Փետրվարի 24-ին Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետեր Տիգրան Սարգսյանի ու Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը հստակություն է մտցրել «Նաիրիտի» ճակատագրում։
Կառավարությունը «Նաիրիտ գործարանում» փորձում է կիրառել սխեմա, որը թույլ կտա սառեցնել գործարանի պարտքերը և նոր էջից սկսել կաուչուկի արտադրությունը։
Փետրվարի 24-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը Սոչիում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ըստ «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինի՝ ընկերությունը Հայաստանում պատրաստվում է շուրջ 500 մլն դոլարի ներդրումային ծրագիր իրականացնել։ «Մոտակա շաբաթվա ընթացքում մենք արդեն առարկայական քննարկելու ենք, թե ինչ պայմաններ պետք է ստեղծենք այդ ներդրումների համար, որպեսզի հնարավորին չափ կարճ ժամկետում դրանք դառնան իրականություն։ Բնականաբար, ծրագիրն առնչվում է «Նաիրիտ» գործարանին, քանի որ նոր կառուցվելիք գործարանում հիմնական աշխատողները լինելու են հենց «Նաիրիտ»-ի աշխատողները»,- ասել է վարչապետը։
Թե ինչպես է «Ռոսնեֆտը» առանց «Նաիրիտ գործարանի» պատրաստվում հիմնել կաուչուկի արտադրություն, պարզ չէ՝ արտադրական հոսքագիծը գտնվում է գործարանի հաշվեկշռում։ Մյուս կողմից, չի բացառվում, որ կառավարությունը «Նաիրիտ գործարանի» մասով իրականացնի 2000թ. սցենարը, երբ «Նաիրիտը» բաժանվեց երեք՝ «Նաիրիտ-1», «Նաիրիտ-2» և «Նաիրիտ» ընկերությունների, և դրանով իսկ առողջացվեց պետական ընկերությունը։ Պարզ ասած՝ քիմիական գործարանի և վերջինիս հետ տեխնոլոգիապես կապված շինություններն ու այլ կառույցները տրվեցին «Նաիրիտ 1»-ին (ներկայիս «Նաիրիտ գործարան»), «Նաիրիտ 2»-ին փոխանցվեցին պոլիմերների գիտահետազոտական և նախագծային ինստիտուտի տեղակայանքներն ու հաղորդակցուղին, իսկ պարտքերը թողնվեցին «Նաիրիտին», որը ներկայում սնանկացման գործընթացում է։
Անցած տարվա դեկտեմբերին հաղորդագրություն տարածվեց, որ Երևանում «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր։ Հաշվի առնելով «Ռոսնեֆտի» հետաքրքրությունը «Նաիրիտի» նկատմամբ, ենթադրվում է որ գործարանը պետք է ստեղծվեր հենց քիմիական հսկայի հենքի վրա։
Վարչապետի հայտարարությունը, սակայն, այլ բանի մասին է խոսում։ «Ռոսնեֆտը» խնդիր ունի «Նաիրիտ գործարանի» պարտքերի հետ, որոնք տարբեր գնահատականներով կազմում են $200-$250 մլն։ Պարզ ասած, ռուսական ընկերությունը չի ցանկանում ստանձնել պարտքերով ծանրաբեռնված «Նաիրիտ գործարանի» կառավարումը։
Տիգրան Սարգսյանի այս հայտարարությունից հետո պարզ է դառնում, որ պարտքային խնդիրը կարծես լուծում է գտել. հիմնվելու է նոր ընկերություն՝ «Նաիրիտ գործարանը» վերագործարկելու փոխարեն։
Խոսքը հազիվ թե նոր գործարանի կառուցման մասին է, եթե հաշվի առնենք, որ «Նաիրիտ գործարանի» արդիականացումը 2011թ. «Նաիրիտի» և ԱՊՀ միջպետական բանկի կողմից պատրաստված «2011-2019 թթ. «Նաիրիտի» զարգացման և վերակառուցման» ծրագրով գնահատվել է $367 մլն։ Ծրագրում, սակայն, ամրագրված է $146 մլն արժողությամբ պարտքերի մարում։ Գումարը վերջին երեք տարիներին էապես ավելացել է։
Չի բացառվում, որ կառավարությունը, որպես «Նաիրիտ գործարանի» 10% բաժնետեր, նախաձեռնի գործարանի տրոհում և մյուս բաժնետիրոջը՝ ԱՊՀ Միջպետական բանկին («Նաիրիտի» հիմնական վարկառու) երաշխավորի, որ վաճառված գույքից ստացված միջոցները կուղղվեն բանկի վարկերի մարմանը։
2011թ. վերջի դրությամբ (ավելի թարմ տվյալները բացակայում են) «Նաիրիտ գործարանի» հիմնական միջոցները գնահատված էին 64,8 մլրդ դրամ կամ $160 մլն, պարտքը կազմում էր 51 մլրդ դրամ կամ մոտ $126 մլն, որը վերջին տարիներին ակնհայտորեն է ավելացել է (նույնիսկ պարապուրդի մատնված գործարանի օրական ծախսը կազմում է մոտ 30 մլն դրամ)։
Եթե կառավարությունը որոշի տրոհել «Նաիրիտ գործարանը», անհասկանալի է, թե ով է մարելու կուտակված պարտքերը, որոնց ձևավորմանն ուղղակի մասնակցություն է ունեցել նաև կառավարությունը։ Գործարանը, աշխատակիցների բողոքի ակցիաներից հետո, աշխատավարձերը վճարել է կառավարության երաշխիքով բանկերից վերցված վարկային միջոցների հաշվին։
Civilnet











