Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում մարտի 11-ին տեղի է ունեցել քննարկում` 2013թ. գործարար միջավայրի (Doing Business) բարելավման միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, հարցի առնչությամբ մանրամասներ են ներկայացրել էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ապա պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները: Նրանք, մասնավորապես, զեկուցել են ըստ հաստատված ժամանակացույցի միջոցառումների կատարման ժամկետների երկարաձգման պատճառների մասին:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է կազմակերպել կլոր-սեղան քննարկումներ՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և հանրության լայն շերտերին իրազեկել Doing Business-ի ցուցանիշների բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ:
Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հրապարակվող ամենամյա Doing Business 2014 («Գործարարությամբ զբաղվելը – 2014») զեկույցում Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինությամբ 189 երկրների շարքում զբաղեցրել էր 37-րդ տեղը՝ անցած տարվա համեմատ դիրքը բարելավելով 3 հորիզոնականով։
Doing Business 2014-ում իրականում արտացոլում է 2012-2013 թթ. ֆինանսական տարվա արդյունքները։ Զեկույցի կազմման մեթոդոլոգիան այնպիսին է, որ հիմնվում է նախորդ տարվա հունիսից մինչև տվյալ տարվա հունիսն ընկած ժամանակահատվածի ուսումնասիրության արդյունքների վրա։ Զեկուցը կազմվում է տնտեսվարողների շրջանում անցկացված հարցումների հիման վրա։
Civilnet











