Կենտրոնական բանկում, «չոր հաշվարկներով», այս տարի 5,4-6,1% տնտեսական աճ են ակնկալում (լուսանկարում՝ ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյան)։
Փետրվարի 24-ին, ներկայացնելով «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր առաջին եռամսյակ 2014թ., Դրամավարկային քաղաքականության 2013թ. չորորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)» փաստաթուղթը, Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչություն պետ Վահագն Գրիգորյանը նշեց, որ 2014թ. գնաճը կգտնվի թիրախային ցուցանիշի (4±1,5%) միջակայքում։ Առաջին և երկրորդ եռամսյակներում գնաճը կլինի թույլատրելի միջակայքի վերին շեմին մոտ, երրորդ եռամսյակում այն կսկսի նվազել՝ մոտենալով շեմի ստորին մակարդակին։ Չորրորդ եռամսյակում որոշակի բարձրացում տեղի կունենա։
Գնաճի և տնտեսական աճի կանխատեսումների հիմքում դրվել են համաշխարհային տնտեսությունում և ներքին տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները։ Համաձայն փաստաթղթի՝ ԱՄՆ-ում, ԵՄ-ում, ինչպես նաև Ռուսաստանում կանխատեսվում է տնտեսական աճի տեմպի արագացում, համաշխարհային շուկայում պարենամթերքի, նավթի, մետաղների գների աճ չի սպասվում, ինչի արդյունքում արտաքին միջավայրից գնաճային ճնշումներ չեն լինի։ Հայաստանում կանխատեսվում է մասնավոր սպառման 5% աճ, ներդրումների աճը կանխատեսվում է 4%-ի մակարդակում, և ներքին միջավայրից նույնպես գնաճային ճնշումներ չեն սպասվում։
Սիվիլնեթի հարցին, թե ինչ-ով է պայմանավորված ԿԲ-ի լավատեսությունը Ռուսաստանի տնտեսության աճի մասով, եթե հաշվի առնենք, որ առաջին եռամսյակում աճը կարող է կազմել ընդամենը 1%, իսկ տնտեսությունը ռեցեսիայի փուլում է, ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը նշեց, որ Հայաստանի տնտեսական աճը կանխատեսելիս հաշվի են առնվել զարգացումները Ռուսաստանում, այդ թվում՝ միգրացիոն քաղաքականությունը։ «Հունվար, փետրվար ամիսների հիման վրա պետք չէ դատողություններ անել։ Երկրորդ եռամսյակից սկսած Ռուսաստանում կանխատեսվում է աճի տեմպի արագացում»,- ասաց Ստեփանյանը, հավելելով, թե հաշվի առնելով Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության հնարավոր ազդեցությունը, այս տարի դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների աճի ավելի փոքր ցուցանիշ է ակնկալվում՝ 7-9% (2013թ.-ին արձանագրվել է 13%)։
Մեկ այլ հարցի, թե ինչու են ԿԲ-ում կարծում, որ տնտեսական աճը կլինի կառավարության կողմից կանխատեսվող 5,2%-ից բարձր, Ստեփանյանը նշեց, որ ԿԲ-ն ավելի լավատես չէ, պարզապես ցուցանիշները «չոր հաշվարկներ» են։ «Ակնկալվում է, որ այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական աճի ցուցանիշը կլինի ցածր, պայմանավորված անցած տարվա բարձր բազայով, իսկ արդեն տարվա երկրորդ կեսից տեղի է ունենալու աճի տեմպի արագացում»,- ասաց ԿԲ խորհրդի անդամը։
ԿԲ-ն Հայաստանի տնտեսական զարգացումների և գնաճի վրա Մաքսային միությանն անդամակցության հնարավոր ազդեցությանը դեռ չի գնահատել, քանի որ անդամակցության պայմանները քննարկման փուլում են: Դրանց հստակեցումից հետո միայն գլխավոր դրամատունը, իր հաջորդ հրապարակումներում, կանդրադառնա գնահատումներին: Ստեփանյանի խոսքով՝ կառավարությունը բանակցում է 900 անվանում ապրանքների մաքսատուրքերի գծով արտոնություններ ստանալու ուղղությամբ և այս պահին դեռևս հնարավոր չէ կանխատեսել գնաճային հնարավոր ազդեցությունները։ «Կարծում եմ, որ Մաքսային միության անդամակցության հետևանքով գնաճի էական բարձրացում տեղի չի ունենա»,- ասաց Ստեփանյանը՝ այդպես էլ չհստակեցնելով, թե «էական» ասվածը որքան է թվային արտահայտությամբ։
Civilnet











