Ղրիմը Հայաստանին ոչ մի լավ բան չի խոստանում

Թեև Հայաստանն ընդհանուր սահմաններ չունի Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, սակայն ռուս-ուկրաինական հարաբերությունների ներկա վիճակը չի բխում Հայաստանի շահերից: Ո՛չ աշխարհաքաղաքական, ո՛չ տարածաշրջանային, ո՛չ տնտեսական և ո՛չ էլ ղարաբաղյան խնդրի կարգավորման տեսանկյունից՝ Մոսկվա-Կիև խորացող լարվածությունը Հայաստանին վնասից բացի որևէ օգուտ չի բերելու: Հակառակը, այդ հարաբերություններում լարվածության պահպանումը հարվածելու է Հայաստանի կենսական շահերին:
Աշխարհաքաղաքական առումով՝ Ռուսաստան-Արևմուտք յուրաքանչյուր հակասություն Հայաստանին կանգնեցնում է դժվարին ընտրության առաջ, քանի որ Հայաստանը փորձում է բնականոն հարաբերություններ պահպանել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրոպական Միության ու Միացյալ Նահանգների հետ: Հայաստանի իշխանությունները միշտ ընդգծել են, որ Ռուսաստանի և Արևմուտքի հետ իրենց հարաբերությունները կառուցելու են ոչ թե նրանց շահերի հակասությունների, այլ համադրությունների և ընդհանրությունների վրա:
Եթե վերջիվերջո Ղրիմը մարտի 16-ի հանրաքվեով որոշում ընդունի մտնել Ռուսաստանի կազմ, ինչը հավանական տարբերակ է, ապա դա կբերի ինչպես Ուկրաինա-Ռուսաստան, այնպես էլ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների երկարատև և խոր ճգնաժամի: Արդյունքում, արևմտյան ողջ աշխարհը դուրս կգա Ռուսաստանի դեմ, ինչպես Սառը պատերազմի տարիներին: Բնականաբար, Ռուսաստանն էլ իր հերթին ձևավորելու է դաշնակիցների շրջանակը: Ահա այստեղ է, որ Հայաստանը կանգնելու է անելանելի ընտրության առաջ: Վլադիմիր Պուտինը հիշաչար մարդ է, իսկ Հայաստանը Ռուսաստանին հակադրվելու ոչ ռեսուրս և ոչ էլ շռայլություն ունի: Հայաստանը կտուժի, եթե Արևմուտքում ընկալվի որպես Ռուսաստանի լոյալ ու հնազանդ գործընկեր:
Տարածաշրջանային զարգացումների իմաստով ևս Հայաստանը շահեկան վիճակում չի հայտնվի, եթե ռուս-ուկրաինական ճգնաժամը խորանա: Որպես Ռուսաստանի ռազմավարական և ռազմական (կրտսեր) գործընկեր և որպես ՀԱՊԿ անդամ, Հայաստանը գոնե դիվանագիտական ասպարեզում ստիպված է լինելու պաշտապնել Ռուսաստանին: Հայաստանի անմիջական հարևանները՝ Թուրքիան, Վրաստանը (ոչ ուղղակի) և Ադրբեջանը, որոնք տարիներ ի վեր վարում են Հայաստանը տարածաշրջանում տնտեսապես մեկուսացնելու քաղաքականություն, Մոսկվա-Կիև ճգնաժամի հարցում հավանաբար կպաշտպանեն Կիևին կամ կորդեգրեն չեզոք, բայց ուկրաինամետ դիրքորոշում: Իրադարձությունների նման զարգացումը կարող է բերել ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության վերակենդանացմանը: Չկայացած այս կառույցը խորքում ընդդեմ Հայաստանի է գործելու, ինչպես նախկինում: Բավական է հիշել, որ հենց ՎՈՒԱՄ պետություններն էին միջազգային տարբեր կառույցներում ընդդեմ Արցախի որոշումներ և բանաձևեր առաջ տանում:
Ռուսաստան-Ուկրաինա առճակատումից Հայաստանը տուժելու է նաև տնտեսապես: Ռուսաստանից հետո ԱՊՀ տարածքում Հայաստանի երկրորդ մեծ առևտրային գործընկերը հենց Ուկրաինան է: Ռուսաստանում մշտական և ժամանակավոր գրանցում ունեցող հայերի թիվը շուրջ 2,5 միլիոն է կամ այնքան, որքան Հայաստանի բնակչությունն է: Այլ տվյալներով` Ռուսաստանի տարածքում ավելի շատ հայեր են բնակվում (մշտական կամ ժամանակավոր), քան Հայաստանում: Հայաստան մտնող տրասնֆերտների` դրամական փոխանցումների ավելի քան 80 տոկոսը գալիս է Ռուսաստանից: Կարելի է ասել, որ Հայաստանի տնտեսության մեջ կարևորագույն ճյուղը ոչ թե հանքարդյունաբերությունն է կամ գյուղատնտեսությունը, այլ Ռուսաստանից ուղարկվող դրամական փոխանցումները, որոնք կազմում են Հայաաստանի ՀՆԱ-ի մոտ 20 տոկոսը: 2013-ի պաշտոնական տվյալներով, Ռուսաստանից դրամատների միջոցով Հայաստան ուղարկված գումարները կազմել են 1,6 միլիարդ դոլար: Բացի այդ, Ռուսաստանում աշխատող հայերը գումարները տուն են հասցնում նաև իրենց գրպաններում:
Եթե Արևմուտքը պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ և վարի նրան մեկուսացնելու քաղաքականություն, ապա Ռուսաստանի տնտեսությունը տուժելու է, հետևաբար՝ տուժելու են նաև այդ երկրում սեզոնային աշխատանք կատարող հայերը: Արդյունքում, տուժելու է Հայաստանի առանց այն էլ դանդաղող տնտեսությունը:
Հայերի թիվը Ուկրաինայում 300 հազարի սահմաններում է, որից 20 հազարը՝ Ղրիմում: Սեզոնային աշխատանքի մեկնող հայերի համար Ուկրաինան Ռուսաստանից հետո երկրորդ ցանկալի պետությունն է: Բնականաբար, ռուս-ուկրաինական ճգնաժամից տուժելու են նաև հայերն ու Հայաստանը:
Ղրիմի հնարավոր անջատումը Ուկրաինայից և թերակղզու միացումը Ռուսաստանին որևէ դրական ազդեցություն չի ունենա Արցախյան հարցի կարգավորման գործընթացի վրա: Ամենամեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ զուգահեռներ անցկացնել Արցախի և Ղրիմի միջև: Գուցե կարելի է միայն հիշատակել այն, որ 1921-ին նոր ձևավորվող Խորհրդային Միության առաջնորդներից Իոսիֆ Ստալինը Արցախը միացրեց Ադրբեջանին, իսկ 1954-ին Խորհրդային Միության այն օրերի առաջնորդ Նիկիտա Խրուշչովը, որն ազգությամբ ուկրաինացի էր, Ղրիմը նվիրեց Ուկրաինային: Մինչև 1954-ը Ղրիմը` 27 հազար քառակուսի կիլոմետր տարածքով թերակղզին, պատկանում էր Խորհրդային Ռուսաստանին:
Միամտություն է ակնկալել, թե Ղրիմի միացումը Ռուսաստանին օգտակար լինի Արցախի հարցում: Ռուսաստանը, ինչպես և Արևմուտքը, առաջնորդվում են իրենց և ոչ Հայաստանի կամ Արցախի շահերով, և այդ ճանապարհին անտեսում են հայկական շահը: 2008-ի օգոստոսին բռկվեց ռուս-վրացական 5-օրյա պատերազմը, որից երկու շաբաթ անց Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: Ռուսաստանը սակայն որևէ քայլ չարեց Արցախը ճանաչելու ուղղությամբ: Նույն` 2008-ի փետրվարին, Արևմուտքը ճանաչեց Կոսովոյի անկախությունը, սակայն հստակ հասկացնել տվեց, որ Կոսովոյի ճանաչումը չի կարող լինել նախադեպային Արցախի համար: Պետք է նաև հասկանալ, որ քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախը, գրեթե անհավանական է, որ աշխարհում որևէ պետություն ճանաչի:
Թաթուլ Հակոբյան










