Լուսանկարում` ձախից աջ` ՀՀ-ում ԵՄ դեսպան Տրայան Հրիստեա, էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյան
Եվրոպական Միությունը փորձելու է Հայաստանի հետ Վիլնյուսի համաժողովի ժամանակ ձեռքբերված համաձայնությունները կյանքի կոչել` հատկապես գործողությունների պլանի մասով: Այս մասին մարտի 12-ին «Եվրամիություն-Հայաստան համագործակցություն. Եվրոպական հարևանություն և գործընկերության գործիքի ներկայացում» համաժողովից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան:
«Մենք շարունակելու ենք մեր քննարկումները հայ գործընկերների հետ, թե համագործակցության կոնկրետ ինչ ոլորտներ ևս կարող են ընդգրկվել և ինչ աջակցություն կարող ենք ցուցաբերել այդ ոլորտներին»,- ասաց դեսպանը:
Հարցին, թե 2014-ին ԵՄ-ն ինչ չափի ֆինանսական աջակցություն է պատրաստվում տրամադրել Հայաստանին, Հրիստեան նշեց, որ շատ ավելի կարևոր է ուշադրություն դարձնել համագործակցության ոլորտների շրջանակին, քանի որ բյուջետավորման գործընթացը դեռ չի ավարտվել:
«2013թ. Վիլնյուսում ԵՄ-ՀՀ համատեղ հայտարարությունը ճանապարհ է բացել, որպեսզի համագործակցության շրջանակները կրկին վերանայվեն: Մեր հատագա հարաբերություններում մեր ուշադրությունը կուղղենք հատկապես հետևալ ուղղություններին` ժողովրդավարական ինստիտուտների և արդարադատության համակարգի հզորացում, օրենքի գերակայության և պետական կառավարման և մարդու իրավունքների խթանում, կոռուպցիայի դեմ պայքար, քաղաքացիական հասարակության հզորացում և բիզնեսի և ներդրումային միջավայրի բարելավում»,- ասաց Եվրամիության պատվիրակության ղեկավարը` հավելելով, որ այս համատեքստում ԵՄ-ն ու Հայաստանը սկսել են աշխատել նոր տեխնիկական և ֆինանսական համագործակցության շրջանակների մշակման ուղղությամբ, որը կոչվում է «Միասնական համագործակցության շրջանակներ»:
Դեսպանի խոսքով` առաջին հերթին խոսքը ֆինանսական աջակցության մասին է` որպես բյուջեի աջակցություն և տեխնիկական օժանդակություն:
«Այս բոլոր քայլերը նաև առիթ են` ցրելու մինչ այս շրջանառվող լուրերը, թե ԵՄ-ն Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշում ընդունելուց հետո դադարելու է օգնություն ցուցաբերել»,- ասաց Հրիստեան:
2013թ. հուլիսի վերջին ԵՄ-ն պաշտոնապես հայտարարեց Հայաստանի հետ շուրջ երեք ու կես տարի տևած բանակցությունների ավարտը, և Վիլնյուսի գագաթաժողովում ակնկալվում էր համաձայնագրի նախաստորագրումը: Սերժ Սարգսյանը սակայն սեպտեմբերի 3-ին` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, հայտարարեց, որ Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն (Ռուսաստան, Ղազախստան և Բելառուս) և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը:
Անի Գրիգորյան
Civilnet











