Գլխավոր Լրահոս

Սպասումներն արժեզրկում են դրամը

Սպասումներն արժեզրկում են դրամը

Տարեսկզբից հայկական դրամն արժեզրկվել 2 տոկոսային կետով։

Տարեսկզբից հայկական դրամը ամերիկյան դոլարի նկատմամբ հասցրել է արժեզրկվել 2 տոկոսային կետով՝ պայմանավորված հիմնականում սպասումներով։ Արժեզրկումը կարող էր էլ ավելին լինել, եթե Կենտրոնական բանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» բորսայի միջոցով չվաճառեր $69 մլն։ Սա բորսայում արտարժութային գործարքների ընդհանուր ծավալի 45%-ն է։

Համաշխարհային շուկայում և Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումները Հայաստանի Կենտրոնական բանկին ստիպել են ավելի ակտիվ մասնակցություն ունենալ արտարժութային շուկայում՝ կանխելով ազգային դրամի կտրուկ արժեզրկումը։ Գլխավոր դրամատունը հունվար-փետրվարին բավարարել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» բորսայում դոլարի պահանջարկի 45%-ը։

Տարեսկզբից ԿԲ-ն շուկա է ներարկել մոտ $69 մլն, այն դեպքում երբ ամբողջ 2013թ. ընթացքում ԿԲ-ն արտարժութային շուկայում վաճառել է մոտ $49 մլն, որի մոտ 90%-ը միայն մարտ ամսին։ 2013թ. առաջին երկու ամիսներին ԿԲ-ն բորսայի միջոցով դոլար չի վաճառել, հունվարին անգամ $500 հազ. է գնել։

ԿԲ-ն դոլարի վաճառքների զգալի մասը՝ 63%-ը, իրականացրել է փետրվարի վերջին երկու շաբաթներին, ինչը պայմանավորված է հիմնականում սպասումներով։ Այսպես, ներքին շուկայում դոլարի պահանջարկի էական աճ չի եղել. հունվարին (փետրվարի տվյալները հասանելի չեն) 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ ներկրման ծավալները կրճատվել են 4,4%-ով, ոչ առևտրային նպատակով մասնավոր փոխանցումներն ավելացել 20%-ով՝ մինչև $100 մլն։ Պարզ ասած, օբյեկտիվ գործոններով պայմանավորված Հայաստանում դոլարի պահանջարկի կտրուկ ավելացում չէր կարող լինել։

Այդուհանդերձ, մակրոտնտեսական նման պայմաններում, հունվար-փետրվարին բորսայում արտարժույթի առք ու վաճառքի ծավալը մոտ 2 անգամ գերազանցել է 2013թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը, իսկ դոլարի պահանջարկի կտրուկ ավելացումը հանգեցրել է ազգային արժույթի արժեզրկման։ Դրամի արժեզրկման ճնշումները պայմանավորված են եղել առավելապես սպասումներով։

Այսպես, տարեսկզբից ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը սկսել է վերանայել ընդլայնողական քաղաքականությունը, արագացել է ԱՄՆ տնտեսության աճի տեմպը՝ համաշխարհային շուկայում հանգեցնելով դոլարի դիրքերի ամրապնդման։ Մյուս կողմից, Ռուսաստանում այս ընթացքում ռուբլին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 10%-ով։ Հասկանալի է, որ նման զարգացումները չէին կարող դոլարի ամրապնդման սպասումներ չձևավորել Հայաստանում՝ ստեղծելով արհեստական պահանջարկ։

Չի բացառվում, որ զարգացումները Ուկրաինայում՝ Ղրիմի շուրջ ձևավորվող իրավիճակն ու պատերազմի սպասումները որպես հետևանք, մարտի 3-ին ռուսական ֆոնդային ինդեքսների կտրուկ անկումը, ռուբլու արժեզրկումը, իր արձագանքը կգտնի նաև Հայաստանի արտարժույթի շուկայում և ԿԲ-ն նորից ստիպված լինի միջամտել։

Արտարժույթի հայաստանյան շուկայում շաբաթը սկսվել է դրամի արժեզրկմամբ, առք ու վաճառքի փոխարժեքների տարբերությունը (3 կետ) վկայում է սպեկուլյատիվ սպասումների պահպանման մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում