Սոչիում փետրվարի 24-ին կայացել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքը:
Վարչապետները քննարկել են Հայաստանի` Մաքսային միությանը միանալու նախապատրաստական աշխատանքները, տնտեսական համագործակցությունը և դոնորային համաժողովի անցկացումը:
«Այսօր մենք ունենք հնարավորություն` քննարկել հայ-ռուսական համագործակցության բոլոր ասպեկտները, խոսել, թե ինչ նախապատրաստական քայլեր են կատարվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ և որ փուլում են դրանք գտնվում, ինչպես է կատարվում հայտնի «ճանապարհային քարտեզը»»,- ասել է Մեդվեդևը Սարգսյանի հետ հանդիպմանը:
Երկու երկրների վարչապետները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը` ներառյալ էներգետիկ, արդյունաբերական և ենթակառուցվածնքների բնագավառների համատեղ ծրագրերը:
Տիգրան Սարգսյանն ասել է, որ Հայաստանում գործում են հազարից ավելի ռուսական կապիտալով ընկերություններ: «Ներդրումների ծավալով Ռուսաստանը մեր երկրում զբաղեցնում է առաջին տեղը: Հույս ունենք, որ առաջիկայում ևս այդ ներդրումները կշարունակվեն մեր երկրի տարբեր ոլորտներում»,- ասել է ՀՀ վարչապետը:
Civilnet











