Գլխավոր Լրահոս

Հարկային արտոնություն ստարտափներին

Հարկային արտոնություն ստարտափներին
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյան։ Կառավարությունը մարտի 13-ի նիստում հավանություն տվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծին, ինչպես նաև մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթին, որոնք ճանաչվեցին «անհետաձգելի» և կներկայացվեն Ազգային ժողովի հաստատմանը։ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ փոփոխությունների այս փաթեթը ուղղված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացմանը և տարածաշրջանում Հայաստանի՝ որպես զարգացած ՏՏ ոլորտ ունեցող երկրի վարկանիշի ու մրցունակության բարձրացմանը։ Փաթեթը նախատեսվում է, որ ոլորտի նորաստեղծ ընկերությունները, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցի 15-ը, երեք տարի ժամկետով կազատվեն շահութահարկից, իսկ աշխատակիցների եկամտային հարկը կլինի 10%։ Հայաստանում մինչև 120 հազ. դրամ աշխատավարձերից գանձվում է 24,4%, իսկ ավելի բարձր աշխատավարձերից՝ 26% եկամտային հարկ։ Նախարարի խոսքով՝ ՏՏ ոլորտում մրցունակության առումով Հայաստանն արդեն սկսել է զիջել դիրքերը տարածաշրջանի երկրներին, որոնք նշանակալի արտոնություններ են տրամադրում ոլորտին: Ներկայում նորաստեղծ ընկերություններ Հայաստանում գրեթե չեն գրանցվում։ «Աշխատանքային խմբերն աշխատում են Հայաստանում, ստեղծում արտադրանք, և երբ այն արդեն պատրաստ է լինում, մեկ այլ երկրում, հիմնականում ԱՄՆ-ում, գրանցում են ընկերություն, պրոդուկտը վաճառում այդ ընկերության միջոցով», -ասաց նախարարը՝ հավելելով, թե հարկային արտոնությունները կարող են նպաստել, որ այդ ոչ ֆորմալ աշխատանքային խմբերը որպես ընկերություններ գրանցվեն հենց Հայաստանում։ Հարցին, թե ինչպես է կանխվելու հարկերից խուսափելու նպատակով խոշոր ընկերությունների տրոհումը, կամ այլ գործունեություն ծավալող ընկերությունների կողմից արտոնությունների չարաշահման հնարավորությունը, նախարարը նշեց, որ սահմանված կարգով ընկերությունները պետք է հավաստագրվեն, արտոնություններ չեն տրվի այն ընկերություններին, որոնք փոխկապակցված են խոշոր կազմակերպությունների հետ։ Արտոնություններից օգտվող ստարտափին չի թույլատրվի ծառայություններ մատուցել նաև Հայաստանում գործող մեկ այլ ՏՏ-ընկերության։ «Համակարգիչ վաճառող ընկերությունը, օրինակ, չի կարող օգտվել այս արտոնություններից»,- ասաց նախարարը։ Նախնական գնահատականներով՝ այս քայլը թույլ կտա տարեկան ստեղծել 40-60 փոքր ընկերություն։ Նախարարի խոսքով՝ օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում պետբյուջեի ֆինանսական մուտքերի նվազեցում չի լինի, քանի որ ներկայացված նախագծերով հարկային արտոնություններ են նախատեսվում միայն ՏՏ ոլորտի հավաստագրված սկսնակ տնտեսվարող սուբյեկտների համար: Արտոնությունների տրամադրումը կարևոր խթան կհանդիսանա նաև ստվերում գործող ՏՏ ոլորտի սուբյեկտների գրանցման և իրավական դաշտում գործելու համար: Հարցին, թե արդյոք օրենսդրական այս փաթեթով կառավարությունը չի փորձում մեղմել պարտադիր կենսաթոշակային համակարգին դեմ՝ «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամների տրամադրությունները, որոնց մեծ մասը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ են, Վահրամ Ավանեսյանը, ասաց, որ հարկային արտոնությունները տարածվելու են նորաստեղծ ընկերությունների վրա, իսկ «Դ!եմ եմ»-ի անդամները արդեն գործող ընկերությունների աշխատակիցներ են։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում