Գլխավոր Լրահոս

ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին $128 մլն վարկի տրամադրումը

ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին $128 մլն վարկի տրամադրումը

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների խորհուրդը մարտի 7-ին հաստատել է «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) 38-ամսյա ծրագիրը, որի շրջանակում Հայաստանին $127,6 մլն-ի չափով վարկ (82,21 մլն փոխառության հատուկ իրավունք - ՓՀԻ) կտրամադրվի, ասված է ԱՄՀ-ի տարածած հաղորդագրությունում:

Ծրագրի հիմնական նպատակներն են` աջակցել աղքատության կրճատմանը, գնաճի կայունությանը, հարկաբյուջետային և արտաքին կայունության վերականգնմանը, հակազդել տնտեսական գործունեության հետընթացին:

«Հարկաբյուջետային քաղաքականությունը կենտրոնական դեր է խաղալու ծրագրում` աջակցելով 2014-ի աճին ու նվազեցնելով հնարավոր դեֆիցիտը ծրագրի մնացած ժամանակահատվածի համար` ստեղծելով ռազմավարական արգելակներ»,- ԱՄՀ գործադիր խորհրդի նիստին ասել է տնօրենի տեղակալ և նախագահողի պաշտոնակատար Նեմաթ Շաֆիկը:

Նրա խոսքով՝ աճին նպաստող կառուցվածքային բարեփոխումները նույնպես կարևոր դեր են խաղալու նոր ծրագրում` նպատակ ունենալով Հայաստանը դարձնել դինամիկ զարգացող շուկա:

«Այս համատեքստում Եվրասիական մաքսային միությանն առանց խոչընդոտների անդամակցությունը, ինչպես նաև Եվրամիության հետ առևտրի աճն ու մյուս կապերի շարունակական պահպանումն էական կլինեն շուկաների, ապրանքների, ֆինանսական հոսքերի ու ներդրումների դիվերսիֆիկացման համար»,- ասել է Շաֆիկը՝ հավելելով, որ նոր ծրագրի ռիսկերը կառավարելի են թվում, իսկ Հայաստանի` «պարտքը վերադարձնելու ունակությունը՝ իրատեսական»:

ԱՄՀ հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Չնայած 2010–2013 թթ. հիմնադրամի օժանդակությամբ իրականացված ծրագրի շրջանակում արձանագրված կայուն կատարողականին` Հայաստանի տնտեսության համար պահպանվում են մակրոտնտեսական կայունության, խոցելիությունների նվազեցման և միջնաժամկետ աճի դինամիկայի մարտահրավերները: Գնաճի և աճի բարձր տատանողականությունը պահպանվում է, ինչպես ցույց տվեցին 2013թ. արձանագրված տնտեսական աճի տեմպի դանդաղումը և գնաճի ավելացումը:

Արտաքին ընթացիկ հաշվի պակասուրդը և դոլարայնացումը շարունակում են մնալ բարձր` պահպանելով ցնցումների նկատմամբ տնտեսության խոցելիությունը: Պահպանվում է նաև աղքատության և գործազրկության բարձր մակարդակը, իսկ շինարարության ճյուղով առաջնորդվող նախաճգնաժամային աճի մոդելից անցումը այլընտրանքային մոդելի դանդաղ է ընթանում: 2013թ. Հայաստանի կողմից ֆինանսական և առևտրի վերաբերյալ լուրջ որոշումներ կայացվեցին. Սեպտեմբերին տեղի ունեցավ 7 տարի ժամկետով եվրապարտատոմսի առաջնեկ թողարկումը և հայտարարվեց Եվրասիական մաքսային միությանը միանալուն հետամուտ լինելու մասին:

Ծրագրի շրջանակում հարկաբյուջետային քաղաքականությունը կօժանդակի 2014թ. աճի վերականգնմանը` ապահովելով չափավոր խթան` նախքան 2015–2017 թթ. աստիճանական կոնսոլիդացման քաղաքականության որդեգրումը: Այն ծրագրի ընթացքում պետական պարտքը կտեղափոխի նվազման ուղի: Եկամտային  միջոցառումները կօժանդակեն կոնսոլիդացմանը և կստեղծեն նաև սոցիալական և ներդրումային կարիքներին արձագանքելու հնարավորություն:

Դրամավարկային և արտարժույթի քաղաքականությունը կուղղորդվի իշխանությունների գնաճի նպատակադրման ծրագրով և փոխարժեքի ճկունությամբ, ընդ որում` ծրագրային քաղաքականության նպատակադրումները կլինեն դրամավարկային գործառնությունների, հաղորդակցության և մոդելավորման շարունակական բարելավումը: Ֆինանսական հատվածի քաղաքականության թիրախը կլինի ԱՄՀ-ի 2012թ. «Ֆինանսական հատվածի գնահատման ծրագրի (FSAP) վերանայման» մնացած առաջարկությունների իրականացումը, որոնց նպատակն է ցնցումներին դիմակայելու ունակության բարձրացումը և ֆինանսական համակարգի խորացման աստիճանի բարձրացումը:

Կառուցվածքային բարեփոխումները կօժանդակեն միջնաժամկետ աճին` որպես թիրախ ունենալով գործարար մթնոլորտի բարելավումները, հաստատությունների հզորացումը` բարելավելով հաղորդակցության հասանելիությունը և մրցակցությունը, ստեղծելով ավելի կուռ միջավայր մասնավոր և օտարերկրյա ուղղակի ներդրումների համար և հաղթահարելով հիմնական ռիսկերը, հատկապես`էներգետիկայի բնագավառում:

Լուրջ ցնցումները բացառելու դեպքում`Հայաստանի վճարային հաշվեկշռի բացերը պետք լրացվեն մինչև ծրագրի ժամկետի ավարտը, և երկիրը պետք է ի վիճակի լինի պահպանել մուտքը միջազգային շուկաներ` ճանապարհ հարթելով ԱՄՀ-ի օժանդակության դադարեցման համար` ըստ սպասվածի վճարային հաշվեկշռի  4 դժվարությունների կարգավորման դեպքում»:

«Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագրի հայտի շուրջ համաձայնությունը ԱՄՀ-ի աշխատակազմը ՀՀ իշխանությունների հետ ձեռք էր բերել փետրվարի 5-ին: Ծրագիրը կոչված էր սատարելու կառավարության և Կենտրոնական բանկի 2014-2017 թթ. ֆինանսատնտեսական ծրագիրը:

ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնն այդ ժամանակ Վաշինգտոնում ասել էր, որ 2013թ. հուլիսին ավարտված` ԱՄՀ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրի նպատակները հիմնականում իրագործվել են:

«Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա համաձայնագրերի շրջանակում Հայաստանին տրամադրվել է մոտ $410 մլն (266,8 մլն ՓՀԻ):

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում