Բնական գազ սպառող ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող ընտանիքները (անապահով ընտանիքներ) կարող են օգտվել բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումից, հաղորդում են «Գազպրոմ Արմենիա» [նախկինում`«ՀայՌուսգազարդ»] ընկերության մամուլի ծառայությունից` վկայակոչելով ՀՀ կառավարության 2014թ. հունվարի 30-ի որոշումը:
Փոխհատուցումը տրամադրվում է 2013թ. հուլիսի 7-ից մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում: Անապահով ընտանիքները 450 խմ չափով բնական գազի համար վճարում են 100 դրամ/1 խմ սակագնով (գործող սակագինը՝ 156 դրամ/1 խմ):
Այն անապահով ընտանիքները, որոնք 2013թ. հուլիսի 7-ից մինչև 2014թ. հունվարի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում արդեն սպառել են 450 խմ գազ, ստացել են փոխհատուցում 25,200 դրամի չափով (450խմ × 56 դրամ), որը փետրվարին փոխանցվել է նրանց բաժանորդային հաշվին:
Մինչև 2014թ. հունվարի 31-ը ներառյալ 450 խմ պակաս սպառելու դեպքում փոխհատուցումը հաշվարկվել է սպառված գազի չափով, իսկ հաշվարկված գումարը նույնպես փոխանցվել է բաժանորդային հաշվին: Օրինակ` եթե ընտանիքը սպառել է 300 խմ գազ, ապա նրա բաժանորդային հաշվին փոխանցվել է 16,800 դրամ (300 խմ × 56 դրամ): Իսկ մնացած 150 խմ գազը կարող է սպառել փետրվար ամսից սկսած մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը՝ նույնպես վճարելով 100 դրամ 1 խմ գազի համար:
Գործադիրը 2013թ. մարտին 142 մլն դրամ էր հատկացրել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին` որպես ՀՀ-ի անապահով ընտանիքների կողմից 2012թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում։ Եվս 70,5 մլն դրամ էր տրամադրվել «ՀայՌուսգազարդին»` որպես ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների կողմից 2013թ. հունվար-մարտին սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցում։
Civilnet











