Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) բջջային երեք օպերատորներին անբարեխիղճ մրցակցության համար խիստ նախազգուշացում արեց, իսկ էլեկտրատեխնիկա վաճառող «Վեստա» ընկերությանը անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար տուգանեց 15 մլն դրամի չափով: Միաժամանակ` հանձնաժողովը շվեցարական անհայտ «Հելվելեքս» ընկերությանն արգելեց գնել «Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան»» ընկերությունը։
Բազմաթիվ քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների հիման վրա հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել շարժական (USB) մոդեմի միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտում: Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ՝ կապված «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունների գործունեության հետ: Այս մասին մարտի 14-ի նիստին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։
Ընկերություններն իրենց կողմից մշակված պայմաններում նախատեսել են այնպիսի դրույթ, որը նրանց հնարավորություն է տալիս պայմանագրային բաժանորդներից գանձել վճարներ նույնիսկ այն ժամանակահատվածի համար, երբ վերջիններիս ինտերնետ ծառայություն չի մատուցվել:
Շաբոյանի դիտարկմամբ` կապի ոլորտում գործող ընկերություններն իրենց վարքագծով խախտում են «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքը, համաձայն որի` ծառայությունը կասեցվելու դեպքում կասեցվում է նաև բաժանորդի՝ վճարումներ կատարելու պարտավորությունը:
«Բաժանորդը պետք է վճարի միայն փաստացի օգտագործած ծառայության համար, ինչը օրենքի պահանջն է: ՏՄՊՊՀ որոշմամբ` «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունները ստացան խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով»,- ասաց Շաբոյանը:
Արգելվեց 23 մլն դոլարի գործարք
Համակենտրոնացման նպատակով ՏՄՊՊՀ է դիմել շվեյցարական «Հելվելեքս» ընկերությունը` տեղեկացնելով, որ ցանկանում է ձեռք բերել «Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան»» ընկերությանը պատկանող 100% բաժնեմասը և խնդրել է հանձնաժողովի թույլտվությունը գործարքը կատարելու համար: Ուսումնասիրության ժամանակ հանձնաժողովը պարզել է, որ շվեյցարական «Հելվելեքս» ընկերության ամբողջ կապիտալը կազմում է ընդամենը 50 հազ. շվեցարական ֆրանկ (44 հազ. դոլար), սակայն ընկերությունը ցանկանում է 22 մլն ֆրանկով (19 մլն դոլար) ձեռք բերել հայկական ընկերությունը: Հաշվի առնելով, որ ընկերությունը, մի կողմից, չունի համապատասխան միջոցներ հայկական ընկերության ձեռքբերման համար, մյուս կողմից` հրաժարվել է որևէ տեղեկատվություն ներկայացնել, թե այլ ինչ ֆինանսական աղբյուրներով է գնելու հայկական ընկերությունը, հանձնաժողովը որոշեց արգելել համակենտրոնացումը։
Ըստ Շաբոյանի՝ ՏՄՊՊՀ-ն առավել խիստ վերահսկողություն է սահմանում համակենտրոնացումների վերահսկողության նկատմամբ: «Հանձնաժողովի նպատակն է թույլ չտալ նույն ոլորտում գործող տարբեր ընկերությունների՝ միավորումների միջոցով չհիմնավորված խոշորացումը և գերիշխող դիրքի ամրապնդումը»,- ասաց նա:
Ի դեպ` Հայաստանի կառավարության 2012-ի հուլիսի 4-ի որոշմամբ` Շվեյցարիան ընդգրկված է օֆշորային գոտիների ցանկում։
15 մլն դրամ տուգանք` ապատեղեկատվության համար
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել կենցաղային տեխնիկա վաճառող ընկերությունների շրջանում և հայտնաբերել, որ «Վեստա» խանութների ցանցը անբարեխիղճ մրցակցություն է դրսևորել: Մասնավորապես` ընկերությունը հայտարարում է, որ հանդիսանում է մի շարք հայտնի ընկերությունների (մասնավորապես` Samsung, Philips, Sharp, Panasonic) պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Նման բովանդակությամբ գովազդային վահանակներ են փակցված նաև «Վեստայի» վաճառակետերում: ՏՄՊՊՀ-ն պահանջել է ներկայացնել հիմնավորող համապատասխան փաստաթղթերը, սակայն ընկերության կողմից ներկայացված սերտիֆիկատները վկայել են միայն գործընկեր կազմակերպությունների միջև առկա որոշակի առևտրային հարաբերությունների մասին:
Անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար հանձնաժողովը «Վեստա» ընկերության հանդեպ կիրառեց տուգանք` 15 մլն դրամի չափով:
Civilnet











