Գլխավոր Լրահոս

Չորսից ո՞վ ընդդիմություն չէ

Չորսից ո՞վ ընդդիմություն չէ
Ընդդիմությունը քաղաքական այն ուժն է, որը պահանջում է իշխանափոխություն և ձգտում է իշխանության: Փորձենք հասկանալ, թե ոչ իշխանական չորս ուժերից որոնք են ընդդիմություն և որոնք՝ փաստացի ոչ ընդդիմություն: ՀԱԿ-ը պահանջում է իշխանափոխություն, հրաժարվում է աշխատել իշխանության հետ, դեմ է քվեարկում իշխանության ցանկացած նախաձեռնության և Հանրապետականին սպառնում իշխանության գալու դեպքում լուրջ հետաքննությամբ այն հանցագործությունների, որոնք տեղի են ունեցել ՀՀԿ-ի անմիջական մասնակցությամբ: ՀԱԿ-ի պատկերացրած իշխանության մեջ ՀՀԿ-ն տեղ չունի: ՀԱԿ-ը երբևէ չի մասնակցի այնպիսի կոալիցիայի, որտեղ ներկա է գոնե կես ՀՀԿ-ական կամ ՕԵԿ-ական: ՀԱԿ-ը միակ քաղաքական ուժն է, որը պահանջում է խորհրդարանական և նախագահի արտահերթ ընտրություններ: ՀԱԿ-ը գերազանց գիտի, որ կիսաընդդիմությամբ նման պահանջներ չեն դնում: ՀԱԿ-ի պայքարի մեթոդները քաղաքական են, ավելին, ՀԱԿ-ը երբեք չի խանգարի քաղաքական այն ուժին, որին կհաջողվի իշխանությունից հեռացնել ՀՀԿ-ին: Հետևաբար ՀԱԿ-ը ընդդիմություն է: Հաջորդը ԲՀԿ-ն է: Վերջինս իրեն հայտարարել է այլընտրանք կամ ոչ իշխանական ուժ: ԲՀԿ-ն խուսափում է ներկայանալ ընդդիմություն: Սակայն դեմ է քվեարկում ՀՀԿ-ի ներկայացրած բյուջեին, պահանջում է Մարտի 1-ի դեպքերի բացահայտում, լեզու չի գտնում իշխանության վերջին տարիների օրենսդրական նախաձեռնությունների հետ, տակտիկական նկատառումներով պահանջում է կառավարության հրաժարականը՝ հասկացնելով, որ դա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ քաղաքական ուժը պահանջում է իշխանության գործադիրի հրաժարականը և վճռական է հասնելու դրան: Եթե հասարակությունը տեսնի կառավարության հրաժարականը, էլ ավելի կգոտեպնդվի, քանի որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իշխանությունը որևէ ռեսուրս չունի դիմադրելու քաղաքական փոքրամասնության պահանջին ու նահանջում է: Հետևաբար ԲՀԿ-ն նույնպես ընդդիմություն է, ոչ թե այլընտրանք կամ ոչ իշխանական ուժ: Հիշյալ տերմինները հավանաբար ՀՀԿ-ի զգոնությունը թուլացնելու համար են: Հաջորդը ՀՅԴ-ն է: Առայժմ պարզ չէ, թե ՀՅԴ-ն ինչպես է ցանկանում գալ իշխանության առանց ՀՀԿ-ի: Ավելին, նրա ներկայացուցիչները համաձայնում են աշխատել Սերժ Սարգսյանի ենթակայությամբ, ճիշտ է՝ արտաքին ճակատում: Սա թուլացնում է նրանց պայքարի վճռականությունը ներքին ճակատում: ՀՅԴ-ն, սակայն, նույնպես դեմ է քվեարկում պետական բյուջեին, միանում է ընդդիմադիր ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի իշխանության բուրգը սասանող օրենսդրական կամ քաղաքական այլ նախաձեռնություններին: Առնվազն չի խանգարում, պահանջում է ամբողջական իշխանափոխություն և տակտիկական նկատառումներով ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի հետ պատրաստ է սկզբի համար բավարարվել Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականով: ՀՅԴ-ն ՀԱԿ-ի հետ քաղաքական այն ուժերի ցանկում է, որը կոշտ ընդդիմության փորձառություն ունի, թեպետ վաղուց առաջատար դիրքերում չէ: Այսպիսով ՀՅԴ-ն նույնպես ընդդիմություն է, որը, սակայն, քաղաքական ամբողջական անկախություն չունի, քանի որ նրա որոշ ներկայացուցիչներ աշխատում են իշխանության հետ: Այնուամենայնիվ, նրանք եղանակ չեն ստեղծում ՀՅԴ-ի քաղաքական ընդդիմախոսության վարքագծում: Վերջինը «Ժառանգությունն» է: Սա բացառիկ կուսակցություն է: Թերևս ամենաոչքաղաքականը հիշյալ չորս ուժերի մեջ: Կուսակցության նախագահը հաղթում է նախագահի ընտրություններում, սակայն նա հայտարարում է, որ հաղթել է ժողովուրդը՝ իմանալով, որ ժողովուրդը Սերժ Սարգսյանին նույնպես քվե է տվել: ԱԺ-ում «Ժառանգությունը» որպես քաղաքական ուժ գոյություն չունի, թեպետ խմբակցության ղեկավարը, որը ներկայացնում է հիշյալ քաղաքական ուժը, կառավարության հրաժարականին միացած մյուս ուժերի հետ է: Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Գագիկ Ծառուկյանից պահանջել է միանգամից հայտարարել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի մասին: Սա նույնպես բարոյական այն հաղթանակների  շարքից է, որը տարավ Րաֆֆի Հովհաննիսյանը անցյալ տարվա նախագահի ընտրություններում: Բայց որի արդյունքում դադարեց լինել ընդդիմության առաջնորդ: «Ժառանգությունը» նույնպես դեմ է քվեարկել պետբյուջեի իշխանության նախագծին, դեմ չէ Մարտի 1-ի բացահայտմանը, սակայն նրա գործունեության մեջ ավելի շատ գերակշռում է որևէ քաղաքական հարցի հանդեպ բարոյական վերաբերմունքը, քան՝ հենց քաղաքական տարրը: Րաֆֆի Հովհաննիսյանի այդ վերջնագրով քաղաքական չորս ուժերի կոնսոլիդիացիայի մեջ «ցեց» է ընկնում, քանի որ արդեն կա մի ուժ, որին վարչապետի և կառավարության հրաժարականը բացարձակապես չի բավարարում: Հիշեցնենք, 2012-ի մայիսի խորհրդարանական ընտրություններից առաջ «Ժառանգությունը» որպես ցեց առաջ քաշեց Միասնական շտաբում «Ռոբերտ Քոչարյանի ականջների ներկայությունը»: Արդյունքում շտաբն իր առաքելությունը գրեթե չկատարեց: Հավանաբար Րաֆֆի Հովհաննիսյանի բարոյական հեղինակությամբ մեկը «Ժառանգության» առաջնորդին պետք է հասկացնի, որ Սերժ Սարգսյանը նույնպես դեմ չէ իր հրաժարականի պահանջով թև առած այդ «ցեցին», միայն թե չորս ուժերի միասնությունը տապալվի: Հետևաբար, կամ «Ժառանգությունն» ընդդիմություն է՝ հանած Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչն արդեն անլուրջ է, կամ «Ժառանգությունը» ոչ իշխանական ուժ է այդպիսինին բնորոշ բարոյական անհամությամբ:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում