Գլխավոր Լրահոս

Բագրատյանն առաջարկում է հատուցել առանց խտրականության

Բագրատյանն առաջարկում է հատուցել առանց խտրականության

Հրանտ Բագրատյանն առաջարկում է օրենսդրորեն երաշխավորել նաև իրավաբանական անձանց ավանդների հատուցումը

Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն առաջարկում է օրենսդրորեն երաշխավորել բանկային համակարգում իրավաբանական անձանց ավանդների հատուցումը։ Կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ, բայց վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում է, որ պարտադիր վճարի՝ օրենքով ներմուծման յուրաքանչյուր դեպք պետք է լայնորեն ու մանրամասն քննարկվի շահագրգիռ և գործարար շրջանակների հետ։

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, առաջարկելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում կատարել փոփոխություններ, որոնք կերաշխավորեն նաև իրավաբանական անձանց բանկային ավանդների հատուցումը: Փոփոխությունների անհրաժեշտությունը պատգամավորը հիմնավորել է նրանով, որ գործող օրենքը նման երաշխիք վերապահում է միայն ֆիզիկական անձանց, ինչով խտրականություն է դրվում ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև։ Սա պետք է վերացնել։

Ներկայացնելով օրենսդրական նախաձեռնության շուրջ կառավարության եզրակացությունը, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը մարտի 6-ի նիստում նշեց, որ գործադիրն ընդհանուր առմամբ դեմ չէ նախագծով ներկայացված առաջարկությանը, հատկապես, երբ միջազգային պրակտիկայում նման փորձ արդեն գոյություն ունի։ Սակայն նախագծի ընդունման դեպքում հարկ է նկատի ունենալ կարևոր մեկ հանգամանք՝ իրավաբանական անձանց բանկային ավանդների պաշտպանվածության հետ զուգահեռ դրանց ընդգրկումը հատուցման ենթակա ավանդների կազմում, կհանգեցնի բանկերի կողմից ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին կատարվող երաշխիքային վճարների ծավալների ավելացման, ինչը, ի վերջո, լրացուցիչ ֆինանսական վճարների պատճառ կհանդիսանա իրավաբանական անձանց համար։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ հանրությունը չափազանց զգայուն է պարտադիր վճարի նկատմամբ, և օրենքով այդպիսի վճարների ներմուծման յուրաքանչյուր դեպք պետք է լայնորեն ու մանրամասն քննարկվի շահագրգիռ և գործարար լայն շրջանակների հետ։

Լրագրողների հետ հանդիպմանը, հարցին, թե եթե Հայաստանի բանկային համակարգը կայուն է, ապա ինչ կարիք կա նաև երաշխավորել իրավաբանական անձանց ավանդները, Վահրամ Ավանեսյանն ասաց, որ խոսքը բանկային համակարգի ապահովության մասին չէ, քանի որ ցանկացած երկրում լինում են պահեր, երբ բանկային համակարգն ընդհանուր առմամբ ռիսկերի է ենթարկվում։ «Այստեղ խոսքն այն մասին է, որ որքան շատ են ավանդները ապահովագրվում, այնքան հուսալի են դրանք դառնում, և մարդիկ ավելի շատ են ձգտում միջոցները պահել դեպոզիտներում»,- նշեց Ավանեսյանը, հավելելով, թե ավանդները որպես կանեն չեն ապահովագրվում այն ժամանակ, երբ բանկային համակարգը արդեն անհուսալի է։

Ներկայում «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքով դրամային ավանդների համար երաշխավորման առավելագույն չափը 4 մլն դրամ է, արտարժութային ավանդների համար՝ 2 մլն դրամ։

Ավանդները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, որին բանկերը պարտադիր վճարումներ են կատարում։ Բանկերը պարբերական կատարում են երաշխիքային վճարներ՝ հաշվետու եռամսյակի ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին պատկանող բանկային ավանդների միջին օրական ցուցանիշի 0,05%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան տարեկան մեկ միլիոն դրամը: Պարզ ասած՝ բանկերը կատարում են տարեկան երաշխիքային վճարներ ավանդների 0,2%-ի չափով։ Հասկանալի է, որ նույն պայմաններով իրավաբանական անձանց ավանդները երաշխավորելու դեպքում բանկերը ստիպված կլինեն վճարել ավանդների արդեն 0,4%-ի չափով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում