Կենսաթոշակային համակարգի բարեփոխումները գոնե առաջիկա տարիներին չեն նպաստելու տնտեսությունում «երկար փողերի» ձևավորմանը։
2014թ. ներդրված պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգի մասով պետբյուջեով նախատեսված է 20,7 մլրդ դրամի ծախս։ Եթե հաշվի առնենք, որ պարտադիր ֆոնդին վճարները աշխատակիցների բազային եկամտի 10%-ի չափով են, որից կառավարության մասնակցության չափը 5% է, բայց ոչ ավել՝ քան 25 հազ. դրամը, ապա մոտավոր հաշվարկներով կենսաթոշակային ֆոնդի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 45 մլրդ։ Խոսքը մեծ գումարի մասին չէ, սակայն անգամ այս ծավալի տեղաբաշխման հետ կարող են խնդիրներ առաջանալ։ Խոսքն ազգային արժույթով ֆինանսական գործիքների մասին է։
Կառավարությունը ֆոնդերի միջոցներից արտարժույթով ներդրումների առավելագույն չափ սահմանել է 40%-ը, ինչը նշանակում է, որ այդ միջոցներից 27 մլրդ դրամը պետք է ներդրվի ազգային արժույթով ֆինանսական գործիքներում։ Գումարները կարող են ներդրվել բանկային ավանդներում, արժեթղթերում։ Հաշվի առնելով, որ միջոցների հիմնական մասը կուտակվելու է «Պահպանողական կենսաթոշակային ֆոնդում» (75% պարտքային և 25% բաժնային արժեթղթեր) և «Կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդում» (100% պարտքային արժեթղթեր), ապա առնվազն 20 մլրդ դրամը պետք է ներդրվի ավանդներում կամ պարտատոմսերում։
Նման ծավալի միջոցներ պարտատոմսերում, մասնավորապես՝ պետպարտատոմսերում, տեղաբաշխելու խնդիր չէր լինի, եթե կառավարությունը «Կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ֆինանսական գործիքներում ներդրման քանակային և արժութային սահմանափակումների մասին» որոշումով չսահմաներ այս կամ այն ֆինանսական գործիքում ներդրումների առավելագույն սահմանաչափը։
Այսպես, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն կարող ներդրվել մեկ էմիտենտի կողմից թողարկված պարտքային արժեթղթերի ավելի քան 10%-ում, ինչը նշանակում է, որ կառավարության պարտատոմսերում կարելի է ներդնել ընդամենը 4,5 մլրդ դրամ։ Նույնքան գումար էլ կարելի է ուղղել Կենտրոնական բանկի կողմից թողարկված պարտատոմսերին։
Ստացվում է, որ նույնիսկ երկու այս պետական ինստիտուտների արժեթղթերում ներդրումներ կատարելուց հետո ֆոնդերի կառավարիչները խնդիր են ունենալու ևս 11 մլրդ դրամի տեղաբաշխման հետ։ Այս միջոցները չի կարող կլանել նաև Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան, որի ծավալը ներկայում մոտ 7 մլրդ դրամ է։ Ազգային արժույթով կորպորատիվ պարտատոմսեր Հայաստանում թողարկել է ընդամենը 4 կազմակերպություն, որոնք բոլորն էլ ֆինանսական համակարգի կազմակերպություններ են։
Հաշվարկներից ստացվում է, որ գործող սահմանափակումների պայմաններում ֆինանսական շուկայում առկա գործիքներում ներդրումներ կատարելուց հետո ֆոնդերի կառավարիչները խնդիր են ունենալու ևս 4 մլրդ դրամի տեղաբաշխման հետ։ Միակ հնարավորությունը մնալու են բանկային ավանդները։
Փաստացի, բարեփոխումները գոնե առաջիկա տարիներին չեն նպաստելու տնտեսությունում «երկար փողերի» ձևավորմանը։
Տեսականորեն չի բացառվում, որ այս տարվա ընթացքում մի քանի ընկերություն պարտատոմսեր թողարկեն՝ կլանելով «ավելցուկային» այս միջոցները։ Գործնականում սա քիչ հավանական է. պարտատոմսերի թողարկումն ենթադրում է մոտ 6 ամվա նախապատրաստական աշխատանք, ինչպես նաև հրապարակայնություն՝ վերջին երեք տարվա ընթացքում։ Հայաստանում վերջին պահանջին քիչ ընկերություններ են բավարարում։
Ստացվում է, որ կառավարությունը կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկը տվել է ֆինանսական շուկայի ոչ այնքան պատրաստված վիճակում։ Մասնավոր ընկերությունները ևս չեն շտապել մուտք գործել կորպորատիվ պարտատոմսերի շուկա, թեև այս հունվարից պարտադիր կենսաթոշակային համակարգի մեկնարկի մասին հայտնի էր բոլորին։
Կենսաթոշակային ֆոնդերի միջոցների տեղաբաշխման հետ խնդիրներն էլ ավելի կլինեին, եթե անցած տարվա վերջին և այս տարվա հունվարին Միջազգային ֆինանսական կորպորացիան և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը չթողարկեին 2 մլրդ-ական դրամի պարտատոմսեր։
Եթե այս տարվա երկրորդ կեսին և 2014թ. չլինեն ազգային արժույթով արտահայտված կորպորատիվ պարտատոմսերի թողարկումներ, ապա 2015թ. ևս ֆոնդերի կառավարիչները կբախվեն միջոցների տեղաբաշխման խնդիրների, որոնց ծավալը կարող է կազմել 54-60 մլրդ դրամ։
Civilnet











