Թալին-Լանջիկ (մոտ 18,7 կմ) և Գյումրի-Լանջիկ (27 կմ) ճանապարհահատվածների շինարարությունը ֆինանսավորվելու է երկու տարբեր ֆինանսական կառույցների՝ Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից։
«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի «Տրանշ-3»՝ Թալին-Գյումրի 46 կմ ճանապարհահատվածի շինարարության կապալառուի միջազգային մրցույթը կհայտարարվի առաջիկա մեկուկես ամսվա ընթացքում։ Այս մասին լրագրողներին մարտի 19-ի կառավարության նիստից հետո ասաց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։
Հայտարարվելու է երկու մրցույթ՝ Թալին-Լանջիկ (մոտ 18,7 կմ) և Գյումրի-Լանջիկ (27 կմ) ճանապարհահատվածների համար, քանի որ աշխատանքները ֆինանսավորվելու են երկու տարբեր ֆինանսական կառույցների՝ Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից։
Անդրադառնալով հարցին թե, երբ է նախատեսվում վերսկսել «Տրանշ 1» (Երևան-Աշտարակ՝ 11,7 կմ և Երևան-Արտաշատ՝ 19,6 կմ) և «Տրանշ 2» (Աշտարակ-Թալին 41,9 կմ) ծրագրերով շինարարական աշխատանքները, նախարարն ասաց, որ նախապատրաստական աշխատանքները սկսել են այս տարվա փետրվարի 20-ից։
«Եղանակային պայմանները թույլ չէին տալիս սկսել բետոնացման աշխատանքները, քանի որ բետոնացման համար անհրաժեշտ է, որ 24 ժամ օդի ջերմաստիճանը գոնե լինի առնվազն +7 աստիճան»,- ասաց նախարարը, հավելելով, թե մինչև մարտի 18-ը նման ջերմաստիճան չի եղել։ Այդուհանդերձ, արդեն սկսվել են բետոնացման նախապատրաստման աշխատանքները, և եղանակի կայունացումից հետո կսկսվի բուն բետոնացումը։
Հարցին, թե հայկական կողմը գոհ է արդյոք կապալառու իսպանական Corsan Corviam Construccion S.A ընկերություն կատարած աշխատանքներից, նախարարը նշեց, որ սկզբնական փուլում բացահայտվել են մի շարք թերացումներ, որոնք սակայն վերացվել են, և ներկայում պատվիրատուն գոհ է որակից։
Ի սկզբանե նախատեսված էր, որ Թալին-Գյումրի 46 կմ ճանապարհահատվածի համար «Տրանշ 3»-ով Ասիական զարգացման բանկը պետք է հատկացներ $180 մլն։ Սակայն հայկական կողմը Հյուսիս-Հարավում ներգրավեց նաև Եվրոպական ներդրումային բանկին, որը €60 մլն հատկացրեց Գյումրի-Լանջիկ 27-կիլոմետրանոց հատվածի վերակառուցմանը։ «Տրանշ 3»-ով նախատեսված մյուս՝ Թալին-Լանջիկ մոտ 18,7 կմ հատվածը իրականացվելու է ԱԶԲ-ի 100 մլն դոլար վարկային միջոցներով։
ԱԶԲ-ն Հայաստանին «Տրանշ 3»-ով նախատեսված միջոցները կարող էր տրամադրել դեռևս 2012թ. դեկտեմբերին, ինչին կհաջորդեր շինաշխատանքների մեկնարկը, սակայն հայկական կողմի հետ տարաձայնությունների պատճառով պայմանագիրը ստորագրվեց միայն այս տարվա մարտի 11-ին։
Եթե հաշվի առնենք նախորդ երկու տրանշերի փորձը, ապա Թալին-Գյումրի ճանապարհահատվածում աշխատանքները, ընդ որում նախապատրաստական, լավագույն դեպքում կարող են սկսվել այս տարվա չորրորդ եռամսյակում։
«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ծրագիրը նախատեսվում էր սկսել 2009թ. և ավարտել 2017թ.։ Ճանապարհը պետք է ունենա 556 կմ երկարություն (Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա)։ Ասիական զարգացման բանկը այս ծրագրի համար 32 տարով և լողացող տոկոսադրույքով հաստատել է 500 մլն դոլար վարկային միջոցներ՝ կառավարության 462 մլն դոլար համաֆինանսավորման պայմաններում։
Civilnet










