Մոսկվայի արբիտրաժային դատարանը մարտի 11-ի նիստին բավարարել է ԱՊՀ Միջպետական բանկի հայցը՝ Հայաստանի քիմիական հսկա «Նաիրիտ գործարան» ընկերությունից բռնագանձելու 25,183 մլն դոլար։ Ինչպես հաղորդում է ռուսական rapsinews.ru լրատվական կայքը, «Նաիրիտ գործարանը» հանդիսացել է Միջպետական բանկի կողմից 2006թ. Rhinoville Property Limited-ին (որին պատկանում է «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ը) տրամադրած 70 մլն դոլար վարկի երաշխավորողը։
Արբիտրաժային դատարանի նիստին նշվել է, որ քանի որ գործարանը հանդիսացել է վարկի երաշխավորող, բանկը դատարանից պահանջել է գործարանից գանձել 16,763 մլն դոլարի տոկոսավճարներ և 8,419 մլն դոլարի տույժեր։ Դատական նիստը անցել է պատասխանող կողմի բացակայությամբ։
Բանկի ներկայացուցիչը դատարանում նշել է, որ Rhinoville Property Limited-ը դադարել է վարկի սպասարկումը 2010թ. հունվարից։
2014թ. հունվարի 22-ին Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել էր ԱՊՀ Միջպետական բանկի՝ 107,95 մլն դոլարի հայցը «Նաիրիտ գործարանի» հիմնական բաժնետեր, օֆշորային Rhinoville Property Limited ընկերության դեմ՝ վարկային պարտավորությունները չկատարելու համար։ Rhinoville Property Limited-ը 2006թ. Միջպետական բանկից ներգրաված 70 մլն դոլար վարկը պետք է մարեր 5,3 տարի ժամկետում՝ մինչև 2011թ. դեկտեմբերի 27-ը։
Ներկայում Հայաստանում «Նաիրիտի» դեմ նույնպես ընթանում է դատական գործ։ Իրանական SandbadTir INTL Transport Co.LTD ընկերությունը 2013թ. նոյեմբերի 19-ին դիմել է դատարան՝ «Նաիրիտ գործարանին» սնանկ ճանաչելու պահանջով։
Civilnet











