Գլխավոր Լրահոս

Հայաստանը Գյուլնազ տատի և «Ոսկե ձկնիկի» պառավի արանքում

Վարչապետը «Դեմ եմ»-ի տղաներին հրավիրել է երկխոսության: Վարչապետն ասում է, որ շարժման հիմքում երիտասարդ տղաներ են: Շարժումն ընդգրկում է ամբողջ երկիրը, իսկ Տիգրան Սարգսյանը դեռ մտածում է, թե նրանք «հիմնականում երիտասարդ են»: Եվ հրավերի տեքստը ավարտում է այսպես` հուսով ենք «Դեմ եմ»-ը կվերածվի «Հանուն»-ի:

Հասկանո՞ւմ եք: Ուզում է ասել՝ անփորձ, չհասկացող տղերք են, նրանց պիտի բացատրել, թե ինչն ինչոց է: Հրավերի էությունը կուտակայինին ընդդիմացողների չեզոքացումն է: Այսինքն՝ ոչ թե լսել տղաների փաստարկները, այլ շարադրել իրենը: Ոչ թե թույլ տալ, որ քաղաքացիական հասարակությունը հասնի հաջողության, այլև հերթական անգամ ապավինել, որ շարժման գլխին «Գյուլնազ տատի խալխն» է, որին մի քանի հեքիաթը բավարար կլինի «Հանուն» շարժում դառնալու համար: Պարզ սնոբիզմի հետ գործ ունենք: Խելք է ուզում ցուցադրել: Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարում չկարողացավ այդ խելքը ցուցադրել, երբ հայտարարեց, որ 80 տոկոսը դեմ է, ինքն ուզում է ցուցադրել՝ երկխոսության հրավիրելով «Դեմ եմ»-ի «հիմնականում երիտասարդներին»:

Բացառիկ է այս մարդը: Իր կառավարման ընթացքում արձանագրել է միայն մեկ հաջողություն` ամրագոտիների մշակույթը, և այդ օրվանից երկիրը քամում է ու քամում: Մարսեց «Նաիրիտը», կարծես թե մարսել է Որոտանը ու նրան թվում է, թե ամեն ինչ մարսելով է: Այն, որ ոչ ոք չի ուզում իր աշխատավարձի 5 տոկոսը 40-45 տարվա հեռանկարով տալ ինչ-որ կուտակային հիմնադրամների, նրան հետաքրքիր չէ: Ավելի ճիշտ, հետաքրքիր է, քանի որ ինքն ու Սերժ Սարգսյանը հենց այն մարդիկ են, որոնք իմանալու են այդ փողերի տեղը, իսկ դրանց իրական տերերը, այսինքն՝ ՀՀ քաղաքացին՝ ոչ:

Տիգրան Սարգսյանին ասվել է` 80 տոկոսը դեմ է, սա էլ մտածել է, թե 80 տոկոսին գեներացնում է «Դեմ եմ» շարժումը: Այո՛, տղաներ են, այո՛, դեմ են, այո՛, գիտեն ինչու են դեմ և ինչ են ուզում: Բայց 80 տոկոսը նրանք չեն, ընկեր: 80 տոկոսը երկիրն է, որը օրինական ոչ մի գործողություն ձեր կատարմամբ չի տեսել: Հետևաբար, խնդիրը ոչ թե օրենքի կամ տղաների անհասկացողության մեջ է, այլ` ձեր: Ձեզ չեն վստահում: Մարդն ասում է՝ 80 տոկոսը դժգոհ է պարտադիր կուտակայինից: Նշանակում է` երկխոսությունը չի փրկի նույնիսկ 100 տոկոսի հետ: Որովհետև պարտադիր կուտակային ներդնելուց առաջ դուք բազում այլ խոստումներ չեք կատարել ու պատասխան չեք տվել: Պարտավորվել էիք, չէ՞, 2013-ին 7 տոկոս տնտեսական աճ ապահովել: Հիմա դեռ մտմտում եք, թե ոնց տակից դուրս գաք: Մինչդեռ պետք էր հրաժարական տալ:

ՍԴ-ն, արդեն գրեթե կասկած չկա, սահմանադրական չի ճանաչելու պարտադիր կուտակայինի օրինագիծը: Դա նշանակում է, որ օրենքը ներդնելիս Սահմանադրություն եք ոտնահարել: Հրաժարականի ևս մեկ պատճառ: ԱԺ հանձնաժողովը պարզելու է, որ խաբեությամբ և կառավարության անգրագիտության պատճառով է ՀՀ քաղաքացին հենց այնպես 300 միլիոն դոլար նվիրաբերել ռուսներին գազային գործարքի շրջանակներում: Իսկ հրաժարականը չկա ու չկա: Ինչո՞ւ. որովհետև Սերժ Սարգսյանը ռիսկ չի անի ԱԺ ընդդիմադիր ուժերի նախաձեռնած կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացին զուգահեռ պաշտոնանկ անել Տիգրան Սարգսյանին: Չէ՞ որ ՀՀԿ-ում տղաներ են հավաքված, ո՞նց կարող են թույլ տալ, որ ընդդիմությունը մտածի, թե ինքը հաղթեց: Այսինքն, սնոբիզմի ևս մեկ դրսևորում:

Ու մենք ոչ միայն «Գյուլնազ տատ»-երի գերին ենք, այլև մի բանի, որն ավելի հայտնի է «Ոսկե ձկնիկի պառավի» սինդրոմ եզրույթով: Այս պառավը, հիշում եք, ծակ ախորժակ ուներ, ուզում էր ունենալ ամեն ինչ: Այս սինդրոմը հայտնի է նրանով, որ ագահությունը չի հագենում, սակայն հագեցման պրոցեսը պարտադիր է: Ֆիզիկապես կարո՞ղ եք պատկերացնել այդ հիպերնատուրալիստական դիրքը` Հայաստանը Գյուլնազ տատի և «Ոսկե ձկնիկի» պառավի արանքում: Գյուլնազ տատի հեքիաթների իմաստը հո երեխա կրթելը չէր, երեխային անզգայացնելն էր, այսինքն, քնին մղելը: Այսօր այդ անզգայացմանն անվանում են երկխոսություն:

Մինչև հիմա հեքիաթը մենախոսում էին ու տեղ չէր հասնում: Հիմա որոշել են «երկխոսել» մարդկանց աչքերի մեջ նայելով: Պետք է ենթադրել, որ մեր երկիրը ղեկավարում են մարդիկ, որոնք կամ տատիկ չեն ունեցել, կամ ամեն ինչ սովորել են միայն «Ոսկե ձկնիկի» պառավից:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում