Այս հունվարին ավելացել է ԱՊՊԱ պայմանագրերի թիվ, չշահագործվող ավտոմեքենաների հաշվին։
Չշահագործվող ավտոմեքենաները ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ վնասաբերությունը նվազեցրել են մինչև 89%։ Չնայած նվազմանը, ցուցանիշը շարունակում է բարձր մնալ սակագնի հիմքում դրված վնասաբերության մակարդակից (78%)։
2014թ. հունվարի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը Հայաստանում կազմել է 421,14 հազ., ինչը 2013թ. վերջի համեմատ ավելի է 3,4%-ով կամ 13,7 հազ-ով։
Կնքված պայմանագրերի թվի ավելացումը պայմանավորված է հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններով, ըստ որի ավտոմեքենաների սեփականատերերին այլև ԱՊՊԱ կտրոններ չեն տրամադրվում, իսկ պայմանագրեր չունենալու համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է համակարգչային շտեմարանների տվյալների հիման վրա՝ անգամ այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցը չի շահագործվում: Պարզ ասած՝ հունվարին ԱՊՊԱ պայմանագրերի թվի ավելացումը տեղի է ունեցել հենց չշահագործվող ավտոմեքենաների հաշվին։ Քանի դեռ մեքենան հանված չէ հաշվառումից, քաղաքացիները շարունակելու են փոստով տուգանքների անդորրագրեր ստանալ։ Այս պայմաններում նրանցից շատերը պարզապես նախընտրել են ԱՊՊԱ պայմանագրեր կնքել, քան յուրաքանչյուր տասն օրվա համար 5 հազ. դրամ տուգանք վճարել։
ԱՊՊԱ պայմանագրերի թվի ավելացումը բերել է նրան, որ հունվարին համակարգում վնասաբերության ցուցանիշը կազմել է մոտ 79%՝ 2013թ. հունվարի համեմատ նվազելով 3 տոկոսային կետով։ Այդուհանդերձ, հունվարի ցուցանիշը 2013թ. տարեկան կտրվածքով արձանագրված վնասաբերության մակարդակից (76,6%) բարձր է 2,4 տոկոսային կետով։ Հունվարյան վնասաբերությունը մեծ է նաև ԱՊՊԱ սակագնի հիմքում դրված 78% մակարդակից, ընկերություններում կրիտիկական են համարում վնասաբերության 70 շեմը%։
Հունվարին բավարարված դիմումների գծով վճարված հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 768 մլն դրամ, ինչը 2013թ. հունվարի համեմատ պակաս է 20%-ով։ Սա արդյունք է այն բանի, որ այս տարվա հունվարին 2013թ. նույն ամսվա համեմատ կարգավորված դիմումների քանակը կրճատվել է 16,8%-ով՝ կազմելով 4,15 հազ.։ Մյուս կողմից՝ այս տարվա հունվարին հատուցման միջին չափը կազմել է 185 հազ. դրամ, այն դեպքում երբ 2013թ. հունվարին այդ ծավալը 191 հազ. դրամ էր։
Առաջին հայացքից սա կարելի է վերագրել վարորդների կարգապահությանը. սակայն այս տարվա հունվարին ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստի ծավալը կազմել է 1,6 մլրդ դրամ, ինչը 2013թ. հունվարի համեմատ ավելի է 25%-ով։ Պարզ ասած՝ այս տարվա հունվարին վթարների և հատուցման համար ներկայացված դիմումների թիվն իրականում եղել է ավելի մեծ, պարզապես ապահովագրական ընկերությունները բավարարել են դրանց մի մասը, մյուսը հատվածը տեղափոխվել է փետրվար։ Հունվարին ներկայացվել է հատուցում ստանալու 5,46 հազ. դիմում։
Civilnet











