Գլխավոր Լրահոս

Մետաղները ճնշում են Հայաստանի տնտեսությունը

Մետաղները ճնշում են Հայաստանի տնտեսությունը

Հանքարդյունաբերական ընկերություններն ապահովում են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 5%-ը և պետբյուջեի հարկային մուտքերի շուրջ 7%-ը։

Արդյունաբերական մետաղների միջազգային գների նվազման միտումը կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի տնտեսությանը՝ հանգեցնելով ինչպես տնտեսական աճի տեմպի դանդաղման, այնպես էլ բյուջեի հարկային մուտքերի կրճատման։ Հանքարդյունաբերական ընկերություններն ապահովում են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 5%-ը և պետբյուջեի հարկային մուտքերի շուրջ 7%-ը։

Այս տարվա առաջին երկու ամիսներին համաշխարհային շուկայում մետաղների գները անկայուն վարքագիծ են դրսևորել։ Չնայած բրիտանական Barclays ֆինանսական խմբի մասնագետների տարեսկզբյան կանխատեսումներին, որ պղնձի գինը 2014թ. աճելու է (մեկ տոննայի միջին գինը կարող է կազմել $7125), հունվար-փետրվարին պղնձի գինը նվազման միտում է ունեցել։

Հունվարից հետո պղնձի գները մեկ տոննայի հաշվով նվազել են $1000-ով կամ մոտ 14%-ով՝ մարտի 14-ին կազմելով $6,47 հազ.՝ մեկ տոննայի դիմաց։ Չի բացառվում, որ գների նվազումը սեզոնային բնույթ է կրում, սակայն մտահոգիչ է վերջին չորս տարիների կտրվածքով գների ձևավորման ընդհանուր միտումը։ Պղնձի միջազգային գները նվազում են 2011-ից, ներկայում մետաղի գինը գտնվում է 2010թ. հուլիսի մակարդակում։

Համաշխարհային շուկայում նվազում են ոչ միայն պղնձի, այլև այն մետաղների գները, որոնք Հայաստանի արտահանման կառուցվածքում հիմնականն են։ Այսպես, մոլիբդենի գինը թեև տարեսկզբից որոշակի աճ է արձանագրել, վերջին չորս տարիների կտրվածքով միտումը կրկին նվազող է. մարտի 14-ին մոլիբդենը վաճառվում էր $23 հազ./տոննա գնով։

Պղնձի գների նվազման պատճառներից մեկը Չինաստանի տնտեսության աճի տեմպի դանդաղումն է։ Չինաստանի իշխանություններ գնահատմամբ՝ արդյունաբերության ոլորտի աճը երկրում 2014թ. կարող է կազմել 9,5%՝ 2013թ. արձանագրված 9,7%-ի և կանխատեսված 10%-ի դիմաց։

Ռուսաստանում տնտեսական զարգացման բացասական միտումները ևս կարող են հանգեցնել համաշխարհային տնտեսության աճի տեմպի դանդաղման, և հումքային ապրանքների գների հետագա նվազման։

Համաշխարհային շուկայում մետաղների գների նվազման միտումը կարող է բավական կարճ ժամանակահատվածում արտացոլվել Հայաստանի տնտեսությունում։ Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ պղնձի միջազգային գների նվազագույն շեմը, որի դեպքում Հայաստանում խնդիրներ են սկսվում, կազմում է շուրջ $4,5 հազ./տոննա։

Հայաստանի տնտեսությունը լուրջ կախվածություն ունի հանքարդյունաբերությունից, և արդյունաբերական մետաղների գների հետագա նվազումը հազիվ թե հնարավոր լինի փոխհատուցել արդյունահանման ծավալների աճի ճանապարհով։ Խնդիրն այն է, որ ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում մոտ 5% է, ոլորտային ընկերությունների կողմից պետբյուջե վճարած հարկերը կազմում են մոտ 7%, արտահանման կառուցվածքում ոլորտի մասնաբաժինը մոտ 50% է։ Հասկանալի է, որ գների հետագա նվազումը ռիսկեր է ստեղծում մի կողմից տնտեսության աճի համար (2013թ. հանքարդյունաբերության մասնակցությունը ՀՆԱ-ի 3,5% աճում կազմել է 0,4 տոկոսային կետ), մյուս կողմից՝ բյուջեի եկամտային մասի կատարման համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում