Գլխավոր Լրահոս

Աղոթք Մամիկոն պապիկին խոշտանգողի համար

Աղոթք Մամիկոն պապիկին խոշտանգողի համար
Մամիկոն Խոջոյանին տեսա Իջևանի հիվանդանոցում: Նույնիսկ չէր կարող ասել, թե ինչքան վատ է զգում: Այսինքն, ոչ միայն չէր կարող ասել, այլև հին, ադրբեջանցիներից անկախ պատուհասված հիվանդության բերումով հավանաբար չէր էլ պատկերացնում, թե ինչ աստիճանի վատ է ինքը: Նրա վերքերը հավանաբար հայտնի են արդեն ամբողջ աշխարհին: Եվ խնդիրը հենց վերքերն են: Քանի որ խոսքը հիվանդ ծերունու և մի ամբողջ պետության փոխհարաբերության մասին է: Ադրբեջանը խոշտանգել է հիվանդ ծերունուն: Խոշտանգումը տելեպատիկ չի լինում: Խոշտանգվողը միշտ մերձավոր է: Որպեսզի ռուսը խոշտանգի ամերիկացուն, կա՛մ ամերիկացին պետք է Ռուսաստանում լինի, կա՛մ ռուսը՝ Ամերիկայում: Այստեղից էլ աստվածաշնչյան «սիրիր մերձավորիդ»-ը, քանի որ թշնամանալ հնարավոր է միայն մերձավորի հանդեպ: Դատարաններում հազարավոր գործեր են քննվում՝ դուստրն ընդդեմ մոր, որդին ընդդեմ հոր, թոռն ընդդեմ պապի կամ պապն ընդդեմ թոռան և այլն: «Ու՞մ պիտի պատասխանես (հակաճառես-Մ.Ա.), եթե ոչ նրան, ում սիրում ես»,- հարցնում է Ալբեր Կամյուն: Սիրիր մերձավորիդ, որովհետև մերձավորի հանդեպ սիրո միջով է մարդն առաջանում դեպի ավելի հեռվում գտնվողների վստահությունը: Ավելի հեռվում գտնվողներն այդ սիրո շնորհիվ են հասկանում, որ ամենուր մարդիկ են, այդ սիրո շնորհիվ է մոլորակը հուսալի, այդ սիրո շնորհիվ են քաղաքական հարաբերությունները զերծ մնում համաշխարհային պատերազմներից: «Մերձավորը» հենց սահմանազանցման դեպքերի համար է, որպեսզի գերին ապրի: Որովհետև այդ պահին նա քեզ չվիճակված, այսինքն, չնախասահմանված ամբողջ մերձավորն է: Բայց ահա Մամիկոն Խոջոյանը խոշտանգվել է: Նշանակում է՝ Ադրբեջանը պատերազմ է հայտարարում: Այսինքն, ուզում է ասել՝ ի՞նչ մերձավոր, ի՞նչ բան: Մահմեդականությունը «մերձավոր» չունի, «մերձավորը» հենց քրիստոնեական հասկացություն է: Որովհետև մահմեդականության մեջ անհավատը ենթակա է մահվան, քրիստոնեության մեջ՝ ոչ: Ադրբեջանցու համար էական էլ չէ՝ անհավա՞տ է Մամիկոն Խոջոյանը, թե՞ ոչ: Խոշտանգում է, որ մնացած հայերին դաս լինի: Ինձ համար նույնպես էական չէ՝ անհավատ է այդ ծերունին, թե ոչ: Ինձ համար էական է այն, որ ադրբեջանցին աչք չունի, որ տեսնի: Աչք չունի, որպեսզի իր կասկածները, թե Մամիկոն Խոջոյանը ծպտված հիվանդ է, ցնդեն: Մամիկոն Խոջոյանը ոչ մի շանս չուներ էժան պրծնելու, որովհետև աշխարհի ոչ մի տեքստ ադրբեջանցուն չի ասում, որ այդ ծերունին մերձավոր է՝ ի տարբերություն ուկրաինացու, ամերիկացու, թուրքի և նույնիսկ տաշիրցու, քանի որ Տաշիրը սահմանամերձ չէ: Ոչ մի տեքստ չի ասում, որ «մերձավորը» հենց անառողջ հայ ծերունու և ադրբեջանցի սպայի համար են հնարել, որ այն նախ տարածական հասկացություն է, ոչ թե հոգեկան: «Մերձավորը» հարևանության գերադրական որակն է, ոչ թե հարազատության: Այսպիսի բաներ ադրբեջանական գրականության մեջ չկա: Ադրբեջանական դպրոցներն այսպիսի բաներ չեն ասում: Ահա ինչու Մամիկոն Խոջոյանը միաժամանակ ադրբեջանցիների ձեռքը չընկած Գարեգին Նժդեհ է և նրանց ձեռքն ընկած Գուրգեն Մարգարյան: Մամիկոն Խոջոյանին չսպանեցին, որպեսզի նրա խոշտանգման վկան լինենք, որպեսզի չմոռանանք, որ հիվանդ ծերունու հետ այդպես վարվելն ինչպես կարտահայտվի առողջների վրա: Քանի դեռ չգիտեմ, թե իրականում ինչ կարելի է մտածել իրեն ադրբեջանցի համարող գազանի մասին, ուզում եմ աղոթել նրա համար՝ աղոթում եմ, որ Աստված չլինի և ձեր Ղուրանը լինի նույնքան սնամեջ, որքան, ըստ ձեզ, մեր Աստվածաշունչն է: Դուք ամեն գնով ապրեցնում եք ֆաշիզմը, դուք նրա ստնտուն եք, և ուզում եք, որ ձեր զավակը հենց ֆաշիզմի կաթը խմի: Դուք ուռուցքի նման կանգնած եք իմ որդուն ասվող այն խոսքի վրա, թե հայն ու ադրբեջանցին նույն մարդն են: Որովհետև հայ որդին պիտի հարցնի՝ իսկ ինչո՞ւ հայը 77 տարվա ընթացքում Մամիկոն պապիկի հանդեպ չարեց նույնը, ինչ ադրբեջանցին՝ մեկ ամսում: Աղոթում եմ, որ սիրեք կյանքը ամբողջ էությամբ, այլապես դա կյանք չէ, որ դուք եք ապրում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում