Վլադիմիր Գասպարյանի «կռիվ-կռիվը»

Երևան ժամանող երթուղայինների բոլոր վարորդները հայրեր են: Կամ՝ որդիներ: Նրանց ճանապարհները մարզերում փակող բոլոր ոստիկանները հայրեր են: Կամ՝ որդիներ: Այդ ոստիկաններին հրաման տվող բարձրաստիճանները նույնպես հայրեր են: Կամ՝ որդիներ: Հիմա տեսեք: Նրանք կամ հրամաններ են տալիս, կամ հրամաններ են կատարում: Ահա նրանց ամբողջ կյանքը: Բայց սա ցանկացած ստրուկի (հրաման տվողի և կատարողի) կյանքի երևացող կողմն է:
Պետք է հասկանալ, որ հրաման տալու կամ կատարելու ակունքները նրանց հոգու խորքերում է: Եվ որ հնազանդությունն այստեղ բացարձակապես դեր չունի: Տերը կա, հրամանը կա, կատարողը կա, բայց հնազանդություն չկա: Որովհետև հնազանդությունը արտաքին օրենքներ չունի: «Հնազանդությունը» դառնում է պետական հասկացություն, երբ այն տարածվում է և հրաման տվողի, և կատարողի վրա: Այսինքն, երբ Սիսիան-Երևան ավտոմայրուղին ոչ միայն դրանով ընթացողի իրավունքի մայրուղին է, այլև այնտեղ կանգնած ոստիկանի: Մենք ինչու՞ ենք ասում, որ հայ ոստիկանը պետք է գրագետ լինի: Մենք դա ասում ենք հենց այսպիսի դեպքերի համար: Եթե ոստիկանը սոսկ իրեն տրված հրամանն է, հանցագործը հանցագործ լինելու իրավունքն է: Որովհետև վերացել է ոստիկանի և հանցագործի գործողությունների «լեգիտիմության» սահմանը: Եթե ոստիկանը մարդուն զրկում է պարզապես ժամանել Երևան, և դրա բացատրությունը չունի, հանցագործն էլ կարող է առանց բացատրության մարդ սպանել կամ խանութ թալանել: Հնազանդությունը իշխանության հրահանգների հետ կապ չունի, հնազանդությունն ինքն է ստեղծում իշխանություն: Հնազանդությունը հենց այն բանի համար է, որ հանցագործը ճանաչի ուրիշի իրավունքը: Ահա թե ինչ է նշանակում «հնազանդությունն ինքն է ծնում իշխանություն» ձևակերպումը: Եվ այդ իշխանությունը սնվում է միայն հնազանդությամբ: Այսինքն, այդ իշխանության ձեռքին փայտ չկա, այդ իշխանության բերանին «գյադեք դես, գյադեք դեն» չկա: Այդ իշխանության հիմքում բոլոր արտաքին ազդակների լեգիտիմությունն է: Այսինքն, մյուսների գոյության իրավունքի անխախտ փաստը:
Ուրեմն որտե՞ղ է հրաման տվողների և կատարողների ստրկության հիմքը: Ստրկության հիմքը նրանց երազանքի մեջ է: Առաջինները երազել են հրաման տալ, երկրորդները երազել են այդ «կատարողականից» ստեղծել իրենց հրամանը: Հանրահավաքների օրերին հայ ոստիկանները ոչ հայր են, ոչ էլ որդի: Երթուղային վարորդը նույնպես: Եվ Սերժ Սարգսյանն առավելապես: Բոլոր այս մարդիկ Հայրենիք չունեն: Սրանց չես հասկացնի, որ դիցուք, շումերի լեզուն հայերենն է, որ Չարենցի «Երկիր Նաիրիի» ամբողջ խայտառակությունն իրենք են: Էական չէ, որ շումերն այլ լեզու ուներ, որ հայերենը սրտանց տեքստերի լեզու է: Այս մարդիկ Սահմանադրություն էլ չունեն: Կանոնակարգ նույնպես: Նրանք հասկացրել են, որ որդին հաց ուտող արարած է, եթե հրամանս չկատարես, երեխադ սոված կմնա: Սրանց փիլիսոփայության ամբողջ արեալը սփռված է հրամանի և հացի արանքում: Դրանց մեծ մասը Սերժ Սարգսյանին դեմքով չգիտի: Մյուս մասը հրամաններ արձակելիս հնարավոր կատարողի աչքերի մեջ չի նայելու: Այս ամբողջի անունը նրանք դրել են պետություն: Այսինքն, պետությունը նրանց համար իմաստավորվում է միայն հանրահավաքների օրերին՝ եթե մարդը գալիս է Երևան, պետության փլուզման վտանգը մեծանում է: Եվ սա է այսօրվա Հայաստանը:
Այդ Հայաստանը 23 տարեկան է: Նույնիսկ ամոթ է ասել, որ 23 տարին բավական է, որպեսզի մարդը դառնա չափահաս, որդուց դառնա հայր: Մարդու ինչի՞ն է պետք, որ ինքը որդուց դառնա հայր: Դա պետք է, որպեսզի ինքը կարողանա մանկության «կռիվ-կռիվը» տարբերել խաղաղության «արգելափակոցներից»: Այդ «արգելափակոցները» «կռիվ-կռիվի» դեմ կռիվ չունեն, դրանք անհրաժեշտ են, որպեսզի հանրահավաքն ընկալվի հանրահավաք, մարտի 1-ն ընկալվի մարտի 1, իսկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ընկալվի ոստիկանապետ: Խաղաղության «արգելափակոցները» չեն բացառում մարդու որդի կամ հայր լինելը: Ընդհակառակը, նրանք ասում են՝ եթե Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը պահանջող հանրահավաքը հանցագործություն չէ, դրան ներկա գտնվելու իրավունքը ոչ միայն աղքատ քաղաքացունն է, այլև՝ Սերժ Սարգսյանինը:
Թեմա
Մհեր Արշակյան










