Հրապարակվել է Հայաստանի ազգային մրցունակության 2013-2014 թթ. զեկույցը՝ «Աճի հրամայականը և խոչընդոտները» թեմայով, որը պատրաստվել է «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության ու «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից:
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը զեկույցի շնորհանդեսին նշեց, որ ուսումնասիրության թեման երկարաժամկետ և կայուն աճը զսպող առանցքային սահմանափակումների բացահայտումն է: Նրա խոսքով` զեկույցը նպատակաուղղված է պետական և մասնավոր հատվածների միջև երկխոսության ձևավորմանը՝ նպաստելով աճի առանցքային սահմանափակումների վերացմանն ուղղված օրակարգի մշակմանը:
«Մենք այսօր ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տնտեսական աճի նույնիսկ մեկ տոկոսային կետը կրիտիկական նշանակություն ունի Հայաստանի համար»,- ասաց Հերգնյանը:
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահի խոսքով` արդյունավետ կառավարման հրամայականը ստիպում է առաջնահերթություններ սահմանել և առաջին հերթին կենտրոնանալ առանցքային սահմնափակումների վրա: Ըստ նրա` դրանք այն ամենաէական սահմանափակումներն են, որոնք մինչև չվերացվեն, այլ գործոնների բարելավմանն ուղղված ջանքերն անարդյունավետ կլինեն:
Զեկույցը վեր է հանել չորս նմանատիպ սահմանափակումներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է անհապաղ և արդյունավետ միջամտություն: Ըստ Հերգնյանի` դրանք են մարդկային կապիտալի ցածր որակը, անկատար մրցակցային միջավայրը, հնարավորությունների բացահայտման պակասը, միաչափ ֆինանսական համակարգը: Նրա խոսքով` քանակական առումով Հայաստանը կրթված մարդկանց պակաս չունի, սակայն աշխատուժի հետ կապված խնդիրները արմատապես կապված են որակի հետ:
«Անարդար մրցակցային դաշտը և ստվերային տնտեսությունը ստեղծում են բազմաշերտ անբարենպաստ ազդեցություններ և՛ ընկերությունների, և՛ երկրի մակարդակով: Մրցակցային դաշտի առողջացումն ու բոլոր ընկերությունների համար հավասար դաշտի ստեղծումը կխթանեն Հայաստանում ձեռներեցության զարգացումը»,- ասաց Հերգնյանը` հավելելով, որ Հայաստանի աճի հեռանկարներն անխուսափելիորեն կապված են արտահանման հետ:
Ըստ «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահի` տնտեսական աճի հիմնական խոչընդոտներից մեկը ֆինանսական համակարգի միակողմանիությունն է, ինչը թույլ չի տալիս ունենալ տնտեսության տարբեր հատվածների կարիքներին հարմարեցված բազմատեսակ գործիքներ: Ըստ նրա` տնտեսության աճը սպասարկելու համար անհրաժեշտ է ունենալ արդյունավետ և դիվերսիֆիկացված ֆինանսական համակարգ:
Առանցքային խոչընդոտների վերացման համար զեկույցն առաջարկում է գործունեության արդար դաշտի ստեղծում, արդյունաբերական քաղաքականության իրականացում, կրթության մեջ խոշոր ներդրումներ, ֆինանսական համակարգի զարգացում:
Համաձայն զեկույցի` գործազրկությունը, աղքատությունն ու արտագաղթը Հայաստանի հիմնական մարտահրավերներն են: Զեկույցի հեղինակները հաշվարկել են, որ ՀՆԱ-ի աճի տեմպը շատ մեծ դերակատարում ունի այս խնդիրների լուծման համար: Շուրջ 10 տարի հետո գործազրկության 6% մակարդակ, արտադրողականության տարեկան 5% աճ և տնտեսական շարժառիթներով պայմանավորված զրոյական միգրացիա ապահովելու համար տնտեսությունը պետք է աճի 7%-ով: ՀՆԱ-ի 10% աճի պայմաններում նախատեսված արդյունքները կարելի է ապահովել մինչև 2016թ.: Հայաստանի տնտեսական աճի ներկայիս տեմպերի պարագայում` 3-4%, թիրախային խնդիրները հնարավոր կլինի վերացնել մինչև 2040թ.:
Զեկույցի շնորհանդեսին ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Աճի հրամայականը և խոչընդոտները» զեկույցի թեման երկարաժամկետ և կայուն աճը զսպող առանցքային սահմանափակումների բացահայտումն է:
Civilnet











