Ինչ կլինի Տիգրան Սարգսյանից հետո

Կառավարությանն անվստահություն հայտնելու խնդրի հետ կապված խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունների մոտ փոխզիջման հնարավորությունը առավել իրատեսական է դառնում: Համենայնդեպս, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների առանցքային դեմքերը կառավարությանն անվստահություն հայտնելու օրակարգի հետ կապված որևէ առարկություն չեն ներկայացրել։ Խնդրո առարական հիմնականում Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության հրաժարականից հետո ակնկալվող քայլերն են:
Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության քննադատները պնդում են, թե նախաձեռնությունը ընդամենը քաղաքական շահարկում է։
Նախ նշվում է, որ նախաձեռնությունը դատապարտված է, քանի որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», խորհդարանական գործընթացով չեն կարողանալու անվստահություն հայտնել գործող կառավարությանը: ՀՀԿ-ն արգելափակելու է կառավարությանն անվստահություն հայտնելու ոչ իշխանական խմբակցությունների նախաձեռնությունը:
Այս պնդումը ճիշտ կլիներ, եթե ոչ իշխանական խմբակցությունների կողմից անվստահություն հայտնելու գործընթացը սահմանափակվեր միայն խորհրդարանի պատերի ներսում: Սակայն եթե ոչ իշխանական ուժերը օգտագործում են իրենց սահմանադրական իրավունքը և անվստահություն հայտնելու խորհրդարանական գործընթացը զուգորդում են հրապարակային բողոքի զանգվածային գործողություններով, ապա իշխանության դիմադրության ռեսուրսը չեզոքանում է։
Մի բան է, երբ գործընթացը սահմանափակվում է խորհրդարանի պատերի ներսում, բոլորովին այլ բան, երբ դրան մի քանի տասնյակ հազար քաղաքացի է միանում Ազատության հրապարակում ։
Քննադատների մյուս պնդումն այն է, որ անձերի փոփոխությամբ իրավիճակը երկրում չի փոխվելու, քանի որ միևնույն է խորհրդարանում մեծամասնություն ունենալու շնորհիվ նոր վարչապետին նշանակելու է ՀՀԿ-ն։ Պնդումը իրատեսական կլինի, եթե ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», Տիգրան Սարգսյանի պաշտոնազրկման գործընթացը դիտարկեն զուտ տեխնիկական փոփոխություն:
Այս պարագայում ոչ իշխանական խորհրդարանական ուժերը կառավարությանը անվստահություն հայտնելուն զուգահեռ պետք է ներկայացնեն նոր կառավարության այլընտրանքային ծրագիրը, որը երկիրը սոցիալ-տնտեսական ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու «ճանապարհային քարտեզ» կլինի: Այս դեպքում անձերի մեխանիկական փոփոխության խնդիրը օրակարգից դուրս է գալիս, քանի որ իշխող Հանրապետական կուսակցությանը պարտադրվելու է ոչ միայն կառավարության հրաժարականը, այլ նաև առաջարկվող այլընտրանքային ծրագրի հաստատումը՝ քաղաքական նոր՝ ընդգրկուն կոալիցիոն կառավարությամբ, որտեղ առանցքային դեր կունենան ոչ իշխանական ուժերը, և վարչապետի անձն այդքան վճռորոշ չի լինի։
Քննադատների հաջորդ փաստարակն այն է, որ կառավարության հրաժարականից հետո միևնույն է Սերժ Սարգսյանը մնալու է նախագահի աթոռին, հետևաբար գործադիր իշխանության մեջ փոփոխությունները կրելու են բուտաֆորիկ բնույթ:
Այս պնդումը միայն առաջին հայացքից է հիմնավոր: Առավել խորքային դիտարկման դեպքում Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետ սկսվելու է ներիշխանական ճգնաժամ։ Իշխանության ներսում գործող ուժային կենտրոնները սկսելու են առավել դինամիկ ու բացահայտ առճակատվել, չի բացառվում նաև որ իշխանության ողջախոհ հատվածը սկսի ինտենսիվ համագործակցել ոչ իշխանական ուժային կենտրոնի հետ: Այդ դեպքում Սերժ Սարգսյանը կորցնում է իշխանական համակարգի ներսում հավասարակշռությունն ու տոտալ վերահսկողությունը, իսկ շատ կարճ ժամանակ հետո՝ դե ֆակտո իշխանության մեծ մասը։ Բացի այդ, Սահմանադրությամբ վարչապետը բավական մեծ լիազորություններով է օժտված, դրանք գործնականում կիրառելու դեպքում Սերժ Սարգսյանը նաև դե յուրե կզրկվի իշխանության պատկառելի մասից: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Սահմանադրության համաձայն Սերժ Սարգսյանը այլևս իրավունք չունի երրորդ ժամկետում առաջադրել իր թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնի համար, ապա նա վերածվում է «Կաղ բադի»՝ զրկված լինելով իր «ժառանգորդին» իշխանություն փոխանցելու լուրջ հնարավորություններից:
Միևնույն ժամանակ հեռացող նախագահի վրա խաղադրույք անելու մոտիվացիան վերանում է նույնիսկ իշխող Հանարապետական կուսակցության ներկայացուցիչների մոտ:
Գործող կառավարության անվստահության գործընթացն ըստ էության անցնցում իշխանափոխության «ճանապարհային քարտեզի» առաջին և անհրաժեշտ քայլերից մեկն է։ Այս պատճառով է, որ Սերժ Սարգսյանը համառորեն հրաժարվում է փոխել կառավարությանը, այլապես, եթե տեխնիկական փոփոխության խնդիր լիներ, նա կրքերը հանդարտեցնելու համար վաղուց կատարած կլիներ այդ փոփոխությունը:











