակային համակարգի կարողությունը՝ երաշխավորելու բազային եկամուտ այսօրվա երիտասարդների համար, երբ նրանք հասնեն  կենսաթոշակային տարիքի և ոչ այնքան բարեկեցիկ տարեցների համար»,- ասված է զեկույցում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում