Հունվարին սպառողական վարկերի ծավալն ավելացել է 4,5 մլրդ դրամով՝ հիմնականում քարտային վարկերի հաշվին։
Հայաստանի բանկային համակարգում տարին սկսել է միջոցների արտահոսքով, կրճատվել է նաև տնտեսության վարկավորման ծավալը։ Տարեսկզբին ավանդների պորտֆելը կրճատվել է 4%-ով, վարկերինը՝ մոտ 1%-ով։
Համաձայն Կենտրոնական բանկի վիճակագրական տվյալների՝ այս տարվա հունվարին բանկերի ավանդների պորտֆելը կրճատվել է 4%-ով կամ 59,5 մլրդ դրամով՝ ամսվա վերջին կազմելով 1,55 տրլն դրամ։ Ավանդների ծավալի կրճատումը գրեթե ամբողջովին պայմանավորված է ոչ ռեզիդենտների վարքագծով։ Հունվարին ոչ ռեզիդենտները բանկային համակարգից հանել են ավանդների 11%-ը կամ 50,8 մլրդ դրամ։ Ռեզիդենտների ավանդների ընդհանուր ծավալի կրճատումն ավելի համեստ է եղել՝ 8,7 մլրդ դրամ կամ 0,8%՝ կազմելով 1,14 տրլն դրամ։
Ուշագրավ է, որ եթե ոչ ռեզիդենտների դեպքում արձանագրվել է արտարժութային ավանդների կրճատում, ապա ռեզիդենտների դեպքում կրճատվել են դրամային ավանդները։ Ընդ որում, ավանդների ծավալի նվազումը տեղի է ունեցել տոկոսադրույքների աճի պայմաններում։ Հունվարին մեկ տարուց ավելի ժամկետով դոլարային ավանդների միջին տոկոսադրույքը կազմել է 8,15%, դրամային ավանդների միջին տոկոսադրույքը՝ 12,94%։
Ոչ ռեզիդենտների միջոցների փախուստը Հայաստանի բանկային համակարգից անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ հունվարին դոլարային ավանդների միջին տոկոսադրույքը եղել է գրեթե այնքան, որքան 2013թ. հունվարին։
Ռեզիդենտների դեպքում կրճատվել են հիմնականում ցպահանջ ավանդները, ինչը մի կողմից պայմանավորված է հունվարին դրամի մոտ 0,5%-ով արժեզրկումով, մյուս կողմից՝ ընկերությունների դրամական հոսքերի կրճատումով։ Ցպահանջ ավանդների ծավալի մոտ 10 մլրդ դրամով կրճատման պայմաններում, ռեզիդենտների ժամկետային ավանդների ծավալն ավելացել է 3,4 մլրդ դրամով, արտարժութային ավանդներինը՝ 1 մլրդ-ով։
Հունվարին բանկերում կրճատվել է նաև վարկային պորտֆելը՝ մոտ 1%-ով կամ 16 մլրդ դրամով՝ կազմելով 1,78 տրլն դրամ։ Վարկային պորտֆելի կրճատումն արձանագրվել է ի հաշիվ տնտեսության իրական հատվածին տրամադրվող փոխառությունների։
Ի դեպ, սպառողական վարկերի ծավալը հունվարին ավելացել է 12%-ով կամ 4,5 մլրդ դրամով՝ հիմնականում քարտային վարկերի հաշվին։ Քարտային վարկերի աճը վկայում է բնակչության գնողունակության մասին, քանի որ սպառողական վարկերի տրամադրման պայմանները մեղմ չեն՝ տոկոսադրույքը հասնում է մինչև 24% տարեկան։
Civilnet











