Աշխարհում որևէ այլ աղբյուր ի վիճակի չէ փոխարինելու ածխաջրածինները, որ ԵՄ-ին մատակարարում է Ռուսաստանը: Նաև՝ ռուսների համար աշխարհի որևէ այլ շուկա չի կարող փոխարինել եվրոպական շուկան: (Photo: http://buildingmarkets.org)
Նավթագազային ոլորտի ուսումնասիրություններով մասնագիտացած ֆրանսիական Petrostrategies ընկերության մարտի 17-ի շաբաթական ամփոփագիրը վերլուծում է Արևմուտքի երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների հնարավորությունը: «Ուկրաինա: Արևմտյան երկրները ուղի են փնտրում պատժելու Ռուսաստանին, որը պատիժ չի լինի իրենց համար» (Ukraine: Western powers look for a way of punishing Russia without punishing themselves) վերնագրված հոդվածում ընդգծվում է, որ Ռուսաստանին գործնականում պատժելն անհնար է:
«Ինչպե՞ս կարող է որևէ մեկը պատժել Ռուսաստանին՝ առանց ինքն իրեն պատժելու»,- արված հարցադրմանը Petrostrategies-ի մասնագետները պատասխանում են. «Այս հարցին միայն մեկ պատասխան կա, որի շուրջ եվրոպացի առաջնորդները խորհում էին նախորդ շաբաթ` դա անհնար է: Եվրոպական Միության և Ռուսաստանի տնտեսական փոխադարձ կախվածությունն այնքան ուժեղ է, որ երկու կողմերը մեծապես կտուժեն, եթե գնան առևտրային և ֆինանսական առճակատման: Նրանցից ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չի կարող իրեն թույլ տալ խրվել այդ հակամարտության մեջ, քանի որ երկուսն էլ դեռ պայքարում են 2008-2009 թվականների տնտեսական ճահճից դուրս գալու համար և երկուսն էլ ծայրահեղորեն ջանում են խթանել իրենց տնտեսական աճը՝ թեկուզ ամենաչնչին չափով: Ո՛չ Ուկրաինան ցնցած հաջորդական իրադարձությունները, ո՛չ էլ երկու կողմերի համար այդ երկրի յուրահատուկ կարևորությունը կարող են արդարացնել իրենց առանցքային շահերի զոհաբերումը: Դեպի Ղրիմ շարժվող Ռուսաստանի գործողություններին եվրոպական արձագանքը հավանաբար կլինի խորհրդանշական և քաղաքական բնույթի ու սահմանափակ (վիզաների չտրամադրում, հաշիվների սառեցում): Սակայն ներդրողների և գործընկերների շրջանում Ռուսաստանի վստահելիության կորուստը կարող է էական տնտեսական հետևանքներ ունենալ այդ երկրի համար»,- նշված է հոդվածում:
Ինչ վերաբերում է Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներին, ապա Petrostrategies-ի մասնագետները դա քիչ հավանական են համարում և բերում հիմնավորումներ. «Ռուսաստանը մատակարարում է Եվրոպայի կողմից սպառվող գազի 30%-ը (163 մլրդ խմ 2013թ.) և նավթի 32%-ը (օրական 4.2 մլն բարել): Աշխարհում որևէ այլ աղբյուր ի վիճակի չէ փոխարինելու ածխաջրածինները, որ Եվրոպական Միությանը մատակարարում է Ռուսաստանը: Իր հերթին Եվրոպական Միությունը սպառում է Ռուսաստանի կողմից արտահանվող նավթի 56%-ը և գազի 84%-ը: Ռուսների համար աշխարհի որևէ այլ շուկա չի կարող փոխարինել եվրոպական շուկան: Չենք խոսում առևտրային այլ հարաբերությունների, փոխադարձ ներդրումների և ֆինանսական պարտավորությունների մասին: Այս իրավիճակում Մոսկվան մի փոքր առավելություն ունի եվրոպացիների նկատմամբ. թեև նա աշխարհի այլ մասերում չի կարող գտնել գնորդներ, որոնք կարող են փոխարինել Եվրոպայում խողովակաշարերով վաճառվող իր գազի գնորդներին, բայց առնվազն կարող է մասնակի ելքեր գտնել այլ վայրերում վաճառվող նավթի պարագայում: Ռուսաստանը ածխաջրածիններ արտահանող աշխարհի առաջատար պետությունն է թե՛ նավթի, թե՛ գազի առումով, որը մատակարարում է 230 մլրդ խմ գազ տարեկան և 7.5 մլն բարել նավթ՝ օրական: Թեև այն տարեկան 75 մլրդ դոլար է ստանում գազի արտահանումից (ինչը ներկայում Ուկրաինայի պատճառով ուշադրության կենտրոնում է), այն չորս անգամ ավելի շատ գումար է ստանում նավթի արտահանումից՝ տարեկան 300 մլրդ դոլար»:
Հոդվածում նշվում է, որ չնայած երկու կողմում հնչող խիստ հայտարարություններին՝ ակնհայտ նշաններ կան, որ թե՛ Եվրոպայում, թե՛ Ռուսաստանում լուծման ուղիներ են որոնում: «Օրինակ, Եվրոպական Միությունը խոստացել է Ուկրաինային տրամադրել 1.6 մլրդ եվրո, որի մեծ մասը կօգտագործվի Ռուսաստանին ունեցած նրա գազի պարտքը մարելու համար, որպեսզի հնարավոր լինի խուսափել իրավիճակից, երբ գազի ճգնաժամը լինի քաղաքական ճգնաժամի առաջնային հարցը: «Գազպրոմը» հայտարարում է, որ մարտի սկզբի դրությամբ Կիևի պարտքը կազմում է 1.8 մլրդ դոլար, սակայն ի տարբերություն նախկին սովորության, չի սպառնում դադարեցնել գազի մատակարարումները: Ռուսաստանն իր հերթին մեծապես կախված է Ուկրաինայից, որը գազը դեպի Եվրոպա հասցնելու տարանցիկ երկիր է»,- նշում են հոդվածի հեղինակները:
Ղրիմի շուրջ զարգացումների վերաբերյալ նրանք ընդգծում են, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Եվրոպան որևէ միջոց չունեն, որով կկարողանան ներկա փուլում թերակղզին վերադարձնել Ուկրաինային: «Սակայն այս ճգնաժամը կունենա ծանր և երկարատև հետևանքներ՝ անկախ դրա զարգացման ձևերից: Եվրոպական Միությունը կարագացնի գազի և նավթի այլ ուղիների ու աղբյուրների որոնումը»,- եզրակացնում են Petrostrategies-ի մասնագետները:
«Իր հերթին Ռուսաստանն անկասկած կփորձի զարգացնել առևտրային հարաբերություններն ասիական երկրների հետ, հատկապես՝ Չինաստանի և Ճապոնիայի՝ եվրոպական շուկայից իր կախվածությունը թուլացնելու նպատակով: Հնարավոր է՝ արդեն մայիսին Պուտինի՝ Պեկին կատարելիք այցի ընթացքում Ռուսաստանը Չինաստանի հետ կնքի տարեկան 30 մլրդ խմ գազ մատակարարելու մասին պայմանագիր»,- նշում են հոդվածագիրները՝ հավելելով, որ Մոսկվան կշարունակի աջակցել Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգին: Ինչ վերաբերում է Իրանին, ապա Ռուսաստանի և Արևմուտքի միջև աճող հակասությունները նոր հարցականներ են առաջ քաշում:
«Հավանական է, որ Մոսկվան կփորձի բոլոր ոլորտներում խորացնել համագործակցությունը Թեհրանի հետ, այդ թվում՝ ատոմակայաններ կառուցելու հարցում: Իրենց հերթին, եվրոպացիներն ու ամերիկացիները կփորձեն Իրանին հրապուրել համագործացկության հեռանկարներով, եթե Իրանի միջուկային խնդիրը լուծում ստանա»,- եզրակացնում են Petrostrategies-ի մասնագետները:
Civilnet










