Պոեզիան և ՀՀԿ-ն (մեղա, մեղա)

Պոեզիայում գոյություն ունի «զուգահեռ իրականություն» հասկացությունը: Հեղինակային իրավունքը բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկիինն է: Բրոդսկին նկատի ունի, որ ոչ ոք չի կարող ասել, թե այն, ինչ տեքստում է, իրական չէ: Ըստ նրա` պոեզիայի իրականությունն ամեն վայրկյան նույնքան իրական ու շոշափելի է, որքան կյանքը: Պոեզիայի «ոջիլը» իր անտանելիությամբ ու աշխուժությամբ չի զիջում, ասենք, բարձրաստիճան որևէ ՀՀԿ-ականի անտանելիությանն ու աշխուժությանը: Հարցն այն է, թե դու՝ ընթերցողդ, կամ քաղաքացին, որ իրականության ժամանակակիցն եք:
Ընթերցողը կարող է լինել ՀՀԿ-ի ժամանակակիցը, իսկ քաղաքացին՝ ոջիլի: Պոեզիան, ինչպես և իրականությունը, ընթանում են հավերժության հայտերով: Այսինքն, երկուսն էլ իրականության հավերժի անատոմիան են քրքրում: ՀՀԿ-ականն իրեն հայտնի մեթոդներով, պոեզիան՝ իրեն հայտնի: «Համլետն» առ այսօր բոլոր ապրողների ժամանակակիցն է, որովհետև այնտեղ ամեն ինչ կա՝ լեգիտիմության հարց («Մարմինն արքայի մոտ է, բայց արքան մարմնի մոտ չէ»), Քրիստոս, սուտ, գիրք, թագավոր, դավադրություն, սեր, արքայահաճոյություն: Բոլոր իրականություններին զուգահեռ ստեղծագործություն է: Բնականաբար, հավերժական գործ է: Որովհետև գրելով ստի մասին` այնտեղ ոչ մի սուտ տող չկա:
Ազգային ժողովի նիստերին հետևող ցանկացած քաղաքացի կարող է ապշել, թե ինչ անթաքույց ու համոզմունքով է ստում ՀՀԿ խմբակցության ցանկացած անդամ: Ոմանք, հնարավոր է, սիրտն են բռնում ստի ու անպատկառության այդպիսի դոզայից: Կարիք չկա: ՀՀԿ-ին պետք է նայել հավերժության կողմից: Եթե այդ կուսակցությունը հավերժ է, ուրեմն ՀՀԿ-ականները ճիշտ են: Եթե նրանք մեր իրականությունում հնարավոր են, ուրեմն ճիշտ են: Ընդդիմության համագործակցության մասին խոսելիս ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը վկայակոչում է Կռիլիովի հայտնի առակը: Այսինքն, դիմում է պոեզիային: Սա ՀՀԿ-ի և պոեզիայի համագործակցության մասին չէ: Սա միջոցների միջև խտրականություն չդնելու մասին է, ինչը նորմալ է: Պոեզիան թույլ չի տա, որ Կարեն Ավագյանը կամ Դավիթ Հարությունյանը լավ ապրելու իրենց ձգտումներով դառնան տեքստի մաս: Պոեզիան բյուրեղացված սրիկայությունն է միայն դարձնում թեմա:
Մեֆիստոֆելին կյանքում չես հանդիպի, կյանքը հազիվ կարող է ձգել ֆաշիզմին ու ՀՀԿ-ին: Այսինքն, կյանքի բաժինը սրիկայության այն չափն է, որքան կարող է կրել մարմինը: Յագոն երբեք չի զղջա, որովհետև ինքը բնություն ունի, ինքն իր բնության համար պատասխանատու է: Կարեն Ավագյանը կամ Դավիթ Հարությունյանը կզղջան, որովհետև փոխվում է իշխանությունը, ոչ թե իրենք: Այս մարդիկ կյանքի հարուստ էության ստրուկներն են, բայց իրենք էությամբ հարուստ չեն, իրենք առագաստներ են, որոնք քամի են փնտրում: Այսօր այդ քամին ՀՀԿ-ն է: Նրանք ճիշտ են, քանի փող են աշխատում, քանի դեռ նրանց խանգարող չկա: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ասում է՝ գոնե թող Աստծուց վախենան: Պոեզիան լոռեցիական այս միամտությունը չի կարող այնքան բյուրեղացնել, որպեսզի սրա վերջն երևա, դա կարող են անել Մարքսը և Ստալինը: Որովհետև քանի դեռ Աստված չկա, վախենալու «զենքերը» շատ չեն:
ՀՀԿ-ն մեր զուգահեռ իրականությունն է, նա, այո, ծիծաղում է ընդդիմության վրա, թե՝ դա ի՞նչ ընդդիմություն է, որը փոշիացնում է իր կրիտիկական զանգվածը: Այսինքն, այնքան անպատիժ են զգում իրենց, այնքան ուրիշ իրականության ներկայացուցիչ են, որ արդեն ընդդիմության ցավերն են բարձրաձայնում: Իրենք հո չեն ուզում, որ կրիտիկական զանգված լինի: Իրենք պարզապես ծիծաղում են անփոխարինելիի և փոփոխությունների քամին չտեսնողի դիրքերից: Կյանքը պոեզիայից պակաս հարուստ չէ և պոեզիա է դառնում, ոչ թե ՀՀԿ-ականը, այլ՝ կյանքը: Բայց վայ այն օրվան, երբ մի քանի գերեզման ունեցող Նժդեհի կուսակցությունից քամու բերանը տալու փոշի էլ չի մնա:
Թեմա
Մհեր Արշակյան










