«Ֆինանսական շուկան պետք չէ զարգացնել ապագա կենսաթոշակառուների հաշվին՝ ռիսկի ենթարկելով նրանց միջոցները։ Զարգացման այլ ճանապարհներ կան՝ կոռուպցիոն ռիսկերի կրճատում, բանկային համակարգի նկատմամբ բնակչության վստահության բարձրացում և այլն»,- ասում է Արա Խանջյանը:
Կալիֆոռնիայի Վենտուրա քոլեջի պրոֆեսոր, տնտեսագետ Արա Խանջյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում մատնանշում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ռիսկերը:
-Պարոն Խանջյան, ըստ Ձեզ՝ Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ բացասական տրամադրություններն առավելապես ինչո՞վ են պայմանավորված՝ տնտեսության և իշխանությունների նկատմամբ անվստահությա՞մբ, թե՞ համակարգի թերություններով։
- Երկու գործոններն էլ դեր ունեն։ Նախ, այս համակարգը բավական ծայրահեղ համակարգ է։ Աշխարհում միայն մի քանի երկիր կա, օրինակ՝ Չիլին, Մեքսիկան, Սալվադորը, որտեղ աշխատակիցների ապագա թոշակները ձևավորվում են պարտադիր կուտակային համակարգի միջոցով։ Բոլորը պետք է հասկանան, որ սա ծայրահեղ համակարգ է։ Երկրորդն այն է, որ պարտադիր կուտակային համակարգը բավական խոցելի է, քանի որ մեծ են ֆինանսական ռիսկերը, և այդ ռիսկերը տեսնող քաղաքացիները դեմ են արտահայտվում այս համակարգին։ Օրինակ, Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի զարգացած երկրների քաղաքացիները գիտակցում են ֆինանսական այդ ռիսկերը, քանի որ տնտեսական ճգնաժամի դեպքում ֆինանսական շուկաներում ևս անկում է լինում, և նման պայմաններում քաղաքացիների կուտակած միջոցները նվազում են։
Հայաստանի դեպքում աշխատակիցները ստիպված են աշխատավարձից 5%-ը պարտադիր վճարել կենսաթոշակային ֆոնդերին: Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմաններում աշխատակիցների համար այդ 5%-ի վճարումը դժվար է, քանի որ տեղի է ունենում եկամուտների կրճատում։ Ֆինանսական շուկաների ռիսկն այն է, որ մինչև կենսաթոշակային տարիքին հասնելը, հնարավոր է՝ քաղաքացին բավարար միջոցներ կուտակած չլինի և արժանապատիվ կենսաթոշակ չստանա։
-Բայց չէ՞ որ ցանկացած բարեփոխում ռիսկեր է պարունակում։ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հիմնավորումներից են, օրինակ, որ Հայաստանը ծերացող երկիր է, և կուտակային համակարգն այլընտրանք չունի, որ նոր համակարգը հնարավորություն կտա ձևավորել երկար փողեր և ուղղել տնտեսության զարգացմանը։
-Միայն Հայաստանում չէ, որ ծերացման խնդիր կա։ Եվրոպական բազմաթիվ երկրներ ևս ծերացող են, բայց նրանք նման ծայրահեղ համակարգ չեն ներդնում։ Ծերացող ժողովրդի մարտահրավերներին կարելի է տարբեր եղանակներով դիմագրավել։ Այս ծայրահեղ համակարգի ներդրումն արդարացված չէ, քանի որ, ինչպես նշեցի, կենսաթոշակային բազմաթիվ այլ մոդելներ կան։ Միակ մոդելը, որ Հայաստանում անցած ութ տարիներին քննարկվել է, պարտադիր կուտակայինն է։ Մինչդեռ պետք է ներկայացվեին կենսաթոշակային մի քանի մոդելներ, և դրանց շուրջ ընթանային քննարկումներ, բանավեճեր, և այդ ամենի արդյունքում քաղաքացիները, պատգամավորները, իշխանություններն ընտրեին Հայաստանի համար ամենաընդունելի տարբերակը։ Բայց դա տեղի չի ունեցել, և ներկայում հանրությանը ներկայացվել է ընդամենը մեկ տարբերակ՝ պարտադիրը, և ընտրության հնարավորությունը սահմանափակվել է։
-Իսկ կարո՞ղ եք նշել այլընտրանքային այն մոդելը, որի դեպքում կենսաթոշակային տարիքի և հարկերի բարձրացում կարող է տեղի չունենալ։
-Կրկնեմ՝ պարտադիր կուտակային համակարգի հիմնական ռիսկը ֆինանսական շուկաների ռիսկն է: Այդ իսկ պատճառով գրեթե բոլոր երկրները ստեղծում են կենսաթոշակների հավասարակշռված համակարգ, որում առկա է պետական կենսաթոշակային համակարգը և որոշ չափով՝ կուտակայինը։ Հայաստանի դեպքում 100 տոկոսով պարտադիր կուտակային համակարգի առկայությունը մտահոգիչ է։ Օրինակ, ինչո՞ւ այլ երկրներ չեն որդեգրել 100 տոկոսանոց պարտադիր կուտակային համակարգ։ Խնդիրն այն է, որ այդ երկրներում գիտակցում են ֆինանսական ռիսկը։ Հայաստանի դեպքում անցած ութ տարիներին այս համակարգի ներդրման հիմնական ջատագովը եղել է Կենտրոնական բանկը, որը ցանկանում է դրանով զարգացնել ֆինանսական շուկան։ Այդ շուկան պետք չէ զարգացնել ապագա կենսաթոշակառուների հաշվին՝ ռիսկի ենթարկելով նրանց միջոցները։ Զարգացման այլ ճանապարհներ կան՝ կոռուպցիոն ռիսկերի կրճատում, բանկային համակարգի նկատմամբ բնակչության վստահության բարձրացում և այլն։
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է կառավարությունը վճռական պարտադիր կուտակային համակարգի ներդրման հարցում:
-Ինչպես նշեցի, ութ տարի առաջ այս համակարգի ներդրման գաղափարը առաջ քաշեց Կենտրոնական բանկը, այլ ոչ թե աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ ԿԲ-ի պաշտոնյաներն այս համակարգի միջոցով ցանկանում էին զարգացնել ֆինանսական շուկան։ Հետագայում Տիգրան Սարգսյանը նշանակվեց վարչապետ, Ներսես Երիցյանը՝ էկոնոմիկայի նախարար, և պարտադիր կուտակային այդ համակարգը մշակած թիմը ագրեսիվ սկսեց դրա ներդրման գործընթացը։ Կարծում եմ՝ եթե ԿԲ-ի այդ թիմը դուրս գա կառավարությունից, ապա համակարգի ներդրման ճնշումները զգալիորեն կթուլանան։ Այս համակարգի դեմ է հասարակության զգալի հատվածը, քաղաքական ուժերը, Հայաստանի երկրորդ նախագահը: Համակարգին կողմ է մարդկանց ընդամենը մի փոքր խումբ։
Զրուցել է Արմենակ Չատինյանը
Տեսանյութը՝ այստեղ:
Civilnet










