Արժույթի միջազգային հիմնադրամը ընթացիկ տարում Հայաստանում 4,3% տնտեսական աճ է ակնկալում, առաջիկա երկու տարիներին (2015- 2016 թթ.)՝ 4,5% և 4,7%։
Հայաստանի տնտեսություն շարունակում է խոցելի մնալ. ընթացիկ և առաջիկա երկու տարիներին տնտեսական աճը չի գերազանցի 5%-ը։
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով՝ Հայաստանի տնտեսությունը 2014թ. կարող է աճել 4,3%-ով, գալիք երկու տարիներին (2015- 2016թթ.), համապատասխանաբար, 4,5%-ով և 4,7%-ով։ Համեմատության համար՝ կառավարությունը 2014թ. բյուջեի հիմքում դրել է տնտեսական աճի 5,2% ցուցանիշը։
ԱՄՀ-ում գտնում են, որ այս ընթացքում Հայաստանի տնտեսության համար պահպանվելու են մակրոտնտեսական կայունության, խոցելիությունների նվազեցման և միջնաժամկետ աճի դինամիկայի մարտահրավերները: Պահպանվելու է նաև գնաճի և աճի բարձր տատանողականությունը, ինչպես ցույց տվեցին 2013թ. տնտեսական աճի տեմպի դանդաղումը (ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2013թ. ՀՆԱ-ի աճը կազմել է 3,5%) և գնաճի արագացումը։
Հայաստանի տնտեսության աճի այս տեմպի պայմաններում 2016թ. ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կկազմի $3640՝ 2013թ. համեմատ ավելանալով $432-ով կամ 13%-ով։
«Որակյալ տնտեսական աճի» կարևորությունն առանձնացրել էին նաև «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունն ու «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը։ Նրանց պատրաստած՝ «2013-2014թթ. Հայաստանի ազգային մրցունակության զեկույցում» առանձնացվում է ՀՆԱ աճի տեմպի չափազանց մեծ դերակատարությունը. այսպես, եթե 7% միջին տարեկան աճի դեպքում թիրախային վիճակին (գործազրկության 6% մակարդակ, արտադրողականության միջին տարեկան աճ՝ 5%, և միգրացիայի զուտ հոսք՝ 0%) հնարավոր է հասնել 10 տարում, ապա ՀՆԱ 10% աճը նույն արդյունքները կարող է ապահովել մինչև 2016թ.։ Եթե տնտեսությունն աճի ներկայիս տեմպով՝ տարեկան 3-4%, թիրախային ցուցանիշները կապահովվեն միայն 2040-ին։ Նշենք, որ 2013թ. երրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը կազմում էր 15,4%, քաղաքային գործազրկությունը 23,1% էր։
Փաստացի, և՛ ԱՄՀ-ի կանխատեսումները, և՛ «Ի-Վի Քոնսալթինգի» ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականությունը ո՛չ կարճաժամկետ, ո՛չ էլ միջնաժամկետ հեռանկարում չեն կարող ապահովել սոցիալ֊տնտեսական վիճակի բարելավում։
Իհարկե, սա ԱՄՀ-ի կողմից տնտեսական աճի ցուցանիշների ընդամենը կանխատեսում է, սակայն պետք է հաշվի առնել, որ դրանք կատարվել են հաշվի առնելով Հայաստանի տնտեսության ներկայիս կառուցվածքը, կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությունը։ Փաստացի, հիմնադրամը կասկածի տակ է առնում անգամ կառավարության գործունեության 2013-2017թթ. ծրագրով ամրագրված տարեկան 5-7% տնտեսական աճի թիրախային ցուցանիշի ապահովումը։ Կառավարությունը, մասնավորապես տնտեսական աճի ապահովման հաշվին, այս ընթացքում ծրագրել էր ապահովել 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում։ Պարզ ասած՝ մինչև 2017թ. Հայաստանում գործազրկությունը պետք է կրճատվեր երկու անգամ՝ հասնելով 8%-ի։
Civilnet











