Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը մարտի 13-ին հաստատել է 30 մլն դոլար ֆինանսավորման հատկացումը Հայաստանի կրթական ոլորտի բարելավման ծրագրին:
ՀԲ հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` ծրագիրը կաջակցի նախնական կրթության համար երեխաների պատրաստվածության և միջնակարգ դպրոցների ֆիզիկական պայմանների բարելավմանը, կխթանի Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ու աշխատաշուկայի միջև կապերի մեծացումը:
Աղքատ գյուղական բնակավայրերում նախադպրոցականների ընդգրկման ընդլայնմանը ուղղված նոր ծրագրի ներքո կբարելավվի առաջին դասարան ընդունվող երեխաների պատրաստվածությունը դպրոցին, որի արդյունքում տարեկան մոտ 2400 երեխա կդառնա շահառու: Մարզերում կվերակառուցվի 17 ավագ դպրոց, կիրականացվեն հիմնանորոգման և անվտանգության ստանդարտների բարելավման աշխատանքներ, որի շահառուները կհանդիսանան ավագ դպրոցի 10 200 աշակերտներ: Ծրագրային աշխատանքներն ուղղված կլինեն բնակչության խոցելի խմբերին, այդ թվում` էթնիկ խմբերին և հաշմանդամություն ունեցող երեխաներին:
«Ծրագիրը կշարունակի բարելավել կրթական ծառայությունների համապատասխանությունը բոլոր մակարդակներում, այդ թվում և բուհական` հասանելի ու որակյալ կրթություն ապահովելու միջոցով, դրանով իսկ նպաստելով երկրի մարդկային կապիտալի ձևավորմանը, որն անհրաժեշտ է տնտեսության մրցունակության մեծացման համար»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին:
Նշվում է, որ ծրագիրը նախ կաջակցի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հզորացմանը` դպրոցական ցանցի մշտադիտարկման, տեղեկատվական ու կապի տեխնոլոգիաների համարժեք ծածկույթի և բոլոր կրթական հաստատություններին ու հասարակությանը ժամանակին համապատասխան հրապարակային տեղեկատվության ապահովման հարցերում:
«Ծրագրի արդյունքում ավելի քան 12 000 հինգ տարեկան երեխաներ, որոնք ապրում են նախակրթարան չունեցող աղքատ գյուղական բնակավայրերում, կունենան դպրոցում սովորելու անհրաժեշտ գիտելիքներ»,- նշել է ՀԲ ծրագրային թիմի ղեկավար Քրիստիան Աեդոն:
Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 37,5 մլն դոլար, որից 7,5 մլն դոլարը տրամադրվում է ՀՀ կառավարության կողմից` որպես համաֆինանսավորում: Համաշխարհային բանկը կտրամադրի 15 մլն դոլար փոխառություն Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) ստանդարտ պայմաններով՝ 1,25% տարեկան տոկոսադրույքով, 25 տարի ժամկետով, 5 տարի արտոնյալ ժամանակահատվածով, ինչպես նաև 15 մլն դոլար վարկ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ (ՎԶՄԲ) ՎՄԲ վերահաշվարկվող տոկոսադրույքով, 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով և մարման 25 տարի ժամկետով:
Civilnet











