Արդյունաբերության ոլորտում երկրորդ ամիսն է, ինչ արձանագրվում է անկում։ Հունվար-փետրվարին ոլորտում գրանցվել է 4,1% անկում, հունվարին այն 3,3% էր։
Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2014թ. փետրվարին» հրապարակման՝ այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանում տնտեսական ակտիվությունը կազմել է 2,4%. միայն փետրվարին, 2013թ. նույն ամսվա համեմատ, տնտեսական ակտիվությունը կազմել է 3,2%։ Ըստ ԱՎԾ-ի տվյալների՝ հունվար-փետրվարին տեղի է ունեցել տնտեսական ակտիվության արագացում (հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 1,6%)։
ԱՎԾ-ի փետրվարի հրապարակման համաձայն՝ հունվարին տնտեսական ակտիվությունը կազմել էր 1,8%, այնինչ մարտյան հրապարկման մեջ արդեն ամրագրված է 1,6% ցուցանիշը։ Պարզ ասած, վիճակագիրները վերահաշվարկ են կատարել, և ստացվել է, որ հունվարին տնտեսությունն ավելի դանդաղ է աճել, քան մինչ այս (փետրվարին) էին կարծում։ Նվազեցնելով հունվարի տնտեսական ակտիվության իրական ցուցանիշը, վիճակագիրներն ապահովել են հունվար-փետրվարի տնտեսական ակտիվության առաջանցիկ աճ՝ հունվարին արձանագրված ցուցանիշը մասնակիորեն տեղափոխելով փետրվար։
ԱՎԾ-ի միջամտությունը իրական տնտեսությունում խնդիրները չի քողարկել։ Այսպես, արդյունաբերության ոլորտում երկրորդ ամիսն է, ինչ արձանագրվում է անկում։ Հունվար-փետրվարին ոլորտում արձանագրվել է 4,1% անկում, հունվարին այն 3,3% էր։
Արագացել է նաև էլեկտրաէներգիայի արտադրության կրճատման տեմպը։ Եթե հունվարին էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 0,3%-ով, ապա հունվար-փետրվարին՝ 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ, արդեն 4,4%-ով։
Արտաքին առևտրաշրջանառության ծավալները հունվար-փետրվարին կրճատվել են 5,2%-ով՝ կազմելով $819 մլն։ Սա տեղի է ունեցել թե՛ ներկրման, թե՛ արտահանման ծավալների կրճատման պատճառով։ Հաշվետու ժամանակահատվածում ներմուծումը կրճատվել է 6,7%-ով ($601 մլն), արտահանումը՝ 3,2%-ով (մինչև $218 մլն)։ Արտահանման տեմպը հունվարին որոշակի աճ էր գրանցել։
Տնտեսության մյուս ոլորտներում, այդ թվում՝ շինարարությունում, ԱՎԾ-ն արձանագրել է աճ։ Գյուղատնտեսության ոլորտում այս տարվա երկու ամիսներին աճը կազմել է 4,9%, իսկ շինարարությունում՝ 1,2%-ով: Ծառայությունների ոլորտի աճը կազմել է 3,8%։ Վերջինը զգալիորեն պայմանավորված է հունվարի ցուցանիշի՝ դեպի նվազում 0,8 տոկոսային կետ ճշգրտումով։ Պարզ ասած, հունվարին իրականում արձանագրված աճի ծավալներն արհեստականորեն նվազեցվել են և տեղափոխվել են փետրվար։
Ուշագրավ է, որ Հայաստանում 4,6% գնաճի և միջին ամսական անվանական աշխատավարձերի 6,5% աճի պայմաններում առևտրի շրջանառությունը հունվար-փետրվարին ավելացել է 4,4%-ով։ Այս ընթացքում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 156,3 հազ. դրամ. պետական համակարգում ամսական միջին աշխատավարձը կազմել է 136,5 հազ. (աճը՝ 5,3%), մասնավոր հատվածում՝ 185,9 հազ. դրամ (աճը՝ 8%)։
Civilnet










