«Նաիրիտ գործարանի» աշխատակիցների բողոքի ցույցը նախագահի նստավայրի դիմաց։
Հայաստանի քիմիական հսկայի՝ «Նաիրիտ գործարանի» աշխատավարձերը վճարվում են վարկերի, տարբեր կազմակերպություններից ներգրավվող միջոցների հաշվին։ Այս մասին մարտի 19-ին լրագրողներին ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Նախարարը վստահեցրեց, որ վարկերը գործարանին տրվում են առանց բյուջետային երաշխիքների։ Մովսիսյանը խոստացավ նաև շուտով նշել, թե ինչպես են մարվելու «Նաիրիտի» պարտքերը։
«Նաիրիտի» պարտքը, տարբեր գնահատականներով, կազմում է $150-200 մլն, որի զգալի մասը գործարանը պարտք է ԱՊՀ Միջպետական բանկին։ Գործարանը սեփական կարիքների համար 2009թ. Միջպետական բանկից 8,5% տոկոսադրույքով և մինչև 2019թ. մարման ժամկետով ներգրավել է 35,5 մլրդ դրամի ($95 մլն) վարկային միջոցներ։ «Նաիրիտը» Միջպետական բանկին պարտավորվել է վճարել նաև $25,183 մլն՝ որպես օֆշորային Rhinoville Property Limited-ի (որին պատկանում է «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ը) երաշխավոր։
«Նաիրիտ» գործարանը արդեն չորս տարի է, ինչ մատնված է պարապուրդի, սակայն տեխնոլոգիական գործընթացները պահպանելու, ինչպես նաև աշխատակիցների վարձատրության համար օրական շարունակում է մոտ 3 մլն դրամի պարտք կուտակել. միայն աշխատավարձային ամսական ֆոնդն այստեղ մոտ $1 մլն է։ Գործարանի աշխատակիցները պարբերաբար նախագահի նստավայրի, Ազգային ժողովի և կառավարության դիմաց կազմակերպում են բողոքի ցույցեր՝ պահանջելով վճարել իրենց մոտ 15-ամսվա աշխատավարձերը։
Civilnet










