Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը գլխավորելու է շվեյցարացի 62-ամյա մասնագետ Բեռնար Շալանդը, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Շալանդը մարզչական կարիերան սկսել է 1977 թ.՝ աշխատելով բացառապես շվեյցարական ակումբներում: 2001-07թթ. գլխավորել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականը: 2007-10թթ. հանդիսացել է «Ցյուրիխի» գլխավոր մարզիչը: Շալանդի գլխավորությամբ «Ցյուրիխը» բավական հաջող է հանդես եկել եվրագավաթներում: 2007-08թթ. Շվեյցարիայի ամենահեղինակավոր ակումբներից մեկը նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթի խմբային մրցաշարի ուղեգիր, իսկ 2009-10թթ. հանդես է եկել Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում:
Փորձառու մասնագետի վերջին ակումբը եղել է «Յանգ Բոյզը», որտեղից նա հեռացել է 2013 թվականի ամռանը:
Շալանդի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը հանդես է գալու «Եվրո-2016»-ի ընտրական փուլում: Նա աշխատանքի կանցնի մարտի 5-ին կայանալիք Ռուսաստան-Հայաստան խաղից հետո, հաղորդում է armsport.am-ը:
Civilnet











