Կառավարությունը մարտի 13-ի նիստում որոշում է ընդունել մոտ 1 մլրդ դրամով ավելացնել 2014թ. առաջին եռամսյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող միջպետական վարկի ծրագրային գումարը՝ շուրջ 10 մլրդ դրամը, ինչպես նաև ճշգրտել ՀՀ 2013թ. պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրների ծրագրային ցուցանիշները:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, համակարգի բարեփոխման շնորհիվ պետբյուջեի հետ գործարք կատարող Գավառ, Մարտունի, Դիլիջան, Ալավերդի, Սպիտակ, Տաշիր, Կապան, Սիսիան, Արթիկ, Մարալիկ քաղաքների կազմակերպությունների վճարումները ներկայում կատարվում են էլեկտրոնային եղանակով:
Մինչ այդ, փաստաթղթային փոխանցում կատարելիս, այդ աշխատանքը կազմակերպվում էր տեղական գանձապետական բաժինների ուժերով: Նկատի առնելով այս իրողությունը` կառավարությունը մարտի 13-ի նիստում նախարարության առաջարկով նշված քաղաքների գանձապետական բաժինները հանել է ֆինանսների նախարարության աշխատակազմի կառուցվածքից: Հարցի վերաբերող առաջարկություն կամ դիտողություն չեն ներկայացրել արդարադատության նախարարությունը և քաղաքացիական ծառայության խորհուրդը:
Civilnet











