Թուրքիայում արգելափակվել է Twitter-ը

Թուրքիայում մարտի 20-ի երեկոյան արգելափակվել է Twitter սոցիալական ցանցի մատչումը, հաղորդում է կիսապաշտոնական գործակալության համբավ ունեցող Anadolu գործակալությունը: Twitter-ի արգելափակման մասին հայտարարել է Թուրքիայի հեռահաղորդակցության վարչությունը, ըստ որի` թուրքական մի քանի դատարաններ, քննելով Թուրքիայի քաղաքացիների բողոքները, որոշում են ընդունել արգելափակել Twitter-ի մատչումը երկրում: Թուրքիայի հեռահաղորդակցության վարչությունը հայտնում է, որ քաղաքացիների բողոքների համաձայն` Twitter-ում խախտվում է անձնական կյանքի և գաղտնիության իրավունքը:
Սակայն Թուրքիայում ոչ կառավարական լրատվամիջոցներն այս որոշումը պայմանավորում են Twitter-ի նկատմամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշմամբ: Zaman-ը մասնավորապես գրում է, որ մարտի 20-ին Բոդրումում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ Էրդողանը տվել է Twitter-ի փակման ազդանշանը` հայտարարելով. «Twitter-ն արմատախիլ ենք անելու: Դրանք ազատության հետ որևէ կապ չունեն: Ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ կասի միջազգային հանրությունը»: Էրդողանի այս հայտարարությունից շատ չանցած՝ դադարեցվել է Twitter-ի մատչումը Թուրքիայում:
Նման որոշումը մեծ դժգոհություն է առաջացրել ինչպես Թուրքիայի բնակչության, այնպես էլ միջազգային հանրության շրջանում: Մասնավորապես` խիստ հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպական հանձնաժողովը՝ Թուրքիայի նման որոշումը որակելով «անիմաստ ու անտեղի»:
Twitter-ի օգտատերերն արդեն մատնանշում են երկու ճանապարհ, թե ինչպես է հնարավոր շրջանցել արգելքն ու մուտք գործել Twitter:
Թուրքիայում ոչ կառավարական լրատվամիջոցները գրում են, որ Էրդողանը ինտերնետն ու հատկապես սոցցանցերը համարում է ընդդիմադիր տրամադրությունների հիմնական օջախներ: Թուրքիայում ավելի վաղ հայտարարվել էր ինտերնետի սահմանափակման մասին, ինչը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել երկրում: Ավելի ուշ Էրդողանը չբացառեց նաև Facebook-ի և Youtube-ի փակումը:
Միաժամանակ` վերջին շրջանում համացանցում են հայտնվում գաղտնալսված հեռախոսազրույցների ձայնագրություններ, որոնք վերագրվում են Էրդողանին: Ընդդիմադիր մամուլի պնդմամբ` ձայնագրությունները վկայում են այն մասին, որ Էրդողանը խիստ վերահսկողություն և գրաքննություն է սահմանում մամուլի վրա:
Տեղադրություն
Civilnet










