Փետրվարի 14-ին ՍիվիլՆեթ կայքում տեղադրվեց իմ պատրաստած ֆիլմը Ադրբեջանի տնտեսական զարգացման և արդյունաբերության նախարար Շահեն Մուստաֆաևի, ավելի ճիշտ` նրա հայաստանյան անցյալի մասին: 26 րոպե տևողությամբ ֆիլմը երեք օրվա ընթացքում դիտեց ավելի քան 30 հազար մարդ: Նախարար Մուստաֆաևը սովորել և ոսկե մեդալով ավարտել է Նոյեմբերյանի հայկական դպրոցը: Սա այն դպրոցն է, որտեղ սովորել եմ նաև ես: Արցախյան պատերազմի նախօրեին Մուստաֆաևը, որը սովորում էր Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում, ընտանիքի հետ հեռացավ Ադրբեջան, ինչպես Հայաստանում բնակվող մյուս շուրջ 180 հազար ադրբեջանցիները: 2008-ին Իլհամ Ալիևը Մուստաֆաևին նշանակեց նախարար:
Այն պահից, երբ այդ ֆիլմը դրվեց կայքում, ես սկսեցի ստանալ հիացական ու վիրավորական բազմաթիվ նամակներ ու զանգեր: Իմ լրագրողական գործունեության ավելի քան 20 տարիների ընթացքում ես գրել եմ շուրջ 3000 հոդված, նկարել երեք ֆիլմ, պատրաստել ավելի քան 1000 ռադիո ռեպորտաժ, հրատարակել երկու գիրք, սակայն իմ գրություններից կամ ռեպորտաժներից որևէ մեկը չէր արժանացել այնպիսի հակասական ու սուր գնահատականների, ինչպիսին եղավ «Ոսկե մեդալակիրը. Շահեն Մուստաֆաև»-ի դեպքում:
Շատերը Ֆեյսբուքով վիրավորական խոսքեր գրեցին: Որևէ մեկին, անգամ նրանց, ում անձամբ ճանաչում եմ, չպատասխանեցի: Սրանք այն մարդիկ են, որոնք ծպտուն չհանեցին, երբ դաժանաբար սպանեցին ռազմական բժիշկ Վահե Ավետյանին, կամ ծեծեցին ու սպանեցին զինվորականներ Բուդաղյան եղբայրներին: Սրանք այն մարդիկ են, որոնց համար Մարտի 1-ը ընդամենը օր է: Սրանք այն մարդիկ են, ովքեր պատրաստ են բաժակ բարձրացնել Նեմեցի ու Լիսկայի հետ: Սրանք այն մարդիկ են, ովքեր պատրաստ են Նեմեցի ու Լիսկայի հետ խմել հայ զինվորի կենացը:
Հունվար և փետրվար ամիսները ես հիմնականում անցկացրել եմ Տավուշի մարզի սահմանային գյուղերում: Ես ման եմ եկել գյուղերում, զրուցել մարդկանց հետ, խոսք բացել պատերազմի և խաղաղության մասին, պատրաստել հոդվածներ ու ռեպորտաժներ: Մուստաֆաևի մասին ես ֆիլմ նկարեցի շատ պատահաբար: Անցնում էի նրա նախկին գյուղով ու մտածեցի՝ լավ պատմություն կարող է լինել, ինչո՞ւ չպատրաստել ռեպորտաժ: Երկու օր նկարեցի ու պարզվեց, որ ռեպորտաժը երկարում ու դառնում է ֆիլմ:
Ֆիլմը դիտած քաղաքացիներից մեկը գրել էր. «Այս ֆիլմը Մուստաֆաևի մասին չէ, այլ սահմանամերձ այդ գյուղի բնակիչների, որոնք բարձր մարդկային որակներով օժտված մարդիկ են: Շատ անկաշկանդ խոսում են իրենց նախկին հարևանի, աշակերտի, ընկերոջ մասին, որին ժամանակին սիրել են և շարունակում են սիրել այնպես, ինչպիսին ինքը կա իրենց հիշողության մեջ: Շահենի ուսուցչուհին նույնիսկ զգույշ էր, որ իր խոսքով չվնասի նրան: Ինչքա~ն առաքինի ոգի կա այդ կնոջ մեջ: Սա Հայկական պետության, հայ հանրության բարոյական բարձր որակների մասին է խոսում: Պետությունները և ազգերը պարտվում են բարոյականության անկումից և ոչ հակառակը: Այդ գյուղացիները իրենց մաշկի վրա զգացել ու զգում են ադրբեջանական միլիտարիզմի հետևանքները: Նրանցից շատերը զենքը ձեռքներին մարտական հերթապահություն են արել, ինչպես շատ սահմանամերձ գյուղերի բնակիչներ»:
Ես առաջին հերթին լրագրող եմ և ամեն օր, ամեն ժամ պատմություններ եմ փնտրում: Ընթերցողների մասին այդ պատմությունները ոմանց կարող են դուր գալ, ոմանց՝ ոչ: Բայց սա է լրագրողի կյանքը և գործը: Երբ ես գրում եմ, որ սահմանամերձ գյուղերը դատարկվում ու ծերանում են, շատերն ինձ քննադատում են, ասելով, թե «ադրբեջանական ջրաղացին ջուր եմ լցնում»: Նման անհեթեթ մեղադրանքներն ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Պետք է գրել ճշմարտությունը, միմիայն ճշմարտությունը և ուրիշ ոչինչ, քան ճշմարտությունը: Իսկ ադրբեջանական ջրաղացին ջուր են լցնում բոլոր նրանք, այդ թվում Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, որոնց իրականացրած սոցիալ-տնտեսական քաղաքականության հետևանքով դատարկվում են Հայաստանի սահմանապահ գյուղերը:
Ադրբեջանական լրատվամիջոցները ևս լայնորեն արձագանքեցին իմ պատրաստած ֆիլմին` նույնպես խիստ հակասական գնահատականներով: Բազմաթիվ լրագրողներ Ֆեյսբուքով փորձեցին ինձ հետ հարցազրույց վարել: Բոլորին մերժեցի: Բաքվի ANS հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր պատրաստել իմ ֆիլմի մասին` շեշտելով, որ հայ լրագրողը նախարար Մուստաֆաևին նախապես չի տեղեկացրել, որ նրա մասին ֆիլմ է պատրաստում: Հումորով արձագանքեցի՝ հանգիստ եղեք, Իլհամ Ալիևը տեղյակ է եղել:
Այս շաբաթներին ու ամիսներին, երբ ես իմ ժամանակի մի մասն անցկացրել եմ հայ-ադրբեջանական սահմանային գյուղերում, գտել եմ նորանոր պատմություններ: Դրանցից մեկը կրկին ադրբեջանցու մասին է: Հավանաբար նոր կարճ ֆիլմ կստացվի: Բայց տեսեք՝ ի~նչ պատմություն է: Սահմանամերձ գյուղում բնակվող հայ տղամարդը ամուսնացել է հարևան գյուղի ադրբեջանուհու հետ: Սկսվել է պատերազմը: Ադրբեջանական կողմից կրակում են գյուղի վրա: Այս ադրբեջանուհու հայ ամուսինը զոհվում է 1992-ին: Հայկական ուժերը հողին են հավասարեցնում ադրբեջանական գյուղը: Զոհված հայ տղամարդու և ադրբեջանուհու որդին կռիվ է գնում ընդդեմ Ադրբեջանի և ոտքը կորցնում Արցախում: Բայց սրանով չի ավարտվում այս մարդկային, ողբերգական պատմությունը: Ադրբեջանուհին պատերազմից առաջ իր դստերը ամուսնացրել էր մի ադրբեջանցու հետ և արդեն ավելի քան 25 տարի նրանից որևէ տեղեկություն չունի, քանի որ դուստրն Ադրբեջանում է: Նա որևէ տեղեկություն չունի նաև իր եղբայրների մասին, որոնց նույնպես թողել է Ադրբեջանում:
Մեկը պիտի՞ գրի այս մասին, թե՞ ոչ: Դո՛ւ, ընթերցո՛ղ, ի՞նչ ես կարծում:
Թաթուլ Հակոբյան











