Հայաստանում թափանցիկ և արդար գործարար դաշտի ստեղծումը բոլոր ընկերությունների և տնտեսական դաշտի մասնակիցների հիմնական օրակարգային խնդիրն է։ Այս մասին մարտի 4-ին «Աճի հրամայականը և խոչընդոտները» թեմայով Հայաստանի ազգային մրցունակության 2013-2014 թթ. զեկույցի շնորհանդեսին ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը։ Ըստ նրա՝ գործարար արդար դաշտի ստեղծման հիմնական խնդիրը ստվերային տնտեսությունն է, որտեղից էլ ծագում են մյուս բոլոր խնդիրները։ «Ստվերային տնտեսության շրջանառության պարագայում հակամրցակցային գործելակերպի կանխարգելման, պետական գնումների արդար համակարգի ապահովման գործողությունները ամբողջապես արդյունավետ չեն լինի»,- ասաց Հերգնյանը։
Ըստ նրա՝ Հայաստանում անհրաժեշտ է նաև ընկերությունների նկատմամբ հարկային և մաքսային խտրական վերաբերմունքի վերացում, մասնավոր իրավունքի պահպանում և պաշտպանություն, շուկաներում գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային վարքագծի կանխարգելման պրակտիկայի բարելավում։
Զեկույցի համաձայն` ստվերային տնտեսությունը ստեղծում է բազմաշերտ անբարենպաստ արտաքին ազդեցություն և´ ընկերությունների, և´ երկրի մակարդակով։ «Ստվերային տնտեսության հատվածի կրճատումը կառավարության օրակարգի առաջնահերթություններից է։ Այնուամենայնիվ, դա խավարի մեջ պայքարի է նման, որովհետև առայժմ ստվերային տնտեսության ծավալների վերաբերյալ վստահելի գնահատական նույնիսկ չկա։ Վերջին ամենաթարմ գնահատականը տրվել է 2008-ին, որը այսօր կիրառելի չէ»,- ասված է զեկույցում։
Շնորհանդեսին ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանն իր էլույթում հայտարարեց, որ հավասար մրցակցային դաշտը տնտեսության շարժիչ ուժն է։ Կառավարության համար կարևոր առաջնահերթություններից է ինստիտուցիոնալ միջավայրի ստեղծումը` արդար մրցակցային դաշտի ապահովման համար։ «Դա մեզ չի հաջողվել իրականացնել»,- ասաց Տիգրան Սարգսյանը` հավելելով, թե կառավարության գործունեության ծրագրի արդյունավետության գնահատականը հանդիսանում է ազատ մրցակցային դաշտի ստեղծումը։ Ըստ նրա` վերջինիս ապահովման դեպքում կառավարության ծրագիրը կարելի է իրականացված համարել:
Տիգրան Սարգսյանը նշեց, որ Հայաստանի տնտեսությունում առկա է ֆինանսական միջոցների արդյունավետ վերաբաշխման խնդիր և այդ տեսակետից չափազանց կարևոր է փոքր և միջին բիզնեսի զարգացումը, ինչը նաև քաղաքական բովանդակություն ունի։ Գործադիրի ղեկավարի խոսքով` այսօր Հայաստանում ֆինանսական միջոցների զգալի մասը կենտրոնացված է քիչ թվով տնտեսվարողների ձեռքում։
Civilnet











